Տոնոյանը նոր փաստեր է ներկայացրել պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին - Mediamax.am

3212 դիտում

Տոնոյանը նոր փաստեր է ներկայացրել պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ իրեն ամենից շատ պատասխանատու է համարում նրա համար, որ չկարողացավ կանխել 2020 թվականի պատերազմը:

Այդ մասին Դավիթ Տոնոյանն ասել է՝ պատասխանելով 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին:

 

Պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ 2020 թվականի պատերազմին նախորդած ամիսներին երեք անգամ հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ, մեկ անգամ էլ Երեւանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալի հետ:

 

Դավիթ Տոնոյանն ասել է, որ այդ շրջանում հայկական կողմը լուրջ մտահոգություններ ուներ՝ պայմանավորված նրանով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո թուրքական F-16 ինքնաթիռները չէին վերադարձել Թուրքիա, այլ տեղակայվել էին Գյանջայի օդանավակայանում:

 

«Գրեթե ամեն օր չորս F-16 ինքնաթիռ օրական 5-6, երբեմն 8 ժամ էին անցկացնում օդում՝ մոտենալով Հայաստանի եւ Արցախի օդային սահմաններին: Մեր մտահոգություններն էլ ավելի սրվեցին, երբ Թուրքիան ռոտացիա անցկացրեց՝ ոչ միայն օդաչուների, այլեւ ինքնաթիռների», - մանրամասնել է պաշտպանության նախկին նախարարը:

 

Պատասխանելով ռուսաստանյան կողմի արձագանքների մասին հարցին, Դավիթ Տոնոյանն ասել է, որ «մեզ հորդորում էին չսադրել եւ սառնասիրտ լինել, ինչը մեր կողմից արվել է»: Նա, մասնավորապես, նշել է, որ F-16-ները երբեմն այնքան են մոտեցել, որ թիրախավորվել են Արցախի Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի կողմից, սակայն խոցման հրաման չի արձակվել:

 

Նախկին նախարարն ասել է, որ 2020թ. սեպտեմբերին հանդիպումների շարք է ունեցել ՀԱՊԿ երկրների եւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

 

«Բոլորին ներկայացնում էի F-16-ի թռիչքների մասին մանրամասն տեղեկատվությունը: ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մեր գործընկերներին միայն մեկ խնդրանք էի հնչեցնում՝ չեզոքացնել Թուրքիայի ներգրավումը հնարավոր գործողություններին», - ասել է Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, 2020թ. սեպտեմբերին ընդհանուր առմամբ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների 12 դեսպանների հետ, որոնցից մի քանիսի հետ՝ ոչ մեկ անգամ:

 

«Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել պատերազմին», - շեշտել է Դավիթ Տոնոյանը:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատերազմի ընթացքում Հայաստանը, դաշնակցային հարաբերություններից ելնելով, կաշկանդված է եղել որոշակի զինատեսակների կիրառման հարցում, պաշտպանության նախկին նախարարն ասել է.

 

«Որոշակի սահմանափակումներ եղել են ոչ թե զինատեսակների, այլ դրանց կիրառման աշխարհագրության հետ կապված»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին