Որդնած խնձոր չուտելու եւ լսարանը ճանաչելու մասին - Mediamax.am

Որդնած խնձոր չուտելու եւ լսարանը ճանաչելու մասին
10514 դիտում

Որդնած խնձոր չուտելու եւ լսարանը ճանաչելու մասին


Երբ 1999 թվականին բացում էինք Մեդիամաքսը, որն այն տարիներին դասական լրատվական գործակալություն էր, իհարկե, չգիտեինք, թե ինչպիսի փոփոխությունների կենթարկվի մեդիան այս 19 տարիների ընթացքում: Սակայն, գիտեինք, որ պետք է միշտ պատրաստ լինել փոփոխությունների, որքան էլ դա հոգնեցուցիչ չլինի: Կարծում եմ, դա մեր հաջողության եւ երկարակեցության հիմնական գրավականներից է. ստեղծագործական, տեխնոլոգիական եւ կառավարչական փոփոխությունների ենթարկվելը մեզ համար հոգսից բացի նաեւ հաճույք է եղել:

Իհարկե, չէինք կարող կանխատեսել, որ 2017 թվականի վերջում Հայաստանում կլինեն մոտ 150 լրատվական կայքեր, որոնց մեծ մասը իրական մեդիայի հետ որեւէ աղերս չունի: 2017 թվականին մեդիան շատ թուք ու մուր է կերել՝ մեզ մեղադրում էին գործած ու չգործած մեղքերի համար: Բայց մեղադրողները մոռանում են կամ չեն ցանկանում ընդունել, որ այդ 150 կայքերի մեծ մասը, որ լավագույն դեպքում տեղեկատվական աղբ եւ գրագողության արդյունք է տարածում, իսկ հաճախ՝ ակնհայտ կեղծիք, գոյատեւում են դրանք կարդացողների շնորհիվ:

Որոշ ժամանակ առաջ հանդիպել էի մի խումբ երիտասարդների հետ, որոնք ինձ հարցրեցին՝ ինչպե՞ս կարող են որակյալ մեդիան տարբերել անորակից: Անկեղծ ասած՝ շատ զարմացա հարցից եւ ասացի, որ միակ ճանապարհը սեփական փորձն է: Եթե մեկ անգամ որեւէ կայքում կարդում եք մի բան, իսկ հետո պարզում, որ այն իրականում տեղի չի ունեցել, կարող եք ենթադրել, որ թյուրիմացություն է եղել: Սակայն եթե դա կրկնվում է երկրորդ, երրորդ անգամ, պետք է հասկանաք, որ այդ կայքը պարզապես օգտագործում է ձեզ: Եթե մոտակա խանութից խնձոր եք գնում եւ տանը պարզվում է, որ այն որդնած է, կարծում եմ՝ կրկնվելու դեպքում այլեւս այդ խանութից խնձոր չեք գնի կամ առհասարակ կդադարեք այցելել այդ խանութ: Ձեր օրինակին կհետեւեն հարեւանները եւ խանութպանը կկանգնի սնանկացման եզրին, կամ էլ կդադարի որդնած խնձոր վաճառել: Նույնը մեդիայի դեպքում է՝ քանի դեռ դուք շարունակում եք համտեսել ձեզ մատուցվող որդնած խնձոր-կոնտենտը, այն շարունակելու է բազմանալ:

Կարծում եմ՝ 2017 թվականին մենք սկսեցինք ավելի լավ ճանաչել Մեդիամաքսի լսարանը: Այն անհամեմատ ավելի փոքր է, քան տեղեկատվական դաշտի «հսկաների» մոտ, սակայն մենք միշտ որակը գերադասել ենք քանակից: Դա վերաբերում է ինչպես մեր բովանդակությանը, այնպես էլ լսարանին: Մենք զգում ենք, թե ինչ են մարդիկ սպասում մեզանից: Իհարկե, այստեղ կա «ծուղակն» ընկնելու վտանգը՝ որքան էլ մենք հասկանանք միմյանց, մեր մոտեցումները չեն կարող միշտ համընկնել ու մենք, երբեմն, պետք է կարողանանք որոշ իմաստով դեմ գնալ լսարանի ցանկությանը կամ ակնկալիքին, եթե թեման մեզ համար սկզբունքային է: Հուսամ՝ մինչ այս պահը կարողացել ենք հավասարակշռությունը պահել:

1999 թվականին, երբ նոր էինք սկսում, մարդիկ ուզում էին՝ որքան հնարավոր է շատ տեղեկատվություն ստանալ եւ աստիճանաբար այդպես էլ եղավ՝ հոսքերը գնալով ավելի մեծ ու բազմազան դարձան: Այսօր՝ գրեթե 20 տարի անց, պատկերը բոլորովին այլ է՝ մարդիկ խեղդվում են տեղեկատվական տարափի մեջ եւ փորձում են իրենց համար առանձնացնել այն աղբյուրները, որոնց բովանդակությունն իրենց հոգեհարազատ է: Այս պայմաններում հաղթելու են այն մեդիաները, որոնք կարողանում են զգալ իրենց լսարանը եւ հարաբերվել նրա հետ: Կանցնի եւս մեկ-երկու տարի, եւ հարյուր հազարավոր այցելություններն այլեւս որեւէ իմաստ չեն ունենա: Կարեւորը լինելու է թիրախային լսարան ձեւավորելը եւ նրա հետ ազնիվ լինելը: Մարդիկ չեն ցանկանում սոսկ կոնտենտի սպառող լինել, նրանք ուզում են իրենց կարեւոր գործի մասնակից զգալ:

«Փաթեթավորումը» գնալով էլ ավելի կարեւոր է դառնալու: Ամենայն հարգանքով վերաբերվելով տպագիր մամուլի մեր հարգարժան գործընկերներին՝ չեմ կարող չասել՝ տասնամյակներ շարունակ մակետը, շարվածքը, տառատեսակները չփոխելը հավասարազոր է ինքնասպանության: Որքան էլ հետաքրքիր լինի ձեր կոնտենտը, եթե մեկ էջում դուք միաժամանակ օգտագործում եք 8, 9 եւ 10 չափի տառատեսակ, որպեսզի ամենը «տեղավորեք», բովանդակությունը դառնում է անընթեռնելի: Վերջերս մի արտահայտություն կարդացի, որի հետ դժվար է չհամաձայնվել՝ «Եթե որակյալ կոնտենտը թագավորն է, ապա դրա ճիշտ տարածումը՝ ամենակարող Աստվածը»:

Ավանդույթի համաձայն, փորձեմ մեր ընթերցողների առջեւ հաշվետու լինել տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքի մասին՝ ներկայացնելով կոնտենտի ստեղծման եւ «փաթեթավորման» մի քանի օրինակ:

Այս տարի վերագործարկեցինք Մեդիամաքս մեդիա-ընկերության կազմի մեջ մտնող երկու կարեւոր կայքեր: Մարտին նոր տեսքով ներկայացավ մեր Banks.am-ը, իսկ հոկտեմբերին՝ Bravo.am-ը: Երբեք չենք թաքցրել, որ ունենք յուրահատուկ ներքին կառուցվածք, որը թույլ է տալիս առեւտրային ավելի մեծ գրավչություն ունեցող կայքերի շնորհիվ ապահովել մնացածի աշխատանքը:

2017 թվականին սկսեցինք մի քանի հատուկ նախագծեր եւ նոր խորագրեր, որոնց մեծ մասը կշարունակվի նաեւ հաջորդ տարի:

Մեր հատուկ հպարտության առարկան «Հանրապետություն» հատուկ նախագիծն է: Այն մեկնարկել է նոյեմբերին եւ նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին: Խմբագրելով այս նախագծի գլուխները, երբեմն ողջ մարմնով փշաքաղվում եմ՝ այն, ինչ կատարվում էր 100 տարի առաջ, մեզ գոյատեւելու որեւէ շանս չէր թողնում, բայց մի հրաշք եղավ, որի արժեքը մենք, կարծես, դեռ լավ չենք ընկալում: Վերադառնալով «փաթեթավորման» թեմային, առանց ավելորդ համեստության կպնդեմ, որ «Հանրապետությունը» ամենագեղեցիկ նախագիծն է հայկական մեդիայի պատմության մեջ:

2017 թվականին ներկայացրինք 10 պատմություն երիտասարդների մասին, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից: Նրանք թողել են հարմարավետ կյանքը՝ ոչ միայն մարզերի երեխաներին լավ կրթություն տալու, այլեւ նրանց համար դեպի «մեծ աշխարհ» «պատուհան» դառնալու համար: Նրանք են կերտում Հայաստանի ապագան եւ նրանց աշխատանքը նույնքան կարեւոր է, որքան առաջնագծում կանգնած զինվորների ծառայությունը:

Անցնող տարում սկսեցինք «Մաթարվեստ» նախագիծը, որը պատմում է Հայաստանում ապրող երիտասարդ մաթեմատիկոսների մասին եւ նպատակ ունի ապացուցել, որ մենք ամենեւին չենք ապրում խորհրդային դպրոցի հուշերով, այլ ստեղծում ենք նոր իրականություն եւ հետեւողական լինելու դեպքում իսկապես կարող ենք ասելիք ունենալ մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության գլոբալ շուկայում:

5/10/15 նախագիծը ամեն շաբաթ ներկայացնում է այն կարեւորագույն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ: Կարծում եմ, որ մեր նորագույն պատմությանն այս ձեւաչափով անդրադառնալը օգնում է ավելի լայն պատկեր ունենալ՝ այսօրվա իրադարձությունները վերլուծելիս եւ գնահատելիս:

Ընթերցողները շատ լավ արձագանքեցին Շաբաթ-Կիրակի խորագրին, որը փորձում է զտել եւ յուրատեսակ մեկնաբանություններով ներկայացնել հանգստյան օրերը հետաքրքիր անցկացնելու տարբերակները: Դառնալով սյունակի առաջին մասին՝ սա լսարանը ճանաչելու եւ նրա համար յուրահատուկ «զտիչի» դեր կատարելու լավ օրինակ է:

Լսարանի հետ կապը պահելու լավ միջոց են մեր ավանդական մրցույթները: «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթը ռեկորդային էր՝ ստացանք 444 շարադրություն: Մարդիկ շատ ակտիվ մասնակցեցին նաեւ «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթին՝ ունեցանք 317 մասնակից:

2018 թվականի համար ունենք շատ նոր գաղափարներ, որոնց մի մասը, հուսանք՝ կյանքի կկոչվի: Ուզում եմ շատ անկեղծ ասել մեր ընթերցողներին, որ մենք սիրում ենք ձեզ եւ գնահատում ենք, որ դուք մեր կողքին եք: Հավատացե՛ք, որ անգամ փոքրիկ մեկնաբանությունը, որը թողնում եք այս կամ այն հրապարակման տակ, մեծ ուժ է տալիս՝ շարունակելու որակյալ բովանդակություն ստեղծելու գործը: Եվ վստա՛հ եղեք, որ մենք ձեզ երբեք որդնած խնձոր չենք հրամցնի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին