ԱՄՆ օգնության վերացումն առաջին ազդանշանն էր - Mediamax.am

ԱՄՆ օգնության վերացումն առաջին ազդանշանն էր
2422 դիտում

ԱՄՆ օգնության վերացումն առաջին ազդանշանն էր


10 մլն դոլարը փոքր գումար չէ Արցախի համար, այն երկրի տարեկան բյուջեի 6-7 տոկոսին է հավասար: Վերջին տարիներին մոտավորապես այդքան գումար էր տրամադրում ԱՄՆ Կոնգրեսն Արցախին: Բայց գումարի չափից կարեւոր էր հենց հատկացման փաստը: ԱՄՆ-ը Հայաստանից բացի միակ երկիրն էր, որ պետական մակարդակով աջակցում էր չճանաչված Արցախի Հանրապետությանը:

Եվ իրոք, արժեր աջակցել մի երկրի, ով իրականացնում էր ժողովրդավարական բարեփոխումներ, ընդունում համապատասխան Սահմանադրություն եւ օրենսդրություն, որտեղ կար ընդդիմություն, ազդեցիկ անկախ թերթ, որտեղ ընդդիմության թեկնածուն կարող էր ընտրվել մայրաքաղաքի քաղաքապետ (եզակի դեպք Հարավային Կովկասում), մրցակցային նախագահական ընտրություններ: ԱՄՆ հատկացումներն էլ հենց այս երեւույթների խրախուսումն էին:

Գոնե արտաքնապես սա շատ գեղեցիկ էր եւ եթե նույն ոգով զարգանային իրողությունները` կկարողանայինք լուրջ փոփոխությունների հասնել նաեւ ներսում, մարդկանց խորհրդային ուղեղներում (ամենադժվար գործը):

Սակայն ստացվեց այնպես, որ 2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո նույնիսկ ընդդիմություն չունեցանք, քննադատությունն էլ, ինչ ձեւով ու ում կողմից էլ լիներ` պատժելի երեւույթ դարձավ: Արդյունքում Արցախը, Ադրբեջանի նման, հայտնվեց ոչ ազատ երկրների շարքում: 7 տարվա մեջ առաջին անգամ:

Freedom House-ի զեկույցին Արցախում հետաքրքիր ձեւով արձագանքեցին: Իրավապաշտպան կազմակերպությունը համարեցին վարկաբեկված կառույց, հին հայկական սովորության համաձայն հիշեցին ամերիկացիների կողմից հնդկացիների ցեղասպանության, Գուանտանամոյի բանտի եւ այլ թեմաների մասին: ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն էլ հայտարարեց, որ ամերիկյան խորհրդարանում նույնպես ընդդիմություն չկա` դրա դասական առումով:

ԱՄՆ օգնություն էր ցույց տալիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին, ով կարողացել էր բոլորի համար ընդունելի նորմերի հիման վրա ինքնակազմակերպվել: Այսօր ԱՄՆ չի օգնում Արցախին, որովհետեւ շեղվել ենք այդ նորմերից, որդեգրել աշխարհի կողմից մերժելի վարքագիծ:

Freedom House-ի զեկույցի կապակցությամբ մտահոգություններս հայտնեցի մի բարձրաստիճան ընկերոջ: Մեջբերեցի Սերժ Սարգսյանի 2010 թ. փետրվարին Մեծ Բրիտանիա  այցի ժամանակ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթթըմ Հաուս»-ում ասածը. “Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ հեղինակավոր «Ֆրիդըմ Հաուս» կազմակերպությունը իր «Ազատությունն աշխարհում» զեկույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասում է աշխարհի մասամբ ազատ ժողովրդավարության երկրների շարքը, մինչդեռ Ադրբեջանը նույն դասակարգման համաձայն համարվում է անազատ: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են…”

Վերջինս պատասխանեց. “Մի’ անհանգստացիր, մասամբ ազատ էինք, հիմա դարձանք ոչ ազատ: Հետո՞ ինչ: Սարգսյանը այդպես էր ասել, էլ չի ասի: Ոչինչ էլ չի լինի”:

Կլինի, պարոնայք: Ամերիկյան ֆինանսական օգնության վերացումն առաջին նկատելի ազդանշանն էր:

Ուշքի եկե’ք…

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին