«Երազանքը» արձակել է լեզուները - Mediamax.am

«Երազանքը» արձակել է լեզուները
11596 դիտում

«Երազանքը» արձակել է լեզուները


Օրերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին այցելեց Սամցխե-Ջավախեթի շրջան, որը պատմականորեն խիտ բնակեցված է էթնիկ հայերով: Սովորության համաձայն հանդիմանելով «Վրացական երազանքի» կառավարությանը իբրեւ թե այդ շրջանում աչքաթող արված ծրագրերի համար՝ սկսած տրանսպորտային հաղորդակցությունից մինչեւ տեղացիներից կարտոֆիլի մթերումը (նույնպես սովորության համաձայն, հաջորդ օրը նախարարների կաբինետը հերքեց այդ պնդումները՝ երկրի ղեկավարին մեղադրելով սուտ խոսելու համար), Սաակաշվիլին այսպիսի եզրահանգում արեց. «Դեռեւս լուրջ վտանգ չկա, անուղղելի ոչինչ չի կատարվում»:

Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեպքերից հետո Վրաստանի կենտրոնական իշխանությունները չափազանց նուրբ են մոտենում այլ շրջաններում հնարավոր անջատողականության թեմային: Սամցխե-Ջավախեթիի մասին վերջին ժամանակներս շատ են խոսում հենց այդ պատճառով: Խթան է հանդիսացել ախալքալաքցիների կողմից հայերեն լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու հարցի վերակենդանացումը՝ վկայակոչելով Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան: Երբ 1999թ. ապրիլին Վրաստանին ընդունում էին Եվրոպայի Խորհուրդ, երկիրը պարտավորություն էր ստանձնել ստորագրել ու վավերացնել Խարտիան մեկ տարվա ընթացքում, բայց մինչ օրս էլ դա արված չէ: Ի դեպ, այդ ժամանակ Սաակաշվիլին գլխավորում էր խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը եւ, ինչպես ասում են նրա ընդդիմախոսները, բոլորից շատ էր լոբբինգ անում այդ Խարտիայի ստորագրման ուղղությամբ, որպեսզի Վրաստանը Եվրոպայի Խորհուրդ ընդունեն հարեւաններից շուտ…

Այժմ Սաակաշվիլին ասում է. «Վրացերեն լեզուն պետք է (Սամցխե-Ջավախեթիում) մտցվի որպես պետական: «Լեզվի խնդրին» մեր պատասխանը պարզ է: Վրաստանում հաջողության կարելի է հասնել վրացերեն լեզվով: Խորհրդային Միության ժամանակաշրջանում (Սամցխե-Ջավախեթիում) նկատվում էր ռուսացման գործընթաց: Մենք պետք է նրանց (Սամցխե-Ջավախեթիի բնակիչներին) ինտեգրենք ոչ թե ինչ-որ խարտիաներով, այլ վրացերեն լեզվի դիրքերի ամրապնդմամբ»: Նախագահը նշում է, որ իր «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներին իշխանություններն երկու անգամ հրաժարվել են վավերացնել Խարտիան, որպեսզի չկանգնեն «լուրջ խնդիրների» առջեւ: Ապա Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին առաջարկեց այդ հարցերը քննարկել Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Արձագանք դեռեւս չկա:

Ի դեպ, Սաակաշվիլին հիշում է, որ «ցնցված էր» իր կառավարման առաջին տարիներին, երբ, գալով Սամցխե-Ջավախեթի, տեսավ, որ այնտեղ «ոչ ոք վրացերեն չի խոսում»: Այժմ, վստահեցնում է նա, իրավիճակն այլ է: «Մենք չենք ցանկանում դուրս մղել հայերեն լեզուն, մենք ցանկանում ենք, որպեսզի նրանց համար (Սամցխե-Ջավախեթիի բնակիչների) վրացերենը լինի հաջողության լեզու»:

Նախագահն ինչպես միշտ հակասական է, իսկ ահա թեման իսկապես լուրջ է: Վավերացնե՞լ Խարտիան, թե՞ ոչ: Եվ ինչի՞ կարող է դա հանգեցնել: Արդյո՞ք դա ազդակ կհանդիսանա անջատողականության համար: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն պնդում է. «Սամցխե-Ջավախեթիին ինքնավար կարգավիճակ տրամադրելու մասին խոսք լինել չի կարող»: Նրա խոսքերով, այնտեղի բնակիչներն օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսին եւ Վրաստանի մյուս քաղաքացիները:

Վրաստանի համար լեզվի թեման առանձնակի կարեւոր է: Ապրիլի 14-ն այստեղ հռչակված է ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր: 1978 թվականին՝ նոր Սահմանադրության օրինագծի քննարկման ժամանակ, Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շեւարնաձեին հաջողվեց երկրում պահպանել վրացերեն լեզվի պետական կարգավիճակը՝ ռուսերեն լեզվին զուգահեռ: Տեղի Գերագույն խորհրդի նիստի ընթացքում Թբիլիսիի փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր վրացիներ: Քաղաքի կենտրոնը շրջափակված էր ներքին զորքերով:
 
Պետք է ասել, որ «Վրացական երազանքը» «արձակել է լեզուները»: Այսինքն, կարելի է քննարկել ոչ միայն հայերենի հարցը, այլեւ վերջին ժամանակներս ոչ այնքան սուր է դրված նույնիսկ «օկուպացիոն» ռուսերենի խնդիրը, ինչպես 2008թ. պատերազմից հետո: Ոչ վաղ անցյալում ռուսերեն լեզուն, ռուսերեն երգերը ոչ միայն խիստ քաղաքականացված էին, այլ նույնիսկ մասնակի արգելված: 2008 թվականին Վրաստանի կառավարությունը որոշեց անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները, բայց այժմ դրանք վերադարձել են: Հետո սկսվեց հարձակումը ռուսերեն լեզվով երգերի վրա: Ռեստորանային երգիչները հանկարծ դադարեցին դրանք կատարել նույնիսկ պատվերով: Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախկին նախարար Նիկոլոզ Ռուրուան խոստովանում էր, որ անձամբ ինքը բացարձակ հաճույք չի ստանում, երբ մայիսի 9-ին լսում է «День победы»  երգը: Իսկ այժմ հյուրախաղերով երկիր են այցելում «Ումա Թուրման» խումբը, Անդրեյ Մակարեւիչը, Անժելիկա Վարումը եւ Լեոնիդ Ագուտինը: Եթե կա պահանջարկ, ինչու՞ ոչ:  

Պանկիսիի կիրճում, որտեղ ի թիվս էթնիկ չեչեն-քիստերի շատ են նաեւ փախստականները Չեչնիայից, դասավանդելու են չեչեներեն լեզվով: Կրթության նախարարությունն արդեն թույլ է տվել: Հասկանալի է, որ ամենակարեւորն անգլերենն է: «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներից սկսած այն ուսուցանելու նպատակով երկիր են ժամանում հարյուրավոր օտարերկրացի կամավորներ: Սաակաշվիլին բացատրում է, ոչ առանց անգլերենի դեպի քաղաքակրթություն տանող ճանապարհը փակ է…
 
Քո լեզուն քո ընկերն է:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին