Ապրեսկինը եւ «Չարբախ հասած» փողկապը - Mediamax.am

Ապրեսկինը եւ «Չարբախ հասած» փողկապը
2565 դիտում

Ապրեսկինը եւ «Չարբախ հասած» փողկապը


Բոլորն էլ իրենց հիշողությունների դարակներում աշխատանքի ընթացքում պատահած բազմաթիվ դեպքեր ունեն, բայց լրագրողների մոտ դրանք հատկապես շատ են, նախ` շփման շրջանակն է մեծ, աշխատանքի պայմաններն են երբեմն «էքստրեմալ», նաեւ ավելի հաճախ են աննորմալ դեպքերի ու երեւույթների ականատես լինում։ Զավեշտալի հիշողությունների գզրոցը հատկապես հարուստ է ուղիղ եթերում աշխատողների մոտ։

«Նորք» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենն էի եւ ամենօրյա ռեժիմով 15 րոպեանոց քաղաքական հարցազրույցներ էի անցկացնում ուղիղ եթերում։ Ռեժիսորական վահանակի մոտ Արտակ Ավդալյանն էր, իսկ օպերատորը` վաղամեռիկ Արթուր Ապրեսովն էր։ Ասել է, թե ուղիղ եթերում թիկունքս ամուր էր, երկուսն էլ պրոֆեսիոնալներ էին, ու երեքս էլ ընկերներ էինք։

Այդ օրվա հյուրս 90-ականներին բավական հայտնի ու սկանդալային քաղաքական գործիչ էր, ավելին` այդ շրջանում Հայաստանի առանցքային պաշտոնյաներից մեկը, որին շատերը, այդ թվում Արթուրը, չէին ընդունում ու սիրում։ Եթերից 10-15 րոպե առաջ մենք արդեն տաղավարում էինք, ապարատայինում՝ բոլորն իրենց տեղերում, իսկ Ապրեսկինը (Ապրեսովին ընկերներն այդպես էին դիմում), վազվզում էր ապարատայինից տաղավար ու հակառակ ուղղությամբ։

Արթուրը գերպրոֆեսիոնալ օպերատորական աչք ուներ, իր նկարած ցանկացած պրոդուկտ ֆանտաստիկ ճիշտ ու սիրուն էր։ Տաղավարային նկարահանումների ժամանակ էլ հաղորդավարին ու հյուրերին այնքան էր տանջում, մինչեւ իր ուզած կադրը ստանար։ Հենց այդ պրոցեսի մեջ էինք, Արթուրը մեր կադրերն ու պլաններն էր ստանում։ Վերջում արդեն սկսեց ապարատայինից բարձրախոսով ու ռեժիսոր-հաղորդավար կապի ականջակալով աշխատել մեզ հետ։

Ականջիս մեջ լսեցի. «Գայուշ, մի փոքր կորպուսով նստի»։ Նստեցի։ «Մազդ աջ կողմից ուղղի»։ Ուղղեցի։ «Մի սանտիմետր ձախ արի»։ Եկա։ Հետո, չգիտես ինչու, սխալմամբ, թե... ականջակալի փոխարեն սեղմեց բարձրախոսի կոճակը ու սկսեց տաղավարով մեկ բարձր ձայնով խոսել. «Էդ կողքինիդ գալստուկը հասել ա Չարբախ, ասա, թող ուղղի»։

Գույնս գցեցի ու, քանի որ հյուրս ինքն էլ շատ լավ լսեց Արթուրին, իմ ասելուն հերթ չհասավ, անմիջապես հետ բերեց «Չարբախ հասած» փողկապը։

«Գայուշ, ասա թող կես սանտիմետր աթոռով դեպի քեզ գա»։ Առանց իմ ասելու հյուրս աթոռով դեպի ինձ եկավ, որովհետեւ Ապրեսկինն ականջակալիս փոխարեն շարունակում էր խոսել բարձրախոսով։ Հույսս այնքան մեծ էր, որ կադրն արդեն ստացվել է, եւ Ապրեսկինը էլ չի խոսի տաղավարով մեկ ու բոլորիս կփրկի վերահաս խայտառակությունից։ Խայտառակությունից, որովհետեւ Արթուրին բոլոր ճանաչողները գիտեն, որ նրա լեզվի տակ, շատ մեղմ ասած, ոսկոր չկար...

Բայց ես չափազանց լավատես էի այդ պահին... Ապրեսկինը դա արեց... Իր կարծիքով՝ ականջակալիս մեջ, բայց ամբողջ տաղավարով, բոլոր բառերն առանձնահատուկ շեշտադրելով, արտասանեց ֆանտաստիկ նախադասությունը. «Գայ, լավ կադր չի ստացվում, էդ մարդը համ գեշ ա, համ սեւ ա, համ զզվելի ա....»։

Հետաքրքիր էր հենց «էդ մարդու» ռեակցիան։ Մեղմ ժպտաց ու ասաց. «Ի՞նչ անեմ, պապայիս եմ նման...»։

Այդ մարդը այսօր էլ կա մեր քաղաքական դաշտում։ Եթե կարդաց, հաստատ հիշեց այս դեպքը։ Կարեւորը` ինքն ու Ապրեսովն այդ պահին այնքան անկեղծ էին...

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին