Օլիմպիադայի կարճ կիսաշրջազգեստները - Mediamax.am

Օլիմպիադայի կարճ կիսաշրջազգեստները
9004 դիտում

Օլիմպիադայի կարճ կիսաշրջազգեստները


Ինչպիսի՞ զգացողություններ են առաջացնում ձեզ մոտ նախաօլիմպիական կադրերը, որոնցում ցուցադրվում է, թե ինչպես է 1980թ. մոսկովյան Խաղերի խորհրդանիշը` իմ անվանակից Միշկան, հրաժեշտ տալով օդ բարձրանում: Խեղդո՞ւմ է կոկորդը, ինչպես ինձ մոտ: 

Հորս` որպես ՏԱՍՍ-ի պատկառելի խմբագրի, Թբիլիսիից հրավիրել էին Մոսկվա` լուսաբանելու այդ Օլիմպիադան: Ընդգրկել էին երկրի գլխավոր լրատվական գործակալության «հավաքականում». նա այն ժամանակ 47 տարեկան էր. այսօր ես էլ եմ այդքան: 1980 թ-ին, լինելով դեռեւս դպրոցական, ես հրապարակեցի իմ առաջին նյութը եւ ստացա առաջին հոնորարը: Թերթը կոչվում էր «Սոպլիս ցխովրեբա»` «Գյուղական կյանք»: Այսինքն, Օլիմպիադայի տարին ինձ համար դարձավ ցատկահարթակ դեպի մասնագիտությունս:
  
Այդ թերթն այլեւս չկա: Ինչպես եւ հայրս: Բայց ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր հայրս հպարտանում մոսկովյան այդ հրավերով: Այն ժամանակ ոչ միայն օլիմպիականներին, այլեւ լրագրողներին էին ընտրում լավագույններից լավագույնին:   

Տասսցիները Խաղերի ժամանակ նստում էին «Ասսոշիեյթեդ Պրեսս»-ի գործընկեր-մրցակիցների հարեւանությամբ՝ նույն շինության մեջ: Հայրս պատմում էր, որ ամերիկացի խմբագիրներն իրենց հետ օվկիանոսի այն կողմից նույնիսկ քարտուղարուհիների էին բերում, ովքեր նրանց համար աշխատանքային մթնոլորտ էին ստեղծում կարճ կիսաշրջազգեստներով եւ ցանցկեն զուգագուլպաներով: Ինչպե՞ս չնախանձել: 

Խորհրդային լրագրողների համար աշխատանքային մթնոլորտ էին ստեղծում քաղաքավարի մարդիկ միանման մոխրագույն կոստյումներով, ովքեր խիստ հսկում էին իրենց հարկը (հավանաբար, ոչ միայն իրենց): Զուգարան գնալու համար նույնպես պետք էր թույլտվություն ստանալ: Փոխարենը հատուկ տասսցիների համար երգել էր Ալլա Պուգաչովան: Նրա ելույթից ստացած հույզերը, պատմում էր հայրս, այնքան վառ էին, որ գունավորեցին միանման մոխրագույն կոստյումները:  

Օլիմպիադա-1980-ը, ինչպես հայտնի է, բոյկոտեցին շատերը եւ շատ առաջատար գերտերություններ: Հայրս հիշում էր, որ ամենադժվարը ԽՍՀՄ-ի հովանավորյալ երրորդ աշխարհի երկրների մարզիկների ելույթների մասին պատմելն էր: «Կարեւորը մասնակցությունն է» սկզբունքը սարսափելի կերպով ազդում էր լրագրողական աշխատանքի վրա, քանի որ հարկավոր էր ինչ-որ ուրախալի եւ լավ բան գրել որեւէ  «բարեկամ» երկրի մարզիկի մասին, ով վազքում կամ լողում զբաղեցրել էր 75-րդ կամ 120-րդ տեղը: Այդ նյութերին անհամբեր սպասում էին նրանց հայրենի երկրներում: Տասսովցիները գլուխ էին հանում: Դպրո'ց:
  
Առանց լուրջ մրցակցության ԽՍՀՄ-ը նվաճեց բազմաթիվ մեդալներ: Իսկ ահա ֆուտբոլում արժանացավ «բրոնզի»: Բախտը չբերեց: Այն ժամանակ օլիմպիական ֆուտբոլային մրցաշարերը շատ բարձր մակարդակի վրա էին: Այդ թիմում հիմք դրվեց վրաց ֆուտբոլիստների եւ Խորեն Հովհաննիսյանի ընկերությանը, ով, ի դեպ, հեղինակեց առաջին գոլը Հարավսլավիայի դեմ երրորդ տեղի համար վճռորոշ հանդիպման ընթացքում (2:0):    

Ես հորս խնդրել էին Մոսկվայից բերել «կապիտալիստական երկրի արտադրության» ջինսեր, բայց ԳՈՒՄ եւ ՑՈՒՄ մտնելու ժամանակ նա բացարձակ չէր ունեցել: Փոխարենը հորս գործընկերները ՏԱՍՍ-ի մարզական խմբագրությունից նրան նվիրել էին հոկեյի սաղավարտ` ասելով, որ դրանով մարզվել է Խարլամովը: Բայց ես` միակը դասարանում, երկրպագում էի կանադացիներին, եւ հետագայում այդ սաղավարտը Թբիլիսիում փոխանակեցի «Led Zeppelin»-ի եւ «Nazareth»-ի նկարներով: Ինչպես եմ հիմա ափսոսում այդ համար: Պատկերացնո՞ւմ եք` անձամբ Խարլամովի սաղավարտը: Հորս նվերը` ի հիշատակ Օլիմպիադայի…
 
34 տարի հետո Օլիմպիադան կրկին անցկացվում է ռուսաստանյան քաղաքում: Վրատանի մասնակցելու կամ չմասնակցելու հարցը երկար ժամանակ եղել եւ մնում է ուշադրության կենտրոնում: Սոչի են մեկնում 4 օլիմպիականներ (հիմնական հույսը գեղասահորդուհի Ելենա Գեդեւանիշվիլիի վրա է, ով երկու անգամ դարձել է բրոնզե մեդալակիր Եվրոպայի առաջնությունում), սակայն պատվիրակության մեջ քաղաքական գործիչներ չեն լինելու: Հավանաբար, դա ճիշտ է: Միանման մոխրագույն կոստյումների ժամանակները պետք է մոռացության գիրկն անցնեն: Ավելի լավ է աշխարհին նայել ցանցկեն զուգագուլպաների արանքից: Այդպես ավելի գունեղ է: Սե լյա ցխովրեբա…  

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին