23 թեկնածու, կամ ինչպես ես ֆինանսավորեցի քարոզարշավը - Mediamax.am

23 թեկնածու, կամ ինչպես ես ֆինանսավորեցի քարոզարշավը
4058 դիտում

23 թեկնածու, կամ ինչպես ես ֆինանսավորեցի քարոզարշավը


Նախագահի աթոռի հայցորդները վիճակահանությամբ որոշեցին քվեաթերթիկներում համարների հաջորդականությունը հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններում: Մրցույթն աննախադեպ է նույնիսկ Վրաստանի համար՝ իր գերհավակնոտ քաղաքական գործիչներով հանդերձ: 23 թեկնածու:

Ինչ-որ մեկը հեգնանքով նկատել է. «Նախկինում մենք խոսում էինք «մեռած հոգիների» մասին ընտրողների ուռճացված ցուցակներում: Հիմա «մեռած հոգիները» թեկնածուների շարքերում են, այդքան շատ են նրանք»: Իսկապես, առաջադրվածների մեջ կան այնպիսիք, որոնց մասին գրեթե ոչ ոք ոչինչ չգիտի: Թերեւս միայն հարազատները, մտերիմներն ու հարեւանները:    

Հարեւանների մասին ես ենթատեքստով հիշատակեցի:

Մեզանից ո՞վ կարող է գլուխ գովալ, որ ֆինանսավորել է նախագահի թեկնածուի նախընտրական մրցավազքը:

Ես կարող եմ:   

Իմ տրամադրած գումարը 40 լարի է, դա կազմում է մոտավորապես 24 դոլար, բայց, հնարավոր է, դա ամբողջ նախընտրական ֆոնդն է: Թեեւ, ես դեռ հույս ունեմ դրանք վերադարձնել:

Եվ դա ամենեւին էլ կոռուպցիոն գործարք չէ:

Իմ հարեւանը՝ Գիյան, Վրաստանի նախագահի պաշտոնապես գրանցված թեկնածու է:

- Քո ինչի՞ն է դա պետք,- հարցրեցի ես, երբ իմացա, որ Գիյան անեւերակայելի տանջանքով, բայց հավաքել է գրանցման համար անհրաժեշտ 26 500 քաղաքացիների ստորագրությունը: - Չէ՞ որ պարզ է, որ քո օգտին չի քվեարկի նույնիսկ մեր շենքի մուտքը: Թե՞ կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը:  

- Ժողովուրդը հիասթափվել է բոլորից, իսկ ինձանից՝ ոչ: Կամ դեռ չի հասցրել,- պատասխանեց Գիյան: Վստահ ասաց, մեկ րոպե նույնիսկ ես էլ հավատացի:

Քաղաքականությունը հմուտ կախարդուհի է: Մի անգամ սայթաքելով այդ ուխտադրուժ արահետում՝ հետո, հավանաբար, անհագուրդ ցանկություն է առաջանում կրկին ու կրկին փորձել: Ընդ որում, միանգամից չես հասկանում, թե ինչպես հայտնվեցիր այդ թակարդում: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը մոտոցիկլ է վարում, մյուսը լեռներն է բարձրանում, ինչ-որ մեկը դելտապլանով է թռչում, այդ դեպքում ինչո՞ւ  արյունը չտաքացնել վրաց ազգային մարզական մրցությամբ՝ գլխով քաղաքական ճահճում սուզվելով: 

Գիյայի մոտ նույնպես ամեն ինչ սկսվել է ոչ նախագահական հավակնություններից: Շուրջ տասը տարի առաջ իմ հարեւանը, լավ ավարտելով համապատասխան ուսումնարանը, ծառայել է որպես ռազմական բժիշկ վրացական բանակի N զորամասում: Խղճով դաստիարակված (հավերժ հիշատակ նրա մորը, ով չապրեց ոչ մինչեւ որդու ամուսնությունը, ոչ էլ պաշտոնական առաջադրումը)՝ Գիյան չստորագրեց հրամանատարների կեղծ զեկույցն այն մասին, որ զինվորների մասսայական թունավորումը տեղի է ունեցել ոչ թե կեղտոտ ջրից կամ ժամկետանց մթերքից, այլ ինքն իրեն: Նրան հեռացրել են, եւ Գիյան, չնահանջելով, սկսել է բազմամյա պայքարն իր իրավունքների համար Ստրասբուրգի դատարանի միջոցով: Եվրոպացի բյուրոկրատները չեն գնահատել նրա պարկեշտությունը, Ստրասբուրգի հետ նամակագրությունը շարունակվում է մինչ օրս:  

Զուգահեռաբար, Գիյան որոշել է ձեռքերը ծալած չնստել նաեւ հայրենիքում: Վրաստանում այդ կարգավիճակը՝ «ձեռքերը ծալած չնստել», սովորաբար փոխակերպվում է երկու կատեգորիայի: Առաջինն ու ամենատարածվածը՝ լավ (այստեղ սկզբունքորեն վատը լինել չի կարող) տնական գինի խմել հարեւանների հետ այգու նստարանի վրա: Երկրորդը՝ առաջադրվել: Գիյան ընտրել է երկրորդը: Իմ հարեւանն արդեն առաջադրվել է համալսարանի ռեկտորի, պատգամավորի պաշտոններում… Ապարդյուն: Հոգ չէ. Վրաստանում կարեւորը քեզ ցույց տալն է, այլ ոչ թե ուրիշներին նայելը: 

Առօրյայում Գիյան հիանալի, բարեհոգի հարեւան է: Եվ աշխատանք էլ ունի: Բայց երբ հորիզոնում երեւում են որեւէ ընտրություններ, նրա հոգում ինչ-որ առեղծվածային ազդակներ են ի հայտ գալիս: Գիյան չվճարվող արձակուրդ է վերցնում եւ հագնում տոնական բաճկոնը: Դա նրա հայրիկին արդեն այնպես է հոգնեցրել, որ զգալով հերթական նախընտրական մթագնումը՝ վերջինս դիմում է մերձավորի օգնությանը: Կոնկրետ այս դեպքում՝ աստիճանավանդակում իր հարեւանին. «Չեմ կարող ես այս ամենին հանգիստ նայել, կմեկնեմ գյուղ, մաքուր օդ կշնչեմ: Դու 30-40 լարի ունե՞ս: Գիյան աշխատավարձ կստանա, կվերադարձնի»:

30 եւ նույնիսկ 40 լարի ես ունեի: Ինչպե՞ս չօգնել տարեց մարդուն, ով որոշել է փոխարինել սեփական տան լարված, առկայծող նախընտրական օդը գյուղի թարմ օդով: 

Ես պարտքի առումով Գիյային չեմ շտապեցնում: Նրա մրցակիցներն ունեւոր են: Նրանք ունեն շտաբներ, աջակցող խմբեր եւ վահանակներ ամբողջ քաղաքում: Միգուցե հենց իմ 40 լարիի մի մասով է Գիյան պատճենել իր դիմանկարն ու սոսնձել մեր հարազատ փողոցում:  

Կավարտվեն ընտրությունները, կցրվեն դիտորդներն ու արեւմտյան թղթակիցները, հեռուստաընկերությունների եթերը կազատվի ակնհայտ անիրատեսական խոստումների աղբից, կյանքը կընթանա իր հունով, եւ մենք Գիյայի հետ կգնանք ռեստորան: Ես կհրավիրեմ, որպեսզի հարեւանս չհուսահատվի:

Ես նրան կհանգստացնեմ, կասեմ՝ հետո ի՞նչ, որ ոչ մի ձայն չհավաքեցիր, նայի՛ր, ահա, ...ձեն հավաքեց ոչ այնքան, որքան հույս ուներ, իսկ ...շվիլին առհասարակ ձախողվեց, մինչդեռ նրանք քեզանից (եւ ինձանից) շաաաաաաատ ավելին էին ծախսել: 

Ես նրա համար նույնիսկ լավ կենաց կնախապատրաստեմ: Հուսադրող:

Եվ կհիշեցնեմ նրան, որ շատ շուտով՝ գարնանը, նոր ընտրություններ են լինելու՝ համայնքային: Սա Վրաստանն է, փառք Աստծո, մեզ մոտ ընտրություններ հաճախակի են լինում: Կարելի է կրկին առաջադրվել:

Եվ ես, եթե մոտս լինի, կրկին նրան պարտքով փող կտամ, անշուշտ:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին