Ստեփանակերտյան սկզբունքներ - Mediamax.am

Ստեփանակերտյան սկզբունքներ
3421 դիտում

Ստեփանակերտյան սկզբունքներ


Իմ գիտակից կյանքի վերջին տասը տարում բազմաթիվ անգամներ եմ լսել, որ արցախյան խնդիրը ուր որ է պետք է լուծվի: Ժամանակ առ ժամանակ հայտնվում են տարբեր մասշտաբի գործիչներ, վերլուծաբաններ, որոնք հայտարարում են, որ այս կամ այն ժամկետում ինչ-ինչ սկզբունքների շուրջ համաձայնություն է լինելու:

Սկզբունքներն այդ տարբեր անուններ ունեն՝ էլ քիուեսթյան ու փարիզյան, էլ պրահյան ու մադրիդյան...  Երբ տարածաշրջանային մամուլը ակտիվորեն մեջբերում է տարբեր տրամաչափի պաշտոնյաների, հայտնի ու անհայտ վերլուծական կենտրոնների կարծիքները, երբ վերոնշյալ սկզբունքների մասին  գրվում են հարյուրավոր դիպլոմային ու կուրսային աշխատանքներ, քննարկվում կոնսպիրոլոգիական և «պրագմատիկ» լուծման եղանակներ, Արցախում կյանքն իր հունով ծորում է՝ շատ հաճախ չլսելով էլ իր ճակատագրի հետ ասոցացված արևմտյան քաղաքների անունները, կամ լավագույն դեպքում՝ արագ մոռանալով դրանք: Միակ քաղաքը, որ շատ թե քիչ տպավորվել է՝ Մինսկն է. զարմանալիորեն սա չի փոխվում տարիների ընթացքում:

«Այժմ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու ժամանակը չէ, քանի որ համանախագահները հավատում են, որ «հիմնարար սկզբունքների» համաձայնեցմանը քիչ է մնացել»,-ադրբեջանական գործակալություններից մեկին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբաններից Սաբինա Ֆրեյզերը: Այս վերլուծական կենտրոնը հայտնի է, խորհրդի անդամների մեջ կհանդիպեք համաշխարհային դիվանագիտության առաջին դեմքերի, կազմակերպության վերլուծաբաններն էլ մեկ-մեկ տարածաշրջան են գալիս, ու քանի որ հայտնի են, հանդիպումներ են ունենում տարածաշրջանային հայտնի դեմքերի հետ, հետո գրում են զեկույցներ, որոնցում եղած առաջարկներն էլ տեղ են գտնում ասենք ԵԽԽՎ ինչ-ինչ բանաձևի կամ էլ այն արևմտյան քաղաքների անունները կրող սկզբունքների մեջ:

Շատ լավ է, որ ըստ Ս.Ֆրեյզերի, համանախագահները հավատում են «հիմնարար սկզբունքների» արագ համաձայնեցմանը, սակայն, բերեք համաձայնենք, Սաբինան ու համանախագահներն այնքան էլ կարևոր չեն և այստեղ միակ հավատացող-չհավատացողն արցախցին պետք է լինի:

Իսկ արցախցին հոգնել է, զզվել է ամեն օր իր հեռուստաէկրանից (իսկ վերջերս էլ բավականին հաջող ձևով համակարգչի էկրանից) իր կյանք ներխուժող սաբինաներից, համանախագահներից, փարիզ-մոսկվա-մադրիդներից: Զզվել է անընդհատ հակամարտության հետ նույնանալուց: Արցախը միայն հակամարտություն չէ, պետություն է, հասարակություն, նման նորմալ այլ երկրների, որտեղ չկան համանախագահներ, որտեղ ամեն պահի տասնյակ վերլուծաբաններ, փորձագետներ ու քաղաքագետներ չեն խոսում պատերազմի հավանականության և դրա հնարավոր ելքերի մասին:

Ռեբրենդինգ է պետք, վստահաբար: Ուշացել ենք նույնիսկ: Սկզբունքներն էլ մադրիդյան չպետք է լինեն, այլ ստեփանակերտյան, դրանց ձևավորման վրա ազդողներն էլ Սաբինան և իր նմանները չպետք է լինեն, այլ յան-ով վերջացող ազգանուն ունեցողները:

Սկզբունքների ձևավորման վրա հսկայական ազդեցություն ունեն այսպես կոչված «դաշտային իրողությունները», իրականությունը, և ինչքան Արցախում շատ լինեն յան-ով վերջացող ազգանուն ունեցողները, այնքան ավելի հեշտ ենք ձևավորելու ստեփանակերտյան սկզբունքները և այնքան ավելի հեշտ են դրանք ընդունելի դառնալու Սաբինայի, համանախագահների, Մոսկվա-Փարիզ-Վաշինգտոնի համար:

Վերջերս Երևանում առիթ ունեցա մասնակցելու փորձագիտական մակարդակով արցախյան թեմայով մի շարք հանդիպում-քննարկումների: Ցավում եմ, բայց արցախյան թեման Երևանում բավականին հեռացել է Արցախից, ձևափոխվել, դարձել ուրիշ բովանդակություն և նպատակ ունեցող հարց: Այս համատեքստում, ես ավելի հաստատակամ եմ դառնում իմ վաղեմի համոզմունքի մեջ՝ պետք է հաճախ Արցախ գալ, ավելին՝ պետք է մշտապես մնալ ու գործել Արցախում:  Ստեփանակերտյան սկզբունքներն էլ հենց սրանք են, երբ Ստեփանակերտից են արվում հայտարարություններ ու գրվում նամակներ, երբ Ստեփանակերտի խոսքին են սպասում տարբեր կենտրոններ՝ ըստ դրա իրենց վերլուծությունն անելու, երբ Ստեփանակերտն է ինքն իր ճակատագիրը վճռողը: Այս տրամաբանության մեջ ես տեսնում եմ ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պայքարում է կրթության մակարդակի բարձրացման ու առողջապահության որակի բարելավման համար, տեսնում են գիտական կենտրոններ ու համալսարաններ, որոնք, օրինակ, միջազգային ամառային դպրոցներ են կազմակերպում Քարվաճառում ու Շուշիում, որտեղ արցախցի ուսանողներն իրենց ֆրանսիացի, ճապոնացի, չեխ ու արգենտինացի ընկերների հետ քննարկում են գլոբալ տաքացման հարցեր, ակտիվորեն մասնակցում միջազգային ուսանողափոխանակման և երիտասարդական ծրագրերին, տեսնում եմ արցախյան գործարարների, որոնք իրենց արտադրանքն են վաճառում արտասահմանյան շուկաներում...

Միգուցե արցախյան հարցի իրավական, քաղաքական, պատմական և չգիտեմ թե էլ ինչ լուծումների կողմնակիցները հարցի լուծման այլ տարբերակներ առաջարկեն և Երևանում, Մոսկվայում, Բրյուսելում ու Վաշինգտոնում գտնվող որոշ ազնիվ հայորդիներ գրքեր ու հոդվածներ գրեն, կազմակերպեն տարբեր քննարկումներ և հանդիպումներ այդ տարբերակների շուրջ, միգուցե... բայց արժե մի պահ մտածել ստեփանակերտյան սկզբունքների մասին... որպես ապրելու իրավունք ունեցող տարբերակի:

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին