Խորհրդային օկուպացիա Արցախում - Mediamax.am

Խորհրդային օկուպացիա Արցախում
2833 դիտում

Խորհրդային օկուպացիա Արցախում


Համաշխարհային տնտեսական ֆորումի  նիստերից մեկում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «անցումային տնտեսությամբ երկրներում պետությունը պետք է աստիճանաբար իր գործառույթները փոխանցի քաղաքացիական հասարակությանը, ինչը շատ ծանր է, քանի որ ցանկացած կոռումպացված համակարգ կամովին չի հրաժարվում իր լիազորություններից: Հակառակը` ձգտում է ստանալ նոր լիազորություններ: Գաղտնիքը նրանում է, որ պետք է տեղեկացված կառավարություն, որը հասկանում է այդ հիվանդության վտանգավորությունը, եւ ինքն է շատ պետական գործառույթներ փոխանցում ինքնակազմակերպվող հասարակությանը: Ահա այսպիսի պետություն է պետք անցումային տնտեսությամբ երկրներին»:

Այս խոսքերն ինձ հիմք տվեցին համեմատականներ անցկացնել Արցախում տիրող վիճակի հետ: Ինչպե՞ս է քաղաքացիական հասարակության վիճակն Արցախում: Դատելով Freedom Hause իրավապաշտպան կազմակերպության զեկույցից՝ Արցախն անազատ երկիր է: Անցած 7 տարիներին Արցախն ուներ մասամբ ազատ երկրի կարգավիճակ և ազատությունների մակարդակով առաջ էր իր հարևաններ Ադրբեջանից և Իրանից: Մի կողմ դնենք տարբեր կազմակերպությունների զեկույցները և ներսից նայենք վիճակին: Վերջին տարիներին նկատվող քաղաքացիական հասարակության թուլացումը, հնարավորությունների կրճատումը, նախաձեռնողականության խոչընդոտումը, տոտալ վերահսկողության մոլուցքը այն վտանգավոր երեւույթներն են, որոնց մասին խոսել է ՀՀ վարչապետը: 

Համակարգն ամբողջովին կոռումպացված է, ավելին՝ համակարգի շարժիչ ուժը կոռուպցիան է: Իհարկե, իշխանությունները կասեն, որ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ և բժշկական հանձնաժողովի անդամները և պետավտոտեսուչներն այևս կաշառք չեն վերցնում: Այո, այդ մակարդակում կաշառք չեն վերցնում. Արցախում տեղի է ունեցել կոռուպցիայի կենտրոնացում: Ինչպե՞ս օրինակ հասկանալ կառավարության կողմից տասը և ավելի միլիոն դրամ արժողությամբ ծառայողական մեքենաների գնումը միայն մեկ կազմակերպությունից: Իսկ թանկարժեք մեքենաները, հակառակ տնտեսական ճգնաժամին ու դրա հետևանքներին, անընդհատ շատանում են, «Հունդայիից» վերածվում «Նիսսանի», կառավարությունն էլ պաշտոնյաների նոր կատեգորիաներ է ավելացնում թանկարժեք ծառայողական մեքենաներ ունեցողների ցանկում՝ ավելի հարստացնելով մեքենա արտադրող ընկերություններին, այն միակ ներմուծողին և մեկ էլ՝ գուշակեք թե ում: Երբ պարզվում են ներմուծող կազմակերպության տերերը, եզրակացությունը միակն է լինում՝ մեր իշխանությունները կոռումպացված են:

Կոռուպցիան միայն սա չէ: Ծանոթ-բարեկամական կապերը, տարբեր միջնորդությունները մեր առօրյա կյանքի բաղկացուցիչն են, ու մանկապարտեզում երեխային տեղավորելուց մինչև բուհն ավարտելը հասարակությունն օգտվում է կոռուպցիոն այս գործիքներից: Եվ բնականաբար անկախ մամուլը, որը կխոսի այս երևույթների մասին, ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը կգործի սրանց դեմ և քաղաքական ընդդիմությունը, որը ելքեր կառաջարկի ստեղծված վիճակից՝ ուղղակի բացառված են Արցախում: Լավ, հասկացանք, ՀՀ վարչապետն էլ էր ասում, որ ցանկացած կոռումպացված համակարգ կամովին չի հրաժարվում իր լիազորություններից, հակառակը` ձգտում է ստանալ նոր լիազորություններ: Իսկ ի՞նչ անենք, հո դատապարտված չենք հավերժ այս վիճակում լինելու: Սակայն վարչապետ Սարգսյանը նաեւ գաղտնիքն է բացահայտում՝ պետք է տեղեկացված կառավարություն: Տեսնենք ովքե՞ր են տեղեկացնում Արցախի իշխանություններին:

Երկրում անենահզոր ինստիտուտը նախագահի աշխատակազմն է, որը ղեկավարում է Մարատ Մուսայելյանը՝ ԼՂԻՄ կոմսոմոլի առաջին քարտուղարը, որը արցախյան շարժումը սկսելուն պես մեկնեց Մոսկվա՝ սովորելու, այնտեղից գնաց Երևան և Արցախ վերադարձավ միայն 2007թ.՝ Բակո Սահակյանի նախագահ ընտրվելուն պես: Ստեփանակերտի կոմսոմոլի նախկին քարտուղարն էլ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է: Բրեժնեւյան լճացման տարիներին ձեւավորված, աշխարհում կատարվող զարգացումներին անհաղորդ մի խումբ է այսօր իշխում Արցախում, որ կարելի է անվանել կոմսոմոլների քարտուղարների և ինքնահռչակ չեկիստների ռեժիմ, որը ձգտում է տոտալ հսկողության, այդ թվում՝ նաև մարդկանց ուղեղների վրա: Այս գործում բացառիկ դեր է վերապահված Արցախի պետական համալսարանին, որի ռեկտորը մարզկոմի ագիտացիայի բաժնի մի նախկին հրահանգիչ է: Ավելի քիչ գիտելիք, ավելի շատ կոնսպիրոլոգիա ու լոյալություն ստեղծված իրավիճակին՝ ահա համալսարանի հիմնական ֆունկցիան: Ամեն մի նախաձեռնողականություն, ամեն մի շարժ ենթակա է պատժի: Եւ ոչինչ, որ ուսանողական հանրակացարանը զուրկ է տարրական նվազագույն պայմաններից, կարեւորը՝ ռեկտորը շատ թանկարժեք ծառայողական ջիպ ունի:

Այնուամենայնիվ, գտնվում են մի քանի խիզախներ, որոնք որոնում են միջոցներ և եղանակներ նոր հնարավորություններ բացելու համար և որոնց ջանքերը կացնահարվում են: Ուղղակի և շատ պարզ: Այս համակարգում դրա անհրաժեշտությունը չկա:

Իրավիճակի ողբերգականության մասին մի քանի ամիս առաջ զրուցեցի ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների կամ քարտուղարների հետ: Հասկանում են դրությունը, նիհիլիստական կարգի մի երկու նախադասություն ասում… և վերջ: Հասկանում եմ հայաստանյան քաղաքական ուժերին: Նրանց համար Արցախն ընդամենը ձայներ հավաքելու միջոց է, ոչ ավելի:

Ասում են՝ ղարաբաղյան շարժումը կործանեց ԽՍՀՄ: Եւ ԽՍՀՄ այսօր վրեժ է լուծում Արցախից՝ մեզ ժառանգելով խորհրդային տոտալիտարիզմով դաստիրակված «էլիտաներին»:

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին