«ԵրԱԶ»-ներ Կովկասի համար, կամ Հայաստանը 20 տարի անց - Mediamax.am

«ԵրԱԶ»-ներ Կովկասի համար, կամ Հայաստանը 20 տարի անց
12631 դիտում

«ԵրԱԶ»-ներ Կովկասի համար, կամ Հայաստանը 20 տարի անց


Երեւանը փոխվել է, հավատացե՛ք: Եթերային եւ թեթեւ է դարձել: Վերածնված: Վերջին անգամ այստեղ էի 90-ականների ամենասկզբում: Այն ժամանակ տուֆն ինձ ճնշում էր: Այժմ ամեն ինչ փոխվել է:

Հավանաբար, քաղաքի ընկալումը մեծամասամբ կախված է ճանապարհորդության նպատակից: Այս անգամ ես մասնակցում էի Կովկասի թեմայով համաժողովին, որը կազմակերպել էին Ալեքսանդր Իսկանդարյանն ու Սերգեյ Մինասյանը Կովկասի Ինստիտուտից, որտեղ աշխատում են սիրալիր եւ հաճելի մարդիկ:

Ավելի քան քսան տարի առաջ Երեւան էի ժամանել կրկին կովկասյան հարցերով…

Թբիլիսիում այն ժամանակ չգիտես ինչու հավատացել էին Ընդհանուր Կովկասյան տան կառուցման գաղափարին: Որոշվեց թողարկել «Մեր Կովկասը» թերթը: Իմ «հովանավորությանը հանձնվեցին» Բաքուն, Երեւանը, Մախաչկալան, Վլադիկավկազը եւ Գրոզնին: Իմ մտերիմ ընկերոջը` հիանալի լրագրող Միշա Կասոեւին` Նալչիկը, Չերկեսկը եւ այլ կովկասյան հաճույքներ: Այդպես մենք հաճախակի սկսեցինք գործուղումների մեկնել:

Մեկ տարվա խելահեղ նախապատրաստական աշխատանքների արդյունքում հաջողվեց հրատարակել ընդամենը մեկ համար: Հավանաբար, այդ թերթն արդեն հազվագյուտների թվին է դասվում: Ցավոք, դրանից նույնիսկ ես չունեմ: Թե ուր է անհետացել այն, չգիտեմ:

Մեր շեֆը` երջանկահիշատակ Գիվի Իրոդիոնովիչը, առատաձեռն մարդ էր եւ գործուղումների վրա գումար չէր խնայում, այդ պատճառով մենք` կովկասյան լրագրության երիտասարդ բենդերներս, չէինք հրաժարվում շրջագայություններից: Եվ, իհարկե, հետաքրքիր էր: Մի անգամ Գիվի Իրոդիոնովիչը հրավիրեց ինձ ու խմբագրության մենեջեր Իրակլիին եւ «հատուկ հանձնարարություն» տվեց:

Խոսակցությունը մոտավորապես այսպիսին էր.

- Մեկնեք Երեւան: Տեղավորվեք լավագույն հյուրանոցում, սնվեք ձեր ցանկացած ռեստորաններում: Հաշվապահությունն ամբողջ գումարը կտրամադրի: Բայց սա սովորական գործուղում չէ: Թերթի տարածման համար մեզ հետագայում հարկավոր կլինեն միկրոավտոբուսներ, իսկ Երեւանում արտադրում են լավ «ԵրԱԶ»-ներ: Ինձ բերեք երկուսը:

- Գնե՞նք:

- Լսե՛ք, ինչո՞ւ գնել: Գնացե՛ք գործարան, տնօրենին ասեք, որ Թբիլիսիում հրատարակվելու է համակովկասյան թերթ ընդհանուր կովկասյան տան համար: Ի՞նչ եք կարծում, Հայաստանը Կովկասի մեջ չի՞ մտնում: Երբ մեր եղբայր հայերն իմանան այդ մասին, մեզ մի քանի «ԵրԱԶ» կնվիրեն: Անվճար: Մի քանիսը հարկավոր չէ: Պետք է երկուսը: Վերջ, ես ավարտեցի: Մինչ հանդիպում:

- Իսկ եթե չնվիրե՞ն:

- Ի՞նչ մարդ եք դուք: Չի կարող պատահել, որ չնվիրեն, չէ՞ որ կմտածեն, որ վրացիները չեն հասնի ընդհանուր կովկասյան տան գաղափարին առանց հայերի, նշանակում է, հաստատ կտրամադրեն:

Մենք Իրակլիի հետ կասկածում էինք, բայց հանձնարարությունը մնում է հանձնարարություն: Այն կարելի է չկատարել, բայց անպայման պետք է փորձել:

Երեւանում երկու օր զվարճանում էինք: Հետո Իրակլին փակվեց հյուրանոցի համարում եւ ասաց, որ գործարան չի գնա, քանի որ մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրի: Ես համակերպվեցի ու տաքսի վերցրեցի:

Պահակն ինձ մի քանի անգամ հարցրեց, թե ինչո՞ւ եմ գործարան եկել: Ես լուրջ դեմքով ասացի, որ կխոսեմ միայն տնօրենի հետ, քանի որ Վրաստանի կողմից ընդհանուր կովկասյան տան կառուցումը ամենեւին չի նախատեսում թանկարժեք ժամանակի վատնում նրա ապագա շարքային բնակիչների հետ շփման վրա: Այդժամ ինձ միացրեցին գլխավոր ինժեների հետ ներքին հեռախոսով:

Մեր միջեւ կայացավ այսպիսի երկխոսություն. 

- Բարեւ Ձեզ, ես լրագրող եմ Թբիլիսիից, մենք համակովկասյան թերթ ենք թողարկելու:

- Ցանկանում եք հարցազրո՞ւյց վերցնել:

- Կարելի է նաեւ հարցազրույց, բայց իրականում մեզ հարկավոր է երկու միկրոավտոբուս:

- Դե պայմանագիր ձեւակերպեք եւ գնեք:

- Դուք ինձ չհասկացաք: Դուք պետք է մեզ նվիրեք երկու «ԵրԱԶ»: Չէ՞ որ երջանիկ կլինեք ավանդ ներդնել ընդհանուր գործում, առավել եւս, դա այդպիսի գովազդ է ձեզ համար: Պատկերացրեք, որ մեր պարբերականները տարածում են Դաղստանում կամ Կաբարդինո-Բալկարիայում ձեր գործարանի մեքենայով: Ամեն գյուղում: Պատի՛վ: Համբա՛վ: Հարգա՛նք:   

- Ինչու՞ որոշեցիք, որ ես պետք է ձեզ նվիրեմ երկու «ԵրԱԶ»:

- Գիվի Իրոդիոնովիչը դրանում վստահ է:

- Նա ո՞վ է:

Գիվի Իրոդիոնովիչի մասին իմ պատմելու եւ խոսակցության ավատի միջեւ անցավ առավելագույնը 40 վայրկյան: Բայց այդ ժամանակահատվածը զգացմունքային տեսանկյունից չափազանց հագեցած էր: Մեջբերումներ չեմ կատարի: Ես դրանք նույնիսկ Գիվի Իրոդիոնովիչին այլ կերպ ներկայացրի: Մի խոսքով, նվերի հարցում ինձ մերժեցին: Երկու օր անց մենք Իրակլիի հետ վերադարձանք Թբիլիսի: Իմ հաշվետվությունը Գիվի Իրոդիոնովիչը լսում էր շատ ուշադիր: Ես նայում էի տնօրենիս աչքերի մեջ: Ես տեսնում էի, թե ինչպես է դրանց մեջ աստիճանաբար մարում Ընդհանուր Կովկասյան տան գաղափարը: Տնօրենը ոչինչ չէր ասում: Կամ չէր ասում ոչ մի այնպիսի բան, ինչը կարելի է մեջբերել… Իսկ դրանից հետո այնպես ստացվեց, որ ինձ այլեւս Երեւան չէին ուղարկում:

Եվ վերջինը. դա նույնպես վերաբերվում է Երեւանի ու նրա բնակիչների իմ անձնական ընկալմանը: Հանգուցյալ հայրս ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Բանն այն է, որ Վրաստանում այն ժամանակ չկար ժուռնալիստիկայի ռուսական բաժին: Հայրս պատմում էր, որ անցողիկ բալը 27-ն էր, իսկ վերջին` հայոց լեզվի քննությունից առաջ նա ուներ 25-ը, այսինքն, բոլոր քննություններից 5 էր ստացել: Այն ժամանակ 2-ը եւս հաշվարկվում էր որպես միավոր: Հայրս քննող հանձնաժողովին անկեղծորեն ասել էր` 2 նշանակեք: Խոստացել էր սովորել լեզուն: Եվ արել էր դա, որքան հնարավոր էր, ուսումնառության ընթացքում: Հետո հպարտորեն շփվում էր թիֆլիսահայերի հետ հայերեն լեզվով, ինչի շնորհիվ վերջիններս նրան ավելի շատ էին սիրում: Մի անգամ հայրս ասաց. «Պետք է փորձել ներսից հասկանալ երկրի ու ժողովրդի ոգին եւ ավանդույթները, նրա լեզուն: Ես Երեւանում ձեռք եմ բերել բազմաթիվ իսկական ընկերներ»:

Այժմ ես, հուսով եմ, նույնպես: Շնորհակալություն, Երեւա՛ն, դրա համար եւս:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին