Արցախյան «политкорректность» - Mediamax.am

Արցախյան «политкорректность»
2675 դիտում

Արցախյան «политкорректность»


Քիչ թե շատ նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրներում, որտեղ կա քաղաքական տրամաբանություն եւ քաղաքական կյանք, կարեւոր դեր է վերապահված քաղաքական, պետական գործիչների հերթագայությանը: Իշխող կուսակցության պարտության դեպքում, հանձնելով կարեւոր պաշտոնները, նախկին պաշտոնյաները սահուն անցում են կատարում դեպի վերլուծական կենտրոններ եւ համալսարաններ: Այստեղ նրանք սպասված են` իրենց փորձառությամբ նոր շունչ հաղորդելու համար, միեւնույն ժամանակ հենց այդ նախկին պաշտոնյաներն ունեն  համալսարանական, վերլուծական շրջանակների կարիքը` աշխարհում շրջանառվող նոր տեսություններին ծանոթանալու, համաշխարհային մտքի զարկերակը զգալու համար: Սա կարեւոր գործոն է:

Ամենօրյա օպերատիվ աշխատանքը լցնում է մարդու օրը, խիստ ծանրաբեռնված պաշտոնյաները ընդհանրապես ժամանակ չեն ունենում ընթերցել, էլ չեմ ասում յուրացնել նոր տեսությունները, զգալ համաշխարհային նոր միտումները: Համալսարանական, վերլուծական «ռելաքսը» բավականին օգնում է այս անձանց` վերանայելու իրենց գործունեությունը նոր իրողությունների լույսի ներքո, գաղափարապես հզորացնելու իրենց կուսակցությունները եւ պատրաստվելու կրկին քաղաքականություն վերադառնալու եւ նոր պաշտոններ զբաղեցնելու: Պետական գործիչների հերթագայության հրաշալի համակարգ ունեցող երկրներից կարելի է հիշել, օրինակ, ԱՄՆ, որտեղ այս գործընթացը տեղի է ունենում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների հերթագայության միջոցով:

Հայաստանի Հանրապետությունում եւս այս գործընթացը մասնակի կատարվում է: Այնքանով, ինչքանով նախկին իշխանության կարող ուժերը արգելքներ չունեն համալսարաններ, տարբեր կենտրոններ մտնելու առումով: Սակայն շատ հաճախ ՀՀ-ում նկատվում է կադրերի լճացում` տարբեր պաշտոնների երկարատեւ մնալու հետեւանքով: ՀՀ-ում հերթագայությունը մեծամասամբ ոչ թե պաշտոն-համալսարան/վերլուծական կենտրոն-պաշտոն տրամաբանությամբ է տեղի ունենում, այլ գործադիր-օրենսդիր-գործադիր տրամաբանությամբ: Արդյունքում 1990-ականներին պետական համակարգ մտած շատ փայլուն ուղեղներ այդպես էլ մնացին 90-ականների մակարդակի վրա: Նույնիսկ նախագահականի ու կառավարության համեմատաբար շատ երիտասարդ գործիչներ 2000-ականների սկզբից այս կողմ չանցան: Նրանց ելույթներից կամ հոդվածներից կարելի է ենթադրել` երբ եւ որտեղ են սովորել:

Նույնիսկ Տիգրան Սարգսյանը, ով վարչապետ նշանակվելուց հետո ավելի հրապարակային էր լայն հասարակությանը «զարմացնում» Դանիել Բելի ու Էլվին Թոֆլերի` 70-80-ականներին ուշադրության արժանացած տեսություններով, այսօր արդեն հետ է մնում Դարոն Աճեմօղլուին եւ մյուս ինստիտուցիոնալիստներին մեջբերող  «դեղնակտուցներից»:

Իսկ ինչպե՞ս է վիճակն Արցախում: Ու՞ր են գնում քիչ թե շատ պաշտոնավարածները, ինչպե՞ս է լուծվում կադրերի հարցը: Գրեթե երկու ամիս է Արցախում չեն կարողանում արտաքին գործերի նախարար նշանակել: Իշխող թիմի շրջապատում համապատասխան թեկնածու չկա: Որ ճիշտն ասենք, վարչության պետեր գտնելն է դժվար: Ու ոչ միայն ԱԳ նախարարությունում: Պատճառը հենց այս հերթագայության չգոյությունն է: Պաշտոնյաների մի խումբն ուղղակի գալիս են խորհրդային շրջանից եւ նրանց լճացման ժամկետն է նույնիսկ վաղուց անցել: Նրանք, ովքեր նախկին պաշտոնյաներ էին, նախկին նախագահի թիմակիցներ կամ գոնե նրա ժամանակ էին պաշտոնավարել, հերթագայություն ասելով հասկանում են ոչ թե համալսարաններ գնալը, այլ ուղղակի գնալը… Արցախից: Եվ այդպես, ասենք երկրի 2-րդ 3-րդ դեմքերը հայտնվում են ՀՀ-ում, համաձայնում վարչության պետի ու դեսպանի պաշտոնների, միայն թե Արցախ չգան:

Այս ամենը միայն սուբյեկտիվ կողմ չունի: Իրականում նախկին պաշտոնյաները բավականին վտանգավոր են հնարավոր ամբիցիաների համար եւ գործող իշխանությունները հնարավորինս ձգտում են չեզոքացնել նրանց: Իսկ եթե այդ նախկին պաշտոնյաներից մեկը, նույնիսկ փորձել է հրապարակային արտահայտել իր ամբիցիաները, հանդգնել մասնակցել նախագահական ընտրությունների, ապա պետք է նրա առջեւ փակել բոլոր դռները, ոչինչ, որ նա լավագույն մասնագետն է իր ոլորտում, ոչ մի համալսարան, ոչ մի հրապարակային արտահայտման տեղ: Չէ, քիչ է: Հարազատներին էլ պետք է հեռացնել զբաղեցրած բոլոր պաշտոններից, այնուհետեւ իր հետ շփվողներին: Ի դաս բոլորի, որ չի կարելի Աստծո օծյալի դեմ գնալ…

Իսկ դուք հարցնում եք, ինչու՞ Արցախում ընդդիմադիր կուսակցություն չկա, ինչու՞ այլընտրանքային լրատվամիջոցներ չկան, ինչու՞ կադրային խնդիր կա, ինչու՞, ինչու… Հասկացա՞ք…

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին