Ճակատագրական երրորդ պարբերությունը - Mediamax.am

Ճակատագրական երրորդ պարբերությունը
3567 դիտում

Ճակատագրական երրորդ պարբերությունը


1996 թվականի սեպտեմբերի վերջն էր։ Դրանից մեկ շաբաթ առաջ Լեւոն Տեր֊ Պետրոսյանը ձայների 51%-ով ընտրվել էր ՀՀ նախագահ։ Ընդդիմությունը ըմբոստացել եւ ոտքի էր ելել։ Քաղաքում, մեղմ ասած, անկարգություններ էին։

Այդ ժամանակ աշխատում էի Պետական հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրում՝ որպես մեկնաբան։ Հատկապես այդ օրերին «Լրաբերի» աշխատանքը խիստ ծանրաբեռնված էր եւ պատասխանատու։ Ամեն բառը, տառը, ժեստը, միմիկան մանրադիտակի տակ էր։ Այդ օրերին «Լրաբեր»-ի գլխավոր եթերից 10 րոպե առաջ նախագահական նստավայրից կարեւոր ֆաքս ստացվեց՝ եվրոպական դիտորդական առաքելության ղեկավար Սայմոն Օսբորնի եզրակացությունն էր ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Ես արդեն տաղավարում էի, երբ «Լրաբեր»-ի այն ժամանակվա տնօրեն, լուսահոգի Ալեքսանդր Ւսկանդարյանը ֆաքսը շտապ բերեց ինձ։

«Գայ, շատ կարեւոր լուր ա, ուշադիր կլինես, հենց առաջինը սա ենք տալիս։ 3-րդ պարբերությունն ա ամենակարեւորը, առոգանությամբ, շեշտադրումներով կարդա, թող դրսում բորբոքված կրքերն էլ հանդարտվեն»,- ասաց Ւսկանդարյանն ու շատ կարեւոր ու վճռական քայլերով դուրս եկավ տաղավարից։

Երրորդ պարբերությունը սկսվում էր Օսբորնի եզրակացության մեջբերմամբ. «Ես ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, որ նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին ազատ, արդար, ժողովրդավարական ճանապարհով»...

Ուղիղ եթերին վայրկյաններ էին մնացել։ Հասկանում էի, որ այդ օրվա «Լրաբեր»-ին շատ կարեւոր պաշտոնյաներ էին հետեւելու։ Սրտիս զարկերը եռակի արագացել էին, շունչս կտրվում էր, ճակատագիրս այդ օրվա եթերից ու Օսբորնի տեքստի երրորդ պարբերությունից էր կախված։ 5, 4, 3, 2, 1... գլխագիրը եթերում է։

«Բարեւ ձեզ, Հայաստանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում «Լրաբեր»-ի հիմնական թողարկումն է»։ Ու կարդում եմ՝ ամեն տառն ու հնչյունը չափած, ձեւած, կշռադատած... հասա ճակատագրական 3-րդ պարբերությանը։ Հիշո՞ւմ եք չէ ոնց էր սկսվում. «Ես ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, որ Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվեցին ազատ, արդար, ժողովրդավարական ճանապարհով»։ Ու հո չկարդացի, հո չքանդակեցի ու ավերեցի... «Ես ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, որ...»

Մոտավորապես 4-րդ, 5-րդ բառից հետո գլխի ընկա, թե ինչ արեցի, բայց հանկարծ հույս արթնացավ, որ պարզապես ինձ թվաց, թե մեխանիկորեն նենգափոխեցի Օսբորնի՝ այդ պահի համար արժեքավոր ասելիքը։ «Բլյումի» 2-3 վայրկյանների ընթացքում, սակայն, աչքս ընկավ ապակու հետեւում՝ ապարատայինում կանգնած պատասխանատու խմբագրի գույնին ու հասկացա, որ ճակատագիրս երկրի նորընտիր ղեկավարության ձեռքում է։ Թե ոնց ավարտեցի «Լրաբեր»-ի 40-րոպեանոց եթերը, թերեւս, միայն ես ու ձեռքիս երկու կես եղած գրիչս իմացանք։
Եղանակի տեսության թեթեւ ու սիրուն երաժշտության ներքո, մի կերպ ոտքի վրա մնալով, մոտեցա տաղավարի ծանր ու ձայնամեկուսիչ դռանը։ Բացեցի, իսկ Ալեքսանդր Իսկանդարյանն արդեն դռան հետեւում էր։ Բերանս բացեցի, որ փորձեմ արդարանալ, բայց Ւսկանդարյանն ինձ ամուր գրկեց ու գոռաց. «Ապրե՛ս, հրաշք, ընտիր եթեր, ամեն ինչ տեղը տեղին, հատկապես երրորդ պարբերությունը՝ ճիշտ ու շեշտված առոգանությամբ»։

Աչքս ընկավ սփրթնած պատասխանատու խմբագրին ու հասկացա, որ երբեմն լռելն անհրաժեշտություն է... Ամենակարեւորը՝ րոպեներ անց կառավարական քառանիշ հեռախոսով զանգ ստացանք նախագահականից. «Ընտիր եթեր էր, Գայանեին էլ ասեք՝ ապրե՛ս»։

Հաջորդ հերթափոխիս, ամեն դեպքում, եթերի արխիվային տեսագրությունը նայեցի։ Ես իսկապես «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ» բառի փոխարեն ասել էի «ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ» ու ինքնաբերաբար փոխել Օսբորնի ողջ ասելիքը...

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին