Ինչպես փորձեցի «սպանության փորձ» լուսաբանել - Mediamax.am

Ինչպես փորձեցի «սպանության փորձ» լուսաբանել
2189 դիտում

Ինչպես փորձեցի «սպանության փորձ» լուսաբանել


Մի քանի տարի առաջ էր, երեկոյան ամուսնուս ծնողների տնից մեր տուն էինք վերադառնում։ Ամառային շոգ ու խաղաղ երեկո էր: Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկ չհասած, դեռ հեռվից նկատեցինք, որ ինչ-որ բան է կատարվում` մարդկանց մեծ բազմություն էր հավաքված։ Երբ հասանք խաչմերուկին, տեսանք շտապօգնության եւ ոստիկանական մեքենաներ, հավաքվածները բոլորը կենտրոնացած մի ուղղությամբ էին նայում։ Ինչ-որ լուրջ բան էր տեղի ունեցել կամ ունենում։ Իրադարձությունը զարգանում էր նախկին «Օմեգա» գիշերային ակումբի մոտ։ Այնքան մարդ էր հավաքված, մոտենալ հնարավոր չէր։ Ներսիս լրագրողը մի քանի վայրկյանի ընթացքում սկսեց «եռալ»։

«Էդո, ես պետք է տեսնեմ` ինչ է եղել, ես ժուռնալիստ եմ»,- ասացի ամուսնուս ու խցկվեցի մարդկանց բազմության մեջ։ Միաժամանակ, պայուսակիս մեջ հեռախոսս էի փնտրում ու մտքումս կառուցում դեպքի վայրից արտակարգ ռեպորտաժիս ստենդափի տեքստը։ Մյուս հեռախոսով էլ Հ2-ի «Լրաբեր» լրատվականի տնօրեն Շավարշ Գեւորգյանի համարն էի հավաքում, որպեսզի տեղեկացնեմ առաջիկա թողարկման բացառիկ տեսանյութի մասին։

«Թողե՛ք անցնեմ, ես լրագրող եմ»,- ասում եմ ես ու ճեղքում մարդկանց անկանոն շարքը։ Բնականաբար, ամուսինս ինձ մենակ չի թողնում. մենք երկուսով փորձում ենք մոտենալ դեպքի վայրին։ Մյուս հեռախոսս արդեն ձեռքումս է, տեսախցիկի ռեժիմը միացված է։ Խցկվում ենք։ Արդեն տեսնում ենք «Օմեգա»-ի մուտքը։ Մեկ ակնթարթ հետո այնտեղից դուրս թռավ մի տղամարդ, աջ ձեռքում՝ ատրճանակ, ձախով պարանոցից պինդ բռնել էր մի աղջկա։ Ամեն ինչ մտածում էի, որ կտեսնեմ, բայց ոչ այս տեսարանը...

Արյունս երակներումս սառչել էր... «Չմոտենա՛ք, կկրակեմ»,- սկսեց գոռալ տղամարդը, որ ցնորված ու խելագարի տեսք ուներ։ Պատանդ վերցված աղջիկը հազիվ էր ոտքի վրա մնում, լացում էր, մազերը գզգզված էին, ձեռքը՝ արյունոտ... Նման բան միայն կինոներում էի տեսել։ Մի երկու քայլ հետ գնացի։ Տղամարդը շարունակում էր բղավել... «Չմոտենա՛ք, կկրակեմ, բոլորիդ կսպանեմ»... Տեսածս ու լսածս բավական էր, որ առնվազն վախենայի։ Ու շատ վախենայի։ Նկարելու մասին խոսք չկար. նկատեր, թե չէ` հաստատ կրակելու էր... Տղամարդն անընդհատ ինչ-որ պահանջներ էր բղավում ու հանկարծ կրակեց օդ... Մեկ, երկու, երեք... Կրակում ու գոռում էր։

Այդքան մոտիկից ու իրական կրակոցի ձայն երբեք չէի լսել։ Տեսածից խենթացած ու շատ ամուր ամուսնուս ձեռքը մեխանիկորեն քաշելով՝ սկսեցի արդեն դեպի աջ ճեղքել մարդկանց բազմությունը ու փորձեցի դուրս պրծնել տեսածս դժոխքից։ Սկսեցի վազել Տերյանով դեպի վերեւ...

«Գայան, սպասի՛, մի վախեցի, ծառի վրա օպերատոր ա նստած, կինո են նկարում»,- գոռաց ամուսինս... Փլվեցի ու նստեցի հենց գետնին։ Գիտե՞ք, ոնց էի լացում... Ու այդ պահին լսեցի մեկ այլ ձայն. «Ստոպ, վերջ, ստացվեց...»։ Նկարվող ֆիլմի ռեժիսորն էր։
«Ականատեսները» սկսեցին ծափահարել, պատանդ վերցված աղջիկը թռվռաց ու սկսեց ծիծաղել, ծառի վրայի օպերատորին իջեցնելու համար աստիճան մոտեցրին։ Հետո տեսա, որ ինձ պես էլի մի քանի հոգի փողոցում «փլվել էին», մեկին ջուր էին տալիս, մյուսին փորձում էին հանգստացնել։

Երբ նստեցինք մեր մեքենան, հասկացա, որ հեռախոսիս տեսախցիկը միացրել ու այդպես էլ չեմ անջատել, պարզապես նկարվել են ոտքեր, գետին, ձեռքեր, կադր չէի պահել, իսկ ամուսինս ամեն ինչ նկարել էր։ «Մտածեցի` քո մոտ ինչ-որ բաներ լավ չի նկարվի, ես էլ սկսեցի նկարել... երկրորդ տեսախցիկով», -ժպտաց ամուսինս։

Լրագրողի հետ ամուսնացած ինժեները նաեւ լրագրող է... Ես հիմա հասկանում եմ` որքան էլ սիրեմ գործս, որքան էլ ժուռնալիստիկան համարեմ ինձ համար աշխարհի լավագույն մասնագիտություն, պատրաստ չեմ բռնություն ու սպանություն լուսաբանել։ Գուցե կանացի թուլություն է, գուցե` մասնագիտական թերություն ու բացթողում։

Չգիտեմ՝ ինչ ֆիլմ էր նկարվում ու ինչ հետք թողեց ներկաների, իսկ հետագայում` նաեւ հեռուստադիտողների հոգում։ Ենթադրում եմ` հայկական հերթական սերիալ էր։ Գուցե այսօրվա անտարբերությունն ու սառնությունը նաեւ այս ու նմանատիպ ֆիլմերի հետեւանք է։ Ես այս դեպքը չեմ մոռանում, բայց հիշելիս ծիծաղս չի գալիս։ Տեսնես այդ օրը իմ պես քանի՞ հոգի սթրես ու սարսափ ապրեց...

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին