Սաակաշվիլի` «կանչով» դեմոկրատ - Mediamax.am

Սաակաշվիլի` «կանչով» դեմոկրատ
4824 դիտում

Սաակաշվիլի` «կանչով» դեմոկրատ


Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ամենուր է: Սկզբում Եվրոպայում թափառում էր նրա ուրվականը. Կիեւում ցույցերի անցկացման պահից ի վեր քչերն էին կասկածում, որ Սաակաշվիլին կհայտնվի ընդդիմության բարիկադներում: Ուշադրության կենտրոնում եւ հեռուստացույցի էկրանին լինելը նրան օդի նման անհրաժեշտ է: Քաղաքական ուրվականներին այդպիսի օդն անհրաժեշտ է, այլապես քաղաքական դիակի վերածվելն անխուսափելի կլինի:  

Ուրվականը կենդանացավ անցյալ հանգստյան օրերին: Վրաստանում հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո կամ գուշակում էին, թե որտեղ կարող է լինել Սաակաշվիլին, կամ քննարկում էին դա սոցիալական ցանցերում իր իսկ գրառումներից ելնելով: Կինը` Սանդրա Ռուլովսը, ամուսնուն կարոտում էր Հոլանդիայում, իսկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը իր նախագահին` Վրաստանում: Հայտնվում էին հաղորդագրություններ, որ Սաակաշվիլին ԱՄՆ-ում է: Հետո` Բրազիլիայում: Ուրախացրեց Ռուլովսը. ամուսինը «լի է էներգիայով, չի հոգնում»: Միաժամանակ, նրա խոսքերով, «զգում է, որ վրաց ժողովուրդը պետք է մի քիչ հանգստանա իրենից»: 

Սաակաշվիլիի կանխատեսելի հայտնությունը Կիեւում, որտեղ նա ժամանակին սովորել է բուհում, կանխատեսելիորեն պսակվեց հանդիպմամբ ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ: Այստեղ տեղին է հիշել, որ վրացական տասնամյա վաղեմության «վարդերի հեղափոխության» գաղափարախոսներն ու ակտիվիստները բավականին նկատելի էին ուկրաինական հրապարակներում 2004 թվականին`«նարնջագույն» իրադարձությունների ընթացքում: Բայց ավելի թարմ են այլ` 2010թ. ձմեռային հիշողությունները` Ուկրաինայի նախագահական ընտրությունները: Այդ ժամանակ Ուկրաինայի ԿԸՀ-ն մերժեց բազմաթիվ «վրաց դիտորդների» հավատարմագրումը: Ուկրաինան կասկածեց, որ դրանք «մարտիկներ» են` ուղարկված քվեարկությանը խոչընդոտելու համար: Վրաստանի այն ժամանակվա իշխանությունները չէին թաքցնում համակրանքը Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ: Վերջինս պարտվեց ընտրություններում, եւ պարզ դարձավ, որ հաղթողը` Վիկտոր Յանուկովիչը, ի տարբերություն Վիկտոր Յուշչենկոյի, Սաակաշվիլիի ընկերը լինել չի կարող:      
 
Նույն 2010թ. ամռանը «դիտորդների» հետ կապված թյուրիմացությունը փորձեց հարթել ինքը Սաակաշվիլին, ով հուլիսի 9-ին անսպասելիորեն ժամանեց` շնորհավորելու Յանուկովիչին 60-ամյակի կապակցությամբ: Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում ասում էին, որ պատահական են իմացել հյուրի այցի մասին:

Գիտակցելով, որ Յանուկովիչն իր ընկերը չէ, 2011թ. վերջին Սաակաշվիլին` գործող նախագահը (!), սկսում է ուկրաինական նոր ընդդիմադիր քաղաքական վերնախավի «հետախուզությունը»` Վիտալի Կլիչկոյի հետ հանդիպելով նախ Մարսելում, ապա՝ Եվրոպական ազգային կուսակցության գագաթնաժողովի ժամանակ, իսկ հետո` նախորդ տարեվերջին՝ Կիեւում: Ինչպե՞ս պետք է դրան վերաբերվեին Ուկրաինայի գործող իշխանությունները:

Կիեւում, ելույթ ունենալով Մայդանում, Սաակաշվիլին վրացիներին եւ ուկրաինացիներին կոչ է անում միասին դիմակայել Ռուսաստանին: «Քույրեր եւ եղբայրներ, ես այսօր ուկրաինացի եմ,- Վրաստանի նախկին նախագահը բացատրում է իր հայտնությունը: - Եվ վրացի: Նշանակում է` եվրոպացի»:

Կիեւից` Քիշնեւ:

«Մոլդովան չպետք է վախենա Ռուսաստանի ճնշումներից»,- արդեն այնտեղ է կոչ անում Վրաստանի նախկին նախագահը: Եվ այլն: Դեռեւս հայտնի չէ միայն, թե այնտեղ Սաակաշվիլին արդյոք ասե՞լ է. «Ես մոլդովացի եմ»:
 
Մասնավորից` ընդհանուրին: Խոսակցություններն այն մասին, որ Սաակաշվիլին ուսումնասիրում է Արեւմուտքում դասախոսություններ կարդալու կամ որեւէ միջազգային կազմակերպությունում աշխատելու առաջարկությունները, նրանց համար, ում ծանոթ է նրա անխոնջությունը, կարծես անեկդոտ լինեն: Սաակաշվիլին հասկանում է, որ ստվերն իր համար այժմ հավասարազոր է քաղաքական մահվան: Ինքն էլ խոստովանել է, որ իր ժողովուրդը պետք է հանգստանա իրենից: Կարծում եք` Արեւմուտքում նրանից չե՞ն հոգնել:

Մյուս ասպեկտը: Ինչպե՞ս պետք է իրենց պահեն նախկին նախագահները: Պատասխան. տարբեր կերպ: Բայց հաստատ գիտեմ, որ ոչ այնպես, որպեսզի երկիրը ներողություն խնդրի իրենց փոխարեն: Եթե ներողություն չէ, ապա ի՞նչ է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հայտարարությունը. «Սաակաշվիլիի խոսքերը չեն արտահայտում պաշտոնական դիրքորոշումը»:

Ինչը կուղղի սապատավորին` հայտնի է: Իսկ ի՞նչը կփրկի ի ծնե հեղափոխականին:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին