Հեղափոխության թիվ մեկ զուգարանը - Mediamax.am

Հեղափոխության թիվ մեկ զուգարանը
3879 դիտում

Հեղափոխության թիվ մեկ զուգարանը


Նոյեմբերի 23-ին Վրաստանի քաղաքացիները կտոնեն (կամ չեն տոնի) «Վարդերի հեղափոխության» 10-ամյակը:

Այդ դարակազմիկ իրադարձությունը ես դիմավորեցի կիսանկուղային պայմաններում: Իրականում վիճակս այդքան էլ վատ չէր: Ընդհակառակը, Փրայմ-Նյուզ լրատվական գործակալությունը, որի խորհրդականն էի այն ժամանակ, գրասենյակ էր վարձակալում Թբիլիսիի ամենակենտրոնական մասում: Այդ անկախ ԶԼՄ-ի ֆինանսական վիճակը թույլ էր տալիս տարածք վարձակալել միայն գետնի մակարդակից ցածր: 

Փոխարենը մենք գտնվում էինք էպիկենտրոնում՝ նախագահի նստավայրի եւ խորհրդարանի շենքի հարեւանությամբ, որտեղ եռում էին կրքերը: Ներքին զորքերը պահպանում էին գլխավոր պետական հաստատությունները հեղափոխական տրամադրություններով տոգորված խմբերից: Մեզ թույլ էին տալիս աշխատավայր գնալ՝ ըստ հատուկ ցուցակների:

Գործակալության լրագրողները հաշվում էին, թե քանի զինվորական է անցել պատուհանների կողքով, հաշվում էին ռազմական մեքենաների անիվները՝ օպերատիվ թարմացնելով լրահոսը: Կարեւորը, որ մեր տեղեկատվությունը բացառիկ էր: 

Բայց պաշտամունքի հատուկ վայր էր դարձել գործակալության զուգարանը:

Կառավարությունն, իհարկե, չէր մտածել սպաների ու զինվորականների բնական կարիքների մասին, ովքեր օրերով հսկում էին նախագահ Շեւարդնաձեի նստավայրն ու խորհրդարանը: 

Եռանդուն հեղափոխականները, ովքեր նույնպես գիշեր-ցերեկ գտնվում էին քաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում եւ հարակից տարածքներում, եւս բնական պահանջները հոգալու կարիք էին զգում: Այդպիսով, համամարդկային ինչ-որ բան երկու կողմերին միավորում էր մեր խմբագրության զուգարանի շուրջ:

Մենք ոչ ոքի չէինք մերժում՝ պահպանելով հավասարություն: Հանդուրժում էինք արտահերթ այցելուներին, որոնք շտապողաբար կոճկում էին զինվորական տաբատները կամ ջինսերը՝ լքելով գրասենյակը:

Եվ լրագրողական հաջողությունը մեզանից երես չթեքեց՝ մեծապես փոխհատուցելով զուգարանաթղթի հավելյալ ծախսերը:

Դեպի խորհրդարան հեղափոխականների վճռորոշ ներխուժումից մի քանի ժամ առաջ մի սպա, կարիքները հոգալով, տեղեկացրեց, որ զինվորները չեն կրակելու եւ չգրված հրաման կա հեղափոխականներին թույլ տալ «ներս հոսել»: Այդ նորությունը գործակալությունը թողարկեց առաջինը՝ վկայակոչելով «հավաստի աղբյուրներին»:    

Տասը տարի անց, հիշելով այդ օրերի խելահեղ ծանրաբեռնվածությունը, ես մտածում եմ, որ կիսանկուղային զուգարանը կարող էր կանխել հեղափոխությունը: Եթե մենք պատնեշափակվեինք, ապա զինվորականները կցրվեին իրենց զորանոցներով, իսկ հեղափոխականները՝ տներով: Դա, իհարկե, հեգնանք է, բայց սկզբունքորեն ես կողմ եմ էվոլյուցիային, ոչ թե հեղափոխությանը:

Այդ պատճառով չեմ կարող չհամաձայնել վրաց հայտնի փիլիսոփա Զազա Շատիրիշվիլիի հետ, ով տարեդարձի նախօրեին ասել է. «Հեղափոխությունը բացասական փորձ էր: Ժամանակը ցույց տվեց, որ անհրաժեշտ է գնալ պետության զարգացման այլ ճանապարհով: Եվ այդ օրերի հերոսների ճակատագրերը դրա վառ ապացույցն են: Նրանցից ոչ ոքի վիճակն ավելի լավը չդարձավ: Ժվանիան զոհվեց, Սաակաշվիլին հոգեպես զոհվեց, Բուրջանաձեն ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ փակ շրջանից»:

Վախենում եմ աչքով տալ, բայց իմ առաջին տպավորությամբ, հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունները, որոնք վերջ դրեցին Միխայիլ Սաակաշվիլիի եւ նրա «Ազգային միացյալ շարժման» շուրջ 10-ամյա կառավարմանը, հանգեցրին ոչ միայն պետական կառավարման համակարգի ձեւափոխմանը (Վրաստանը պառլամենտական հանրապետություն դարձավ) եւ ոչ միայն քաղաքական թատերաբեմ դուրս բերեցին նոր գործող անձանց, այլեւ մտածելակերպի որոշակի փոփոխություններ կատարեցին` հասարակության կողմից քաղաքական գործընթացների ընկալման հարցում: Մեկ այլ փիլիսոփա եւ համատեղությամբ Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ասում է, որ «այս ընտրություններով երկիրը եզրափակեց զարգացման հետխորհրդային շրջանը: Այս տարիների ընթացքում քաղաքականությունը արգելափակում էր տնտեսության, մշակույթի զարգացումը: Իմ կարծիքով, Վրաստանն այժմ թեւակոխում է իրական եվրոպական կողմնորոշման, եվրոպական քաղաքական կուլտուրայի դարաշրջան»:

Եվ հենց դա էլ վախենում եմ աչքով տալ:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին