Մեր պատմական կուրսը - Mediamax.am

Մեր պատմական կուրսը
10013 դիտում

Մեր պատմական կուրսը


(Գայանե Փայտյանն այս սյունակը գրել էր 2021 թվականի ապրիլին, սակայն խնդրել էր առայժմ չհրապարակել՝ ցանկանում էր հղկել տեքստը: Այնպես ստացվեց, որ սյունակն անտիպ մնաց: Գայանեի մահից հետո որոշեցինք հրապարակել այն-Մեդիամաքս):


Մեր կուրսը մնացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պատմության մեջ։ Բոլոր տարիների ուսանողների մոտ դասախոսները և անձամբ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, լուսահոգի Գառնիկ Անանյանը մեր կուրսին օրինակ է բերել, չնայած 5 տարի շարունակ մտնում էր լսարան ու ասում․«Եթե ձեր կուրսից մի նորմալ լրագրող դուրս գա, ես իմ առաքելությունը կհամարեմ կատարած»։

Արի ու տես, որ մեր լրագրողական դաշտը համալրած լավագույն լրագրողներից շատերը հենց մեր կուրսից են։ Բայց հերթով։

Մեծ էր մեր կուրսը, բաժանված էինք խմբերի՝ անգլիական, ֆրանսիական, գերմանական, միջազգային... Ես ֆրանսիականից էի։ Կուրսի «շեֆը»՝ ավագ Հայրապետյան Լիլիթը, մեր խմբից էր ու մենք մեզ մի տեսակ կարևոր էինք զգում։ Էլ ի՞նչ իմանայինք, որ կարևոր ենք նաև էնքանով, որ մեր խմբի իջևանցի, ոչ մեկի հետ առանձնապես ընկերություն չանող Նիկոլը նույն ինքը Փաշինյան Նիկոլն էր։

Մինչեւ 1996թ․բոլորս էլ նույն կերպ էինք ապրում։ Ես, օրինակ, 5 տարի Ամերիկայում ապրող մորաքրոջս ուղարկած պայուսակով ու կիսաշրջազգեստով էի դասի գնում, ամռանն ու գարնանը միշտ նույն կոշիկներն էի հագնում։ Կուրսի ավագին միշտ հիշում եմ դարչնագույն պիջակ-տաբատով, իսկ Նիկոլին` վանդակավոր վերնաշապիկով, կարմիր ժիլետով ու պապական կեպիով։ Ֆրանսիականի կոլորիտը ապարանցի մաքրամաքուր ու ազնվագույն Ժասմենն էր, իսկ հումորն ու ժպիտը՝ այժմ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար, գյումրեցի Քուշքյան Հեղինեն։ Բոլորս խմբում մտերիմ էինք, էն տարիներին մի տեսակ իրարով էինք ապրում։ Կուրսի «պապան» Մերուժն էր, այժմ՝ «Միր» միջպետական հեռուստաընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը, որ դեռ էն տարիներից աչքը չկտրեց սիրուն Խուդոյան Ալինայից, ու էսօր Մերուժն ու Ալինան 3 հրաշք որդիների ծնողներ են։

Կուրսի ուրախությունն ու կոլորիտը Ազոյան Կարենն էր, որը տեղափոխվեց Ռուսաստան, երկրորդ մասնագիտություն ստացավ և այսօր այնտեղ բավական հայտնի փաստաբան է։ Կարենը անգլիական խմբից էր ու, եթե 2-րդ հարկի լսարանում փռշտում էր, մենք 3-րդ հարկում հաստատ վեր էինք թռչում։ Ես ու Կարենը երրորդ կուրսում նույն օրը քաղաքի տարբեր ծայրերում իրարից անկախ վայր ընկանք ու դաստակից կոտրեցինք մեր աջ ձեռքերը։ Համարյա երկու ամիս կուրսի երկու պոնչոները շրջում էին նույն ձեռքերը նույն կերպ գիպսով պարանոցից կախված։

Երբ դասից փախչում էինք, ամենամոտ ուտելու տեղը Կարենենց տունն էր Սայաթ Նովայի պողոտայում, իսկ մեր Էվիկ տոտան էնքան համով էր պատրաստում ու բոլորս իրանց տանից միշտ կերած-խմած էինք դուրս գալիս։

Կուրսի պոետը Եղիազարյան Ֆելիքսն էր՝ հայտնի Հուսիկ Արան, հայ պոեզիայի ժամանակակից տաղանդավորը, մեր կուրսի բոլոր ժամանակների հպարտությունը։ Հենց սիրահարվում էինք, սկսում էինք Հուսիկի պոեզիան ցիտել, դեռ էն ժամանակվանից էնքան իմաստուն էր գրում...

Կուրսի «հավասարակշռությունը» Ալավերդյան Դավիթն էր, ով առաջին կուրսից ոտքով ու գլխով մտավ ժուռնալիստիկայի մեջ ու այսօր «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրն է։ Դեռ ուսանողական տարիներից իր բոլոր կուրսընկերուհիների հետ խոսելիս պարտադիր դիմելաձև ուներ՝ «սիրուն ջան»։ Դավիթն արդեն 30 տարի մեր կուրսի աղջիկներին ստիպում է սիրուն լինել կամ գոնե զգալ։

Ժուռնալիստի որակավորմամբ պրոֆեսիոնալ զինվորական ունեինք՝ Հակոբյան Յուրան՝ մեր լուսահոգի ու լույս Յուրան, ով, ցավոք, երեք տարի առաջ հանկարծամահ եղավ։ Վարդենիսցի էր, պարզ, շիտակ, հանգիստ...

Կուրսի աղջիկներից շատերը հերոսածին մայրեր են, նրանց որդիներն ապրիլյանի և վերջին պատերազմի մասնակիցներ են, հերոսներ։ Կուրսում անմահացած որդի էլ ունենք՝ մեր կենսուրախ ու ժպտերես Թեմուրյան Փիրուզայի լույս Գոռը... Հերոսացավ ու անմահացավ Գոռը՝ մեր կուրսի Փիրուզայի միակ որդին։

Կուրսից բոլորն էլ գտան իրենց տեղը կյանքում, մի քանիսը ժուռնալիստիկա չգնացին, մի քանիսը հաջողակ ու սիրված մանկավարժներ են, տատիկներ ունենք արդեն՝ ջահել ու սիրուն տատիկներ, մի քանիսը վաղուց Հայաստանում չեն ապրում։

Այս տարի լրանում է մեր՝ ԵՊՀ ընդունվելու 30 տարին, բայց խոսելիս էլի իրար ասում ենք «էրեխեք»։ Կապը պահել ենք 30 տարի անց էլ ու դա հրաշալի կապ եւ կապվածություն է։

Ես մեր 30 տարեկան կուրսից շատ քիչ ու քչերի մասին պատմեցի, բայց բոլորի մասին էլ կարելի է խոսել ու խոսել։ Անհատականություն է ամեն մեկը, հայրենասեր ու իր գործի նվիրյալ։ Կասեք՝ բայց, փաստորեն, բացառություն էլ եղավ... Կլռեմ... Կհամաձայնվեմ...

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին