Երբ հրավիրված հյուրի փոխարեն եկավ անկոչը - Mediamax.am

Երբ հրավիրված հյուրի փոխարեն եկավ անկոչը
8603 դիտում

Երբ հրավիրված հյուրի փոխարեն եկավ անկոչը


2007-ի նոյեմբերի 26-ին այնքան զվաղված ու խառն էի, որ ժամերը չէին բավականացնում գործերս ավարտին հասցնելու համար։ Առավոտից Ազգային ժողովում աշխատանքի էի, հետո` հաղորդմանս հերթական նկարահանումն էր, միջանկյալում` զանգեր, քննարկումներ, մանր-մունր գործեր...

Երեկոյան 20։30-ին հանդիպում ունեի հաջորդ հաղորդմանս հյուրի հետ։ Մինչ այդ` «Պլանի գլխում» պայմանավորված էի մեր գործընկեր Ալիկ Հակոբյանի հետ, կարեւոր փաստաթուղթ պիտի փոխանցեի։ Արդեն 20։25 էր, 5 րոպեից պետք է լինեի «Տրիումֆ» սրճարանում, ինչպես արդեն նշեցի՝ հյուրիս հետ նկարահանումից առաջ նախնական զրույցի։ Իմ մեքենայով էի, 3 րոպե ուշացումով հասա «Տրիումֆ»։ Հյուրս դեռ չէր եկել։ Նստեցի ազատ սեղանի մոտ, մի բաժակ լուծվող սուրճ պատվիրեցի ու սկսեցի առաջիկա հաղորդմանս հարցերը խմբագրել։

Արդեն ժամը 9-նն էր, հյուրս չկար, զանգերիս էլ չէր պատասխանում։ Սեղանիս մի տղամարդ մոտեցավ, բարեհամբույր ժպտաց, նստելու թույլտվություն խնդրեց։ Նստեց ու սկսեց խոսել։ Կասկած չունեի, որ հարգելի հեռուստադիտող էր, ճանաչել էր ու ինչ որ խնդրով մոտեցել։ Ինքը խոսում էր, ես՝ շատ ուշադիր լսում ու ոչինչ չէի հասկանում, բացի նրանից, որ նոր է վերադարձել Իսրայելից, ուր մեկնել էր իր բիզնես-պլաններով։ Տղամարդը խոսում էր, ես` լսում, հյուրս համառորեն չէր գալիս։ Նկատեցի, որ տղամարդու ասածներից առջեւս դրված նոթատետրում նշումներ եմ արել։ Մասնագիտական էր։

Արդեն 1,5 ժամ նստած էինք, վերջին անգամ զանգեցի այդպես էլ հանդիպման չեկած հյուրիս։ Արդեն անհասանելի էր։ Հասկացա, որ նոր ծանոթս էլ ինձ որեւէ խնդիր, պրոբլեմ չէր ասում լուսաբանման ակնկալիքով։ «Կներեք, ես պիտի գնամ, հաճելի էր»,- ասացի զրուցակցիս ու վեր կացա։

«Եթե Ձեր մասնագիտական օգնությունը պետք լինի, կարո՞ղ եմ զանգել», - ասաց նա։ Թելադրեցի աշխատանքային բջջայինս, դուրս եկանք սրճարանից, ես նստեցի իմ մեքենան, ինքն` իր ու հեռացանք։ Խանջյան փողոցում հայելու մեջ նկատեցի, որ այդ մարդն իմ հետեւից գալիս է։ Մտածում էի` նույն ուղղության վրա ենք ապրում։ Եկավ ինձ հետ, հասավ մինչեւ մեր բակ, իջանք մեր մեքենաներից, մոտեցավ ինձ․ «Գայանե ջան, ժամը ուշ էր, ես էլ նույն ուղղությամբ էի գնում, մտածեցի՝ ուղեկցեմ»,- ժպիտով ու մի տեսակ մեղավոր ասաց նա, հրաժեշտ տվեց ու հեռացավ։

Հաջորդ օրը հ2-ի «Լրաբերում» իմ հերթափոխն էր, առավոտից եթերում էի, իսկ երեկոյան, երբ բարձրացա մեկնաբանական սենյակ եւ նայեցի հեռախոսիս էկրանին, տեսա, որ նույն անծանոթ համարից 17 անգամ ինձ զանգել են։ Հետ զանգեցի ու... «Դուք Գայանե Փայտյա՞նն էիք... Հիշո՞ւմ եք՝ երեկ «Տրիումֆում» ծանոթացանք, ես հիմա կարո՞ղ եմ գալ հ2...»։

Փաստորեն, մինչ ես մտածում էի, որ անծանոթը հարգելի հեռուստադիտող է եւ ինձ է մոտեցել ինչ-որ խնդրով, նա ինձ նույնիսկ չէր էլ ճանաչել։

2007-ի նոյեմբերի 26-ը մասնագիտության բերումով ճակատագրական եղավ ինձ համար․ հաղորդմանս ապագա հյուրը չեկավ հանդիպման, բայց ես ծանոթացա ամուսնուս հետ։ Եթե չլինեի լրագրող, չունենայի պայմանավորվածություն, չգնայի «Տրիումֆ»... Եթեների խաչմերուկում պարզապես ճակատագրական հանդիպումն էր... 14 տարի առաջ։ Ու ինչ լավ էր, որ հաղորդմանս հյուրը չեկավ...

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին