Մեդիագրագիտությունը, «տուզիկն» ու «կյաժ աղվեսը» - Mediamax.am

Մեդիագրագիտությունը, «տուզիկն» ու «կյաժ աղվեսը»
3184 դիտում

Մեդիագրագիտությունը, «տուզիկն» ու «կյաժ աղվեսը»


Հայաստանում կրկին ակտիվացել են քննարկումները մեդիայի դերի մասին։ Տարբեր տրամաչափի գործիչները, «կարծիք ձեւավորողները», ինչպես նաեւ «հասարակ մարդիկ» ոչ միայն բողոքում են լրագրողների աշխատանքից, այլեւ հաճախ մեղադրում են նրանց տարբեր մեղքերի համար։

Ժամանակակից հայկական լրագրության մեջ գերիշխող դարձած եւ ինձ համար անընդունելի «ոճի» մասին գրել էի տարիներ առաջ՝ Լրագրությունը կապիկության մի վերածեք սյունակում, որի համար ահագին քննադատվեցի գործընկերներիցս շատերի կողմերից։ Ցավոք, իրավիճակն այս տարիներին միայն դեպի վատն է փոխվել։

Ամփոփելով 2017 թվականը, գրել էի Որդնած խնձոր չուտելու եւ լսարանը ճանաչելու մասին սյունակը։ «Որդնած խնձորը» այս դեպքում այն լրատվամիջոցներն են, որոնք ամեն օր մատուցում են ակնհայտ սուտ կամ թյուրիմացության մեջ գցող լրատվություն, բայց ընթերցողները զարմանալի հետեւողականությամբ շարունակում են սպառել փչացած «միրգը»։

Մեդիամաքսը իր 20-ամյա պատմության մեջ ընթերցողներին երբեւէ «որդնած խնձոր» չի հրամցրել, ուստի որեւէ ցանկություն չունեմ խոսել այն լրատվամիջոցների անունից, որոնց համար այդ պայմանական ձեւակերպումը վաղուց դարձել է հիմնական արտադրանք։ Սակայն ցանկանում եմ անդրադառնալ մեդիագրագիտությանը, որն այդքան հաճախ է հիշատակվում, բայց որի կիրառական նշանակությունը ոչ բոլորն են հասկանում։ Եթե ընդունում ենք, որ «ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը» բանաձեւում ճշմարտություն կա, ընդունենք նաեւ, որ «ամեն հասարակություն արժանի է իր լրատվամիջոցներին» բանաձեւը եւս գոյության իրավունք ունի։

Որպեսզի մեր խոսակցությունն ավելի առարկայական լինի, մի քանի օրինակ բերեմ։



Գրեթե բոլոր լրատվամիջոցներն իրենց նյութերը ֆեյսբուքյան էջերում այսպես են ներկայացնում՝ վերնագիր եւ կարճ հատված բուն նյութից։ Մի շտապեք մեկնաբանություն գրել՝ առանց հղման վրա սեղմելու եւ բուն նյութը կարդալու։ Դա նույնն է, ինչ ֆիլմի մասին կարծիք գրեք՝ 2-3 րոպեանոց գովազդային հոլովակը դիտելուց հետո։ Եթե իսկապես հետաքրքրված եք լուսաբանվող իրադարձությամբ, ձեզ «նեղություն տվեք», կարդացեք ամբողջը՝ շատ հնարավոր է, որ մեկնաբանություն գրելու ցանկությունը վերանա։

Լրատվամիջոցին դիմելուց առաջ մի զլացեք մտածել ձեր գործողությունների տրամաբանության մասին։ Ամեն օր Մեդիամաքսի կազմի մեջ մտնող www.Banks.am պորտալի ֆեյսբուքյան էջին գալիս է առնվազն մի քանի նամակ՝ նմանատիպ բովանդակությամբ. «Knereq, varki paymanner kaseq?»: Ի՞նչ է տեղի ունենում։ Մարդը կարդում է լուրն այս կամ այն բանկի ներդրած վարկատեսակի մասին եւ գրում է մեզ։ Չեմ խոսում այն մասին, որ նյութում, որպես կանոն, վարկի պայմանները շարադրված են լինում, պետք է պարզապես կարդալ։ Բայց իսկապես հրաժարվում եմ հասկանալ մարդուն, որը չի գիտակցում, որ «նամակ» է գրում ոչ թե բանկին, այլ լրատվամիջոցին։

Իսկ սա իսկական «գոհար» է։



Մեր ընթերցողները կարող են բաժանորդագրվել Մեդիամաքսի կայքում եւ առավել հետաքրքիր հրապարակումների հղումները ստանալ էլ․փոստին։ Գրանցվելուց հետո ընթերցողը մեզանից նամակ է ստանում, որում շնորհակալություն ենք հայտնում բաժանորդագրության համար եւ տեղեկացնում ենք, թե ինչպես է այն գործում։

Ու երբ այդ նամակին ի պատասխան ստանում ենք «գրին քարդի» մասին այս հարցումը, ես, ներեցեք սարկազմիս համար, սկսում եմ մտածել, որ այս աշխարհում ինչ-որ բան այն չէ։

Այդ կարծիքս ավելի է խորանում, երբ տեսնում եմ այսպիսի «մեկնաբանություններ»։



Վիտալի Բալասանյանին կամ որեւէ մեկին սիրելու կամ չսիրելու լուռ իրավունք ունեն բոլորը։ Բայց հանրային տիրույթում վիրավորական արտահայտություններ անելու իրավունք չունի ոչ ոք։ Մանավանդ այն մարդը, որն իր կողմից «մեկնաբանվող» հոդվածը կամ չի կարդացել, կամ էլ կարդացել ու չի հասկացել։



Անգամ եթե ընթերցողն այս հոդվածը չի կարդացել եւ սահմանափակվել է միայն նկարում ներկայացված պարբերությամբ, պետք է հսկայական ջանքեր գործադրել՝ չհասկանալու համար, որ կինն ամուսնացած է այլ կրոն դավանող մարդու հետ եւ բացատրում է այդ հագուստը կրելու իր շարժառիթները։

Ինչպես տեսնում ենք պատկերից՝ կան մարդիկ, որոնք այդ ջանքը հաջողությամբ գործադրում են։



Ավարտենք այս պատկերով, որն առաջին հայացքից կարող է սրամիտ կամ զվարճալի թվալ։ Իրականում, սակայն, այն արտացոլում է մեր հասարակության ոչ փոքր հատվածի վերաբերմունքը քաղաքական գործընթացների հանդեպ։ Ամեն ինչը զավեշտի կամ ծաղրի հասցնելու ոճն, իհարկե, գոյության իրավունք ունի, բայց երբ այն սկսում է համատարած դառնալ, հասարակության անառողջ լինելու համար միայն լրատվամիջոցներին մեղադրել պետք չէ։



Մեդիամաքսի մշտական ընթերցողների համար այս սյունակը, թերեւս, մեծ կիրառական նշանակություն չունենա, քանի որ նրանցից շատերը, հաստատապես, տարբերակում են որակյալ եւ անորակ բովանդակությունը։ Բայց քանի որ մեր ընթերցողների քանակը վերջին շրջանում աճում է (ինչը շատ ուրախալի է), միգուցե այն օգտակար լինի «նորեկների» համար։ Լրատվամիջոցի եւ իր ընթերցողի հարգանքը պետք է փոխադարձ լինի, ինչպես նաեւ դրա գիտակցումը։

P.S. Մտածում էի, միգուցե արժե փակել նկարներում բերված մեկնաբանությունների հեղինակների անունները: Բայց հետո որոշեցի, որ էթիկայի խնդիր այս դեպքում չկա. մարդիկ մեկնաբանությունները գրել են հանրային տիրույթում, հասանելի բոլորի համար, ուստի դրանց վկայակոչելը չի կարող խնդրահարույց համարվել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին