Ջազը մեր քաղաքում - Mediamax.am

Ջազը մեր քաղաքում
2417 դիտում

Ջազը մեր քաղաքում


Ստեփանակերտում ջազի հնչյուններ են: Աշխարհահռչակ գյումրեցի Տիգրան Համասյանն է` նյույորքյան իր փոքրիկ խմբով: Գեղամ Սարյանի, Հովհաննես Թումանյանի, ուրիշների բանաստեղծությունների համասյանական մեկնաբանումներ, որոնք ժամանակ առ ժամանակ դահլիճին ստիպում են պայթել ծափահարություններից:

Տաղանդավոր գյումրեցի երիտասարդի էներգիան ժայթքում է կատարումների ժամանակ`վաղուց մոռացված ջազային հաճույքներ պարգեւելով հանդիսատեսին:

Անհանգիստ դահլիճ: Անընդհատ խոսող, շարժվող, ներսուդուրս անող: Ոչինչ, ստեփանակերտյան դահլիճն է, արդեն սովորական է դառնում: Հաճախ չէ ջազային բարձրակարգ երեկո լինում: Սովորել է պետք:

Ամառը հատկապես մշակութային էր: Մաեստրո Գեւորգ Մուրադյանի գլխավորած Արցախի ֆիլհարմոնիկ նվագախումբը ժամանակ առ ժամանակ հոգում է դասական ներարկման մասին: Ստեփանակերտին դասական հնչյուններ նվիրեց նաեւ «Տնջրե» պատանիների երկրորդ միջազգային փառատոնը, ապա «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական փառատոնը:

Սկսել ենք քաղաքային կյանքով ապրել: Այ, որ Ստեփանակերտի դրամատիկականն էլ կարողանար դուրս գալ խորը ճգնաժամից, միգուցե մենք էլ մեզ ավելի ու ավելի քաղաքացի զգայինք: Քաղաքագետ ընկերներիցս մեկը, պատասխանելով հարցին, թե՞ ինչու Արցախում ազատագրական շարժում սկսվեց, իսկ Ջավախքում` ոչ, նկատեց, որ Ստեփանակերտում թատրոն է եղել, իսկ Ախալքալաքում`ոչ:

Իսկ շարժումն ավարտվել է, այդ դեպքում էլ ու՞մ են պետք թատրոնները: Բա որ նոր շարժումներ սկսվե՞ն:

Արցախում պրոդյուսերական, մշակութային մենեջմենթով զբաղվող կազմակերպությունների բացակայության պայմաններում գրեթե բոլոր տիպի մշակութային իրադարձությունները կազմակերպում է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Կազմակերպել ասելով հասկացեք պայմանավորվածությունների ձեռքբերումից մինչեւ տարրական տեխնիկական բաղադրիչներ: Նկատենք, որ նախարարությունը պատվով է կատարում իր այս առաքելությունը եւ վստահաբար, Արցախի ամենաարդյունավետ գործող գերատեսչությունն է:

Ոչինչ որ հասարակության ինքանկազմակերպվածության աստիճանը թույլ չի տալիս մշակութային ծարավն այլ կերպ հագեցնել: Փոքրիկ նախաձեռնություններն էլ, որպես կանոն, հաջողված չեն լինում այդ նույն ինքնակազմակերպման բացակայության պատճառով: Քաղաքացիական հասարակության թուլությունն է, որ նույնիսկ տարրական մշակութային պահանջների բավարարումը պատվիրակել է պետությանը: Բայց սա արդեն այլ թեմա է, այլ սյունակի նյութ:

Իսկ Համասյանի համերգից տպավորվածները, միգուցե մխիթարվեն նոր ջազային իրադարձությունների սպասումով` մինչեւ այդ իրենց մեջ պահելով երիտասարդ երաժիշտի նվիրած հնչյունները…

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին