Հակոբ Հակոբյանն ու Շամիրամի կախովի այգիները - Mediamax.am

Հակոբ Հակոբյանն ու Շամիրամի կախովի այգիները
7062 դիտում

Հակոբ Հակոբյանն ու Շամիրամի կախովի այգիները


Լրագրողները գործուղումների հաճախ են մեկնում։ ԱԺ-ում աշխատածս տարիներին այնքան հաճախ էին իմ գործուղումները, որ տան մի անկյունում առաջին անհրաժեշտության իրերով դասավորված պայուսակ ունեի, որ բոլոր ճամփորդություններիս ժամանակ անբաժան ընկերս էր։

ԱԺ պատվիրակության հետ հերթական անգամ մեկնում էինք Իրաք։ Հերթական, որովհետեւ Իրաքում արդեն 2-3 անգամ եղել էի, ու անտանելի շոգ երկրի համար իրերի՝ տան անկյունում դրված հերթապահ պայուսակս լրիվ բավական էր։

Մայրաքաղաք Բաղդատն արդեն բավական ճանաչում էի․ իրական արեւելյան կոլորիտ կար նախապատերազմյան այս քաղաքում։ Տեսարժան վայրերը բուն մայրաքաղաքում շատ չէին, ինչ էլ կար, եղել էինք արդեն, ուստի որոշեցինք այցի վերջին` ազատ օրը մեկնել Բաբելոնի թագավորության ավերակները տեսնելու։ Մեզ ասացին, որ այնտեղ վերականգնված է քաղաքի 7-րդ` Իշտարի դարպասը, որ կառուցվել է մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում Նաբուգոդոնոսոր արքայի հրամանով։ Արքան այս հոյակերտ շինությունը նվիրել էր Իշտար աստվածուհուն։ Ասացին նաեւ, որ այնտեղ կարելի է տեսնել Բաբելոնի պատը, Շամիրամի հայտնի կախովի այգիների տեղը, նաեւ լինել հարուստ ու հետաքրքիր թանգարանում։

Կասկած չկար` պետք էր այդ ամենն անպայման տեսնել։ Իրաքյան կողմն ասաց, որ ավտոբուսը հյուրանոցի դիմաց կլինի առավոտյան ժամը 6-ին։ Հաջորդ օրն առավոտյան 6-ը դեռ չլրացած՝ բոլորս հյուրանոցի բակում էինք։ Քնած էր մնացել միայն այն ժամանակ պատգամավոր, լուսահոգի Հակոբ Հայոբյանը` Ճոյտը։

Պատվիրակության ղեկավար Ղուկաս Ուլիխանյանը բարձրացավ նրան արթնացնելու։ Մի 10-15 րոպեից երկուսով վերադարձան` Հակոբ Հակոբյանին Ղուկաս Ուլիխանյանը «բերում էր» որովհետեւ նա պարզապես քնած քայլում էր։

Ավտոբուսը շարժվեց։ Մենք գնում էինք պատմության հետ առնչվելու։ Շատերս նույնիսկ հուզված էինք` մեր աչքերով տեսնելու էինք Տիգրիս եւ Եփրատ գետերի ավազանում մ.թ.ա. 1894-539թթ․ գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության ավերակները։ Ճանապարհը եւս շատ հետաքրքիր էր` նավթահորերի աշտարակներ էին ձգվում, փոքրիկ քաղաքների ու գյուղերի միջով էինք անցնում։ Չէինք էլ զգում ճանապարհի երկարությունը։ Ողջ ընթացքում Հակոբ Հակոբյանը քնած էր, միայն ժամանակ առ ժամանակ քնի մեջ բողոքում ու փնթփնթում էր` հավանաբար նստած քնելու անհարմարությունից․․․

Հասանք։ Հրաշքը մեր աչքերի առաջ էր։ Անցանք Իշտարի դարպասից ներս ու․․․ Բաբելոնում էինք։ Ոչինչ բաց չէինք թողնում` նայում էինք, հարցնում, լուսանկարվում։ Պարոն Հակոբյանը քայլում էր` քնած ու անհաղորդ այդ ամենին։ Հասանք հայտնի Բաբելոնի պատին, որի վերջը չէր երեւում ու դեպի վեր էր գնում։ Մեզ ասացին, եթե պատի ողջ երկայնքով ձգվող աստիճաններով մինչեւ վերջ բարձրանանք, կտեսնենեք այն տեղը, որտեղ եղել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Շամիրամի կախովի այգիները։ Բարձրանում էինք վերջ չունեղող աստիճաններով։ Շատ դժվար էր։ Շոգն էլ` մյուս կողմից։ Երեւի +50 էր... Հակոբ Հակոբյանի տեսքը տանջահար էր... Վերջապես հասանք բաղձալի բարձունքին։ Կախովի այգիները չկային, բայց տեղը` կար։ Ամեն մեկս փորձում էր ուրվագծել հրաշալիքի անհավանական գեղեցկությունը։
 
«Էս ի՞նչ ա»,- տանջահար ձայնով հարցրեց Հակոբյանը։ Բացատրեցինք, պատմեցինք։ «Բա էս ի՞նչ ա»,- վերջ չունեցող պատը ցույց տալով՝ էլի հարցրեց նա։ Ոգեւորված պատմեցինք, որ սա քաղաքը պաշտպանող ու սահմանագծող հայտնի պատն է եղել... Չեք պատկերացնի Հակոբ Հակոբյանի դեմքը, զարմանքն ու զայրույթն այդ պահին. «Դուք ինձ սրա համար քնից հանեցի՞ք, էս շոգ կրակին հասցրի՞ք ստեղ... Ես էս պատը 5 օրում կշարեի, հլը մի հատ էլ` կմարմարապատեի....»։

Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը ցնցվում էր մեր անզուսպ ծիծաղից... բոլորիցս բարձր Հակոբյանն էր ծիծաղում։ «Էկե՛ք, իջե՛ք, հետ գնանք,-ասաց նա։ -Էկե՛ք ձեզ կարգին տեղ տանեմ։ Էրեկ իմացել եմ Բաղդատի ամենաբարձր, պտտվող ռեստորանի տեղը, էկ՛եք գնանք մի կտոր հաց ուտենք....»։

Բաղդադի պտտվող ռեստորանն էլ մի ուրիշ պատմություն է, որ կպատնեմ հաջորդ անգամ։

Գայանե Փայտյանը լրագրող եւ հեռուստահաղորդավար է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին