Մեր ժամանակների հերոսները - Mediamax.am

Մեր ժամանակների հերոսները
7611 դիտում

Մեր ժամանակների հերոսները


Մեր այսօրվա հասարակական դիսկուրսի մեջ մեծ դեր են խաղում հեռուստատեսային արտադրանքի որակի, հատկապես՝ տարատեսակ սերիալների եւ հաղորդումների մասին զրույցները: Զանգվածային գիտակցության վրա հսկայական ազդեցություն ունեցող այս գործիքներն էլ առանձնապես աճող սերնդի մոտ ձեւավորում են չարի ու բարու, լավի ու վատի կերպարները՝ մեր ժամանակների հերոսներին: Սերիալներից սովորած գողական եւ փողոցային բառապաշարը յուրացնող դպրոցականի համար ստեղծվում են արժեքային համակարգեր, որոնք բոլորովին չեն համապատասխանում մեր ազգային նպատակներին: Նմանատիպ սերիալ արտադրողներն ապացուցում են իրենց արտադրանքի պահանջված լինելը՝ հղում կատարելով այս կամ այն սերիալի ռեյտինգին: Սա հիմք է տալիս ավելացնել նմանատիպ արտադրանքի թողարկումը, մտնել մրցակցության մեջ:

1960-70-ական թվականների սերունդը մեծանում էր Նաիրի Զարյանի «Հացավանի» ազդեցության տակ, որտեղ ազնիվ կոմերիտականները եւ նվիրյալները կառուցում էին իրենց կոլխոզը՝ համեմված խորհրդային ժամանակաշրջանին հատուկ ինտրիգներով եւ սիրային տեսարաններով: Սա էլ այդ շրջանի սերիալն էր՝ մի քիչ այլ ձեւաչափով, որը սակայն պատկերում էր իրական կյանքը:

1980-ականների դպրոցականներին հուզում էին Վախթանգ Անանյանի «Սեւանի ափին» եւ «Հովազաձորի գերիները» վեպերի հերոսների ճակատագրերը: Նպատակասլաց պիոներներն առաջ են տանում իրենց ծրագրերը՝ անընդհատ պայքարելով անարդարությունների դեմ եւ անընդհատ ցույց տալով կամք եւ կայանալու ձգտում:

Այս բոլոր ստեղծագործությունները ոչ միայն նկարագրում էին խորհրդային իրականությունը, այլեւ խորապես դաստիարակչական նշանակություն ունեին մեծացող սերնդի համար, դրանք ձեւավորում էին խորհրդային հասարակության անդամին:

Ո՞ւմ ենք ձեւավորում մենք: Ո՞ր հասարակության անդամին: Արդյո՞ք գողական կանոններով ապրող, փողոցային լեզվով խոսող, սպանությունների ու բռնաբարությունների մեջ հմտացած հասարակության անդամին: Սերիալ արտադրողները կասեն, որ իրենք արտացոլում են իրականությունը: Մի՞թե այսքան դաժան է մեր կյանքը:

Փաստացիորեն իրականությունն այլ է կամ առնվազն իրականության մեջ շատ ուրիշ կողմեր կան: Իրականության մեջ կան երիտասարդ գիտնականներ, որոնք ուսում ստանալով աշխարհի լավագույն բուհերում՝ շտապում են Հայաստան, ներդրում ունենում իրենց ոլորտներում, ստեղծում հնարավորություններ այլ երիտասարդների համար, դառնում օրինակ իրենց ուսանողների ու համալսարանական այլ շրջանակների մոտ:

Իրականության մեջ կան ազատագրված հայրենիքի ցավով ապրող, վերաբնակեցումն ու Արցախի զարգացումը օրակարգային համարող անձինք, որոնք անկախ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բոլոր արգելքներից եւ խոչընդոտներից՝ շարունակում են գրեթե առաքելական իրենց գործունեությունը:

Իրական կերպար է Ալեքսանդր Քանանյանը, Թբիլիսիում ծնված հայորդին, ով բարձրագույն կրթություն է ստացել Հռոմի եւ Երեւանի լավագույն բուհերում ու մեկ տասնամյակից ավելի է ապրում է Քարվաճառում, ստեղծագործում, նոր ծրագրեր կազմում, վերաբնակեցման ու հայրենադարձման ցավով վարակում լայն շրջանակների:

Իրական կերպար է Տիգրան Կյուրեղյանը՝ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախկին պատգամավորը, ով մեկ տասնամյակից ավելի ապրում է Բերձորում եւ իր ստեղծած «Մենք» գյուղացիական փոխօգնության միությամբ փորձում է թեթեւացնել Քաշաթաղում ու Քարվաճառում ստեղծված գյուղացիական տնտեսությունների հոգսերը:

Իրական կերպար է Հայկ Պետրոսյանը, Քարվաճառի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ով տարբեր բուժմիավորումներ է գլխավորել, Բժշկական համալսարանի պրոռեկտոր է եղել եւ այսօր իր կազմակերպչական տաղանդն ու փորձն է ներդնում Քարվաճառի առողջապահությունը կազմակերպելու համար:

Իրական են Արմենն ու Սվետան՝ Մոսկվայի կենտրոնից Արցախի ամենաբարձր բնակավայր՝ Ծար գյուղ տեղափոխված ամուսինները, որոնք իրենց խնայողություններով տուն են կառուցել եւ արդեն փոքրիկ, բայց կայուն տնտեսություն ունեն:

Եվ վստահաբար իրական են բազմաթիվ այն անձինք, որոնք իրենց գործունեությամբ էականորեն փոխել են մարդկանց կյանքը, ստեղծել նոր հնարավորություններ ու բացել դռներ, ազդել հասարակության առողջացման վրա իրենց սկզբունքային, ազնիվ ու պրոֆեսիոնալ գործունեությամբ:

Արդյո՞ք պետք են մեզ սերիալներ: Իհարկե, հեռուստատեսային արտադրանքը նաեւ այս ժանրն է ենթադրում: Բայց ես մեծապես կցանկանայի, որ իմ երեխայի դիտելիք հեռուստանովելի հերոսները լինեին վերոնշյալ անձինք ու նրանց գործունեությունը, որպեսզի իմ որդին նրանց մեջբերեր ու նրանց գործունեությամբ ոգեւորվեր:

Արդ, ես ցանկանում եմ, ո'չ պահանջում եմ, որ այս վերոնշյալ անձինք, մե'ր ժամանակների հերոսներն արտացոլվեն հանրամատչելի գրականության եւ հեռուստատեսային արտադրանքի մեջ:

Դուք էլ ցանկացե'ք ու պահանջե'ք...

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին