Ինչու՞ սփյուռքի գումարները չեն հոսում Արցախ - Mediamax.am

Ինչու՞ սփյուռքի գումարները չեն հոսում Արցախ
2225 դիտում

Ինչու՞ սփյուռքի գումարները չեն հոսում Արցախ


Վերջերս “Արցախի ներդրումային հիմնադրամի” գրքույկներից մեկն էր ձեռքս ընկել, որտեղ Արցախի ներդրումային դաշտի գրավչությունն էր ներկայացված: Այնքան գեղեցիկ էր ամեն բան նկարագրված, որ խիստ ափսոսացի բիզնեսմեն չլինելու համար: Ի~նչ մեծ սիրով ներդրում կանեի ես Արցախում:

Մի քանի օր առաջ հայաստանյան խոշոր գործարարներից մեկի հետ շփվելու առիթն ունեցա: Հետաքրքրվեցի, թե՞ ինչու ներդրումներ չի անում Արցախում, չէ՞ որ հրապուրիչ պայմաններ կան: Մեջբերեցի վերոնշյալ գրքույկը: Գործարարն ասաց, որ որեւէ երկրում ներդրում անելու համար ինքը երբեք չի օգտվում նմանատիպ գրքույկներից, պաշտոնյաների հավաստիացումներից, նույնիսկ հարկային դաշտը չի ուսումնասիրում: Ինքն ուղղակի բիզնես ծավալելու պայմանների մասին հարցնում է տվյալ երկրում աշխատող իր գործընկերներին: Օրինակ բերեց Վրաստանը, վերջին ժամանակներս հայկական կապիտալի արտահոսքն այս երկիր: Նույնպես կային գրքույկներ եւ ֆիլմեր, հայ գործարարներին հստակ հավաստիացումներ Սահակաշվիլիի մակարդակով, բայց հայկական բիզնեսը մեծ թափով Վրաստան գնաց միայն որոշ հայ գործարարների տված տեղեկատվության հիման վրա:

“Խաղի կանոններն այնտեղ հստակ են, հարկերից խուսափելու կամ խաբելու կարիք չկա”,-եզրափակեց զրուցակիցս:

Օրերս կարդացի, որ Սիրիայում անկայունության հետեւանքով այս երկրից արդեն 20 մլրդ դոլար է հոսել հարեւան Լիբանան: Սիրիայում կա կուռ հայկական համայնք, հայերն այս երկրում հաջողությամբ բիզնեսով են զբաղվում` ծառայությունների ոլորտից մինչեւ արտադրություն: Ինչու՞ հայկական միլիարդները չեն հոսում Արցախ ու Հայաստան:

Եվ ոչ միայն Սիրիայից: Ինչու՞ անկախության 20-րդ տարում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ գործարարն իր գումարն ու ձիրքը չի ներդնում Արցախում կամ ավելի ճիշտ` ինչու՞ է համապատասխան ինֆորմացիան բացասական:

“Մեր մենթալիտետն ուրիշ է”,- կասեր հայաստանյան ղեկավար այրը: Այո´, ըստ այս պարոնի ու իր նմանների մենթալիտետի` մասնավոր սեկտորը վտանգավոր է, քանզի ստեղծում է իշխանություններից ֆինանսական կախում չունեցող զանգված: Հետևաբար` այդ մասնավորը կամ չպետք է լինի, կամ պետք է լինի իշխանություններինը:

Ես շատ մտերիմներ ունեմ, տարբեր բնագավառներից, որոնց մտածելակերպը էապես տարբերվում է վերոնշյալ պարոնի մենթալիտետից:

Կարո՞ղ է մենք ուրիշ ենք:

Իսկ միգուցե՞ այս պարոնն ու իր նմաններն են ուրիշ:

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին