Ինչ ասաց ու ինչ չասաց Դավիթ Տոնոյանը - Mediamax.am

Ինչ ասաց ու ինչ չասաց Դավիթ Տոնոյանը
8390 դիտում

Ինչ ասաց ու ինչ չասաց Դավիթ Տոնոյանը


Օգոստոսի 1-ին եւ 2-ին գրեթե երկու տարի «ժանգոտ հրթիռների» գործով կալանավորված Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանում էր 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող «քննիչ հանձնաժողովի» անդամների հարցերին:

Առաջին օրը նիստը բաց էր հանրության համար, երկրորդ օրը՝ փակ: Բնականաբար, կարող ենք դատողություններ անել միայն առաջին օրվա մեր լսածի մասին, թեեւ քիչ հավանական եմ համարում, որ երկրորդ օրը Դավիթ Տոնոյանը արմատապես նոր տեղեկություններ հայտներ: Կարծում եմ, հիմնականում առաջին օրվա ասելիքը լրացվել է փաստերով եւ տեղեկություններով, որոնք պետական կամ ռազմական գաղտնիք էին պարունակում:

Նախքան Տոնոյանի ելույթին եւ դրա արձագանքներին անդրադառնալը ցանկանում եմ առանց երկիմաստությունների արձանագրել. 2018-2020 թվականներին զբաղեցնելով Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, Դավիթ Տոնոյանը պատասխանատվություն է կրում 44-օրյա պատերազմում մեր կրած պարտության համար եւ այդ բեռը նա իր ուսերին կրելու է ողջ կյանքի ընթացքում: Բոլորովին այլ հարց է, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նիստի օրը որոշել էր հանդես գալ «բարի քննիչի» դերում, որեւէ իրավունք չուներ նիստի ավարտից հետո գործածության մեջ դնել «պարտության նախարար» եզրույթը:

Դեռեւս նիստի ընթացքում եւ հատկապես դրա ավարտից հետո որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական կայքերում արշավ սկսվեց Դավիթ Տոնոյանի դեմ, որի հիմնական ասելիքը սա էր. «Եթե Տոնոյանը չի ասում, որ Փաշինյանը դավաճան է, ուրեմն, գործարք է կնքել իշխանությունների հետ»: «Ձեռի հետ» սկսեցին մի հին տեսանյութ տարածել. Խնձորեսկի ճոճվող կամրջի վրա երաժշտություն է հնչում, Տոնոյանը պարում է, Փաշինյանը նկարում է իր հեռախոսով: Եվ ոչ մեկ «չնկատեց», որ Տոնոյանի թիկունքում պարում է նաեւ այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը 2018-ի հայտնի ձայնագրության ժամանակ ասում էր, որ դատավորը «ուզի-չուզի» Ռոբերտ Քոչարյանի «կալանքը պիտի տա»: 2019-ի սեպտեմբերին, պատերազմից մեկ տարի առաջ, նա թողեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իսկ պատերազմից կես տարի անց դաշինք կազմեց Հանրապետական կուսակցության հետ, որը կոչվեց «Պատիվ ունեմ»:

Մյուս կողմից, այդ արշավը մասամբ սադրեց հենց Տոնոյանը, որը թե՛ առաջին, թե՛ երկրորդ օրը կշտամբանքներ հնչեցրեց ընդդիմության հասցեին, որը հրաժարվել էր մասնակցել նիստին: Մասնակցելու հրավերը ինքը նախապես հնչեցրել էր ու եթե այն չէր ընդունվել, կարծում եմ, պետք էր ընդդիմության որոշումը հարգել եւ մեկնաբանություններ չանել: Ինչպես նաեւ գիտակցել, որ ընդդիմությանը կշտամբելը ջուր էլ լցնելու իր՝ իշխանության հետ «գործարք» կնքելու տեսության ջատագովներին:

Եթե հասարակության մի մասի մոտ գերիշխում էր Տոնոյանի կողմից Փաշինյանի քննադատություն լսելու ցանկությունը, տարօրինակ է, որ շատերը չկարողացան ընկալել այն ուղերձները, որոնք կային նախկին նախարարի խոսքում:

Ընդ որում, հատկանշական է, որ դրանք նոր չեն, նա դրանք հնչեցրել էր նաեւ վերջին երկու տարվա ընթացքում:

1. Դավիթ Տոնոյանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի իր պաշտոնանկությունից հետո, իր համար անընդունելի է:

Ս.թ. մայիսի տարածած հաղորդագրության մեջ նա ասել էր.

«ԱԺ պատգամավորների եւ լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց եւ ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաեւ «անկլավների» հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»:

2. Պատասխանելով պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին, նախկին նախարարը շեշտեց, որ եղել է կառավարության եւ ոչ թե քաղաքական թիմի անդամ:

Նույնը ասել էր 2022 թվականի ապրիլին՝ պատասխանելով 168.am-ի հարցերին.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու վարչապետի առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձեւավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաեւ` բազմաթիվ ընկերներիս եւ ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը եւ անցած ճանապարհը»:

3. Իր եզրափակիչ խոսքում Դավիթ Տոնոյանն ասաց.

«Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի, իսկ «ամեն ինչ ավարտված է» ոճով ելույթներն անարգում են նրանց հիշատակը: Նրանք իրենց կյանքը տվել են, որպեսզի մենք այսօր ջանքեր գործադրենք, վերլուծենք սխալները ու գտնենք արժանապատիվ կյանքին վերադառնալու ճանապարհը: Նրանք իրենց կյանքը չեն տվել նրա համար, որ մենք բարձր ամբիոններից ելույթներ լսենք այն մասին, որ ամեն ինչ վերջացած է եւ պետք է համաձայնվենք մեզ պարտադրվող բոլոր պայմաններին»:

Եթե որեւէ մեկը չի հասկանում այս ուղերձը, ուրեմն, պարզապես, չունի հասկանալու ցանկություն եւ առաջնորդվում է բոլորովին այլ նպատակներով:

Բայց ինձ համար Տոնոյանի ելույթի ամենամեծ բացահայտումն այն է, որ 2020 թվականի սեպտեմբերը ինքը փաստացի նվիրել էր ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դեսպանների հետ հանդիպումներին՝ փորձելով նրանց ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած եւ անդադար Արցախի օդային սահմանների մոտ թռիչքներ իրականացնող թուրքական չորս F-16 ինքնաթիռները վկայում են հնարավոր պատերազմի մասին՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ:

Պաշտպանության նախկին նախարարն ասաց նաեւ, որ պատերազմին նախորդած ամիսներին երեք անգամ հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ, մեկ անգամ էլ Երեւանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալի հետ: Խոսեց նաեւ այն մասին, որ պատերազմի ընթացքում Ալիեւն առնվազն երկու անգամ հրապարակային դժգոհել է նրանից, որ Հայաստան զենք է մատակարարվում:

«Փորփրեցի» 2020 թվականի սեպտեմբերի մեր արխիվը եւ որոշ նյութեր առանձնացրեցի, որոնք նոր լույսի ներքո են ներկայանում՝ հանձնաժողովում Տոնոյանի ելույթից հետո:

Այսպես, 2020թ. սեպտեմբերի 4-ին՝ ելույթ ունենալով ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին, Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասում էր.

«Տարածաշրջանում ռուսաստանյան ներկայությունը եւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը տարածարջանային կայունություն եւ անվտանգության պահպանման կարեւորագույն զսպող գործոններ են հանդիսանում»:

Եվ շարունակում էր.

«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը կոնֆլիկտային մեծ ներուժ ունի: Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվում է տարաձայնությունների սրում, ինչը, մեր գնահատմամբ, որոշակի երկրների հավակնությունների ընդլայնման հետեւանք է»:

Այս ելույթից երկու օր առաջ, 2020թ. սեպտեմբերի 2-ին ընդունելով Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպանին, Իլհամ Ալիեւն ասում էր.

«Դուք, երեւի, գիտեք, որ մենք արձագանքել ենք սահմանին Հայաստանի հրահրած սադրանքից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան սպառազինությունների ինտենսիվ մատակարարումներին: Ակտիվ բախումները կանգնեցվեցին հուլիսի 16-ին եւ հուլիսի 17-ից մինչեւ երեկ Ռուսաստանից Հայաստան մերձկասպյան երկրների օդային տարածքով մեծ քանակությամբ բեռնատար թռիչքներ են իրականացվել: Ես միայն ձեզ չեմ ասում դրա մասին, մենք այս հարցը բարձրացրել ենք նաեւ ռուսաստանցի գործընկերների առջեւ, որովհետեւ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի համար»:

2020թ. օգոստոսի 29-ին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ հուլիսյան սահմանային մարտերից հետո Ռուսաստանն «ինտենսիվորեն զինում է Հայաստանին»: Եվ դա նրանից հետո, երբ օգոստոսի 25-ին Բաքու այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Մոսկվայի գործողությունները ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

Իսկ ավելի վաղ, 2020թ. օգոստոսի 12-ին Ալիեւը Պուտինին ասել էր, անհանգստացած է Հայաստան ռազմական մատակարարումներով:

«Իլհամ Ալիեւը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից Հայաստան  (Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան եւ ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է», - ասված էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոս կատարած այցի ընթացքում հայտարարել էր.

«Մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման»:

Իսկ ի՞նչ էր հայտարարում 2020 թ. սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը: Սեպտեմբերի 16-ին Ազգային Ժողովում նա, մասնավորապես, ասել էր.

 «Հուլիսյան մարտերը փոխեցին հետեւյալ տրամաբանությունը՝ մենք ասում էինք, որ Հայաստանի եւ Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ 24 ժամվա ընթացքում իրենք ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ»։

Սեպտեմբերի 25-ին, պատերազմի մեկնարկից 2 օր առաջ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում էր.

«Հուլիսյան մարտերն ի դերեւ հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը եւ հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից եւ սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»:

Այս ամենը համադրելով՝ բազում հարցեր են առաջանում:

Եթե Դավիթ Տոնոյանը սեպտեմբերին տասնյակից ավել հանդիպումներ էր ունենում դեսպանների հետ եւ ահազանգում մոտալուտ վտանգի մասին, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը խոսում առասպելների մասին:

Արդյո՞ք Տոնոյանը եւ Մնացականյանը Փաշինյանին զեկուցել են այն մասին, թե ինչ վտանգ է սպառնում Հայաստանի եւ Արցախին:

Եթե Փաշինյանը տեղեկացված է եղել վտանգի մասին, ինչո՞ւ շտապ խորհրդակցություններ չի նախաձեռնել համանախագահ երկրների հետ, ինչու չի դիմել Հայաստանի եւ Արցախի ժողովրդին:

Հարցերը շատ են, պատասխաններ չկան: Եվ խնդիրը միայն Տոնոյանի կամ Փաշինյանի կայացրած կամ չկայացրած որոշումները չեն: Խնդիրն այն է, որ անգամ այսօր, պատերազմից երեք տարի անց, մենք չենք ուզում իրական վերլուծությամբ զբաղվել՝ այդպիսով ճանապարհ բացելով դեպի վերածնունդ: Շարունակում ենք ապրել սեւ ու սպիտակի տրամաբանության մեջ՝ այս մեկը միանշանակ ճիշտ է, այն մեկը՝ միանշանակ սխալ: Նա դավաճան է, այս մեկը՝ հերոս: Ու երբ այսօր Ալիեւը հայտարարում է, որ «հայերը պետք է ընտրություն կատարեն ոչ թե լավի կամ վատի, այլ վատագույնի եւ ընդունելիի միջեւ», դրա պատճառներից մեկը մեր՝ սեւի ու սպիտակի տրամաբանության մեջ մնալն է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին