Դաշնակիցները, շահերը եւ իրականությունը - Mediamax.am

Դաշնակիցները, շահերը եւ իրականությունը
7490 դիտում

Դաշնակիցները, շահերը եւ իրականությունը


Պատերազմի առաջին օրվանից քննարկում ենք, թե ովքեր են մեր դաշնակիցներն ու բարեկամները, ինչպես կարող են մեզ օգնել, ինչու չեն օգնում կամ օգնում են ոչ այն ծավալով, որով կցանկանայինք: Պատերազմ է, հույզերը շատ են, հասկանալի է: Բայց փորձենք սթափ ու սառը նայել այս հարցին, որպեսզի իրականությունն ընկալենք այնպես, ինչպես որ կա եւ պատրանքային սպասելիքներ չունենանք:

Համատեքստը

Սա, թերեւս, ամենակարեւորն է: Մենք հաճախ չենք դիտարկում այն բազմաթիվ շերտերը, որոնք կան միջազգային հարաբերություններում:

Մենք ցանկանում ենք, որ մեծ երկրները մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները կամ անհամաձայնությունները՝ մեզ օգնելու համար: Այդպես չի լինում: Նախկինում արդեն առիթ ունեցել եմ գրելու՝ մենք պետք է սովորենք այս կամ այն խնդրին նայել այս կամ երկրի աչքերով: Որեւէ երկիր չի ստորադասի իր ազգային շահը, հատկապես՝ մեծ տերությունները:

Հրապարակայինը խաբուսիկ է
 
Ցավոք, մեր շատ հայրենակիցներ չգիտեն այս պարզ ճշմարտությունը. պետության քաղաքականության եւ ձեռնարկվող քայլերի մասին չեն դատում հրապարակային ելույթներից եւ մամուլի հաղորդագրություններից: Միշտ կան անտեսանելի շերտեր, որտեղ վարվում են իրական բանակցությունները:

Եթե X երկրի Y պաշտոնյան ասում է մի բան, որը ձեր սրտով չէ, դա չի նշանակում, որ այդ երկիրը «դավաճանել» է Հայաստանին: Իհարկե, «Ֆեյսբուքի» եւ «Թվիթերի» դարում հրապարակային հայտարարությունները, երբեմն, շատ են մոտենում իրական քաղաքականությանը, բայց, միեւնույն է, ոչ ամբողջությամբ:

«Ինչու Ռուսաստանը մեզ չի օգնում»

Նախ, պետք է հստակ ձեւակերպել, թե մենք ի՞նչ օգնություն ենք ակնկալում: Այն փաստը, որ մենք երեք շաբաթ ինտենսիվ պատերազմ վարելով՝ զենքի եւ սպառազինության պակաս չունենք, տալիս է շատ հարցերի պատասխաններ եւ բոլոր փակագծերը բացելու կարիք չկա:

Հիշենք, թե Տավուշի հուլիսյան մարտերից հետո Ալիեւն ու իր ենթակաները քանի անգամ հրապարակայնորեն բողոքեցին այն բանից, որ Հայաստան են թռչում ռուսական բեռնատար ինքնաթիռներ:

«Ինչու Պուտինն անձամբ չի խառնվում»

Նախ՝ խառնվում է: Հենց Պուտինի ջանքերն են հիմք հանդիսացել հոկտեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունների համար: Այլ հարց է, որ Ադրբեջանը դրանք բացահայտ արհամարհում է, ինչը, կարծում եմ, արդեն արձանագրվել է:

Խնդրին ավելի լայն նայելու համար նշեմ, որ ԼՂ կարգավորումը երբեք չի եղել Պուտինի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում: Կարելի է երկար քննարկել պատճառները, բայց այսօր դրա կարիքը չկա: Իրականությունն այն է, որ Վլադիմիր Պուտինը երբեք «ամբողջ հասակով» չի ներգրավվել բանակցություններում: Առհասարակ, վերջին առաջնորդը, որն անձամբ զբաղվում էր բանակցություններով, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն էր: ՌԴ նախագահ եղած ժամանակ փորձ կատարեց նաեւ Դմիտրի Մեդվեդեւը, սակայն երբ 2011 թվականին Ալիեւը տապալեց Կազանի հանդիպումը, նրա հետաքրքրությունն ակնհայտորեն մարեց:

«Ֆրանսիան կճանաչի Արցախը ու ամեն ինչ լավ կլինի»

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, թերեւս, միակ առաջնորդն էր, որը պատերազմի առաջին օրերից իրերը կոչեց իրենց անուններով՝ խոսեց Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավվման մասին եւ ակնարկեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը: Չնայած Մակրոնից «հաշիվ պահանջող» Ալիեւը վերջին օրերին ավելի զուսպ է խոսում, ակնհայտ է, որ նա այսուհետ մեծ թերահավատությամբ է վերաբերվելու Ֆրանսիայի միջնորդական դերին:

Շատ լավ է, որ 2018 թվականին Երեւանում անցկացված ֆրանկոֆոն երկրների ղեկավարների գագաթնաժողովում (որն, ի դեպ, նախաձեռնվել էր նախկին իշխանությունների կողմից) Փաշինյանի եւ Մակրոնի միջեւ հաստատվեցին անձնական լավ հարաբերություններ, որոնք, միանշանակ, դեր խաղացին Մակրոնի դիրքորոշման մեջ: Սակայն դա չի նշանակում, որ այդ հարաբերություններով պայմանավորված Մակրոնը շտապելու է ճանաչել Արցախի անկախությունը:

Կարծում եմ, Ֆրանսիայում այս հարցը կպահեն մակերեսին, բայց վերջնական որոշում չեն կայացնի:

«Էս համանախագահներից ինչ օգուտ կա»

1997 թվականից գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բացառիկ ձեւաչափ է միջազգային հարաբերություններում: Չնայած այն բոլոր վայրիվերումներին, որ եղել ու շարունակվում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության, Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերություններում, Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին մշտապես հաջողվել է պահպանել համերաշխությունը համանախագահության շրջանակում: Հեռու եմ այն մտքից, թե նրանք երբեւէ տարաձայնություններ չեն ունեցել, բայց դրանք երբեք չեն հասել այն մակարդակի, որ հանրայնացվեն: Ջորջ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսը մի քանի անգամ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային համատեղ աշխատելու լավ հնարավորություն է տվել:

Ավելին, տարբեր ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը եղել է փաստացի միակ ձեւաչափը, որի շրջանակում Ռուսաստանն ու Ամերիկան իրական երկխոսություն են պահպանել:

Կարծես, դա ստացվում է նաեւ այսօր. հոկտեմբերի 2-ին Ժնեւում հանդիպել էին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը: Նրանք արձանագրել էին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում Ռուսաստանի եւ ԱՄՆ մոտեցումները համընկնում են:

Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը իսկապես շատ կարեւոր ձեւաչափ է, ու Երեւանը պետք է «ատամներով» պահի այն:

Արեւմուտքի եւ Թուրքիայի արանքում

Սրանով հանդերձ, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը եւ անձամբ՝ Պուտինը խորը անվստահություն ունեն ԱՄՆ-ի եւ «հավաքական» Արեւմուտքի հանդեպ: Այդ վիճակի պատճառները եւս չենք քննարկի՝ կա իրողություն, որի հետ պետք է հաշվի նստել:

Այդ անվստահության վառ ապացույցն ի հայտ եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարի հոկտեմբերի 14-ի հարցազրույցում: Բավական ծավալուն պատասխան տալով Թուրքիայի դերակատարության մասին հարցին՝ վերջում Լավրովն ասաց. «Հարավային Կովկասում ամերիկացիները ոչ պակաս ակտիվ են»:

Բանալին հենց այստեղ է: Ռուսաստանը փորձում է ընտրել չարյաց փոքրագույնը եւ դիտարկում է այս տարբերակները. շարունակե՞լ մարտավարական դաշինքը Թուրքիայի հետ, որը թույլ է տալիս քիչ թե շատ վերահսկելի իրավիճակ ունենալ Սիրիայում, թե՞ այս կամ այն ձեւով համագործակցել Արեւմուտքի հետ ու սաստել Էրդողանին: Սա Մոսկվայի համար հեշտ ընտրություն չէ, եւ մենք պետք է փորձենք հասկանալ դա:

Առավել քան համոզված եմ, որ Պուտինը Էրդողանին չի ներել ո՛չ ռուս օդաչուի, ոչ էլ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը: Բայց նա Էրդողանի հետ մարտավարական դաշինք է կնքել, որը թույլ է տալիս համատեղ պայքար տանել Արեւմուտքի դեմ: Հիշենք ռուսական S-400 համակարգերի վաճառքը Թուրքիային, որը Անկարայի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ՝ ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրների հետ հարաբերությունների լարման պատճառ դարձավ: Ի դեպ, Թուրքիան S-400-ը առաջին անգամ փորձարկեց հոկտեմբերի 16-ին:

Մոսկվան գուցե եւ ցանկանա Եվրամիության հետ համերաշխ դիրքորոշում ձեւավորել Ղարաբաղի հարցում, բայց ԵՄ-ն հերթական պատժամիջոցներն է սահմանել Ռուսաստանի դեմ՝ այս անգամ «Նավալնիի գործով»:

«Նախագահը Մակրոնը պետք է խոսի նախագահ Պուտինի հետ, եթե մենք ուզում ենք հրադադար հաստատել: Մենք չենք պատրաստվում դադարեցնել դա՝ Նավալնիի գործով պատժամիջոցների պատճառով», - ասում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը: Բայց հասկանալի է, որ նոր պատժամիջոցները, հաստատ, վստահություն չեն ավելացնում ՌԴ եւ ԵՄ հարաբերություններում:

Այնուհանդերձ, տպավորություն կա, որ Էրդողանն իսկապես հատել է «կարմիր գիծը» եւ Մոսկվան սկսում է արձագանքել: Հոկտեմբերի 16-ին ռուսական «Կոմերսանտը» պատերազմին Թուրքիայի մասնակցության սենսացիոն մանրամասներ հրապարակեց: Միանշանակ է, որ նման մանրամասն տեղեկանքը կարող էր ծնվել միայն մեկ հաստատությունում՝ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչությունում եւ չէր կարող հրապարակվել հենց այնպես: Ուղերձը շատ պարզ է. «Մենք ամեն ինչ տեսնում ենք, կանգ առեք, քանի դեռ ուշ չէ»:

Որպես վերջաբան

Իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ առաջիկա օրերին կարող են նոր զարգացումներ լինել: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ղարաբաղյան խնդիրը «աշխարհի մեծերի» հարաբերությունների շղթաներից մեկն է եւ չունի արագ եւ հեշտ հանգուցալուծում: Մենք պետք է ամուր կանգնենք բոլոր ճակատներում՝ չնայած մեծ կորուստներին եւ փորձություններին: Փառապանծ Հայոց բանակի հետ զուգահեռ պետք է գործի նաեւ դիվանագիտությունը եւ, այս իմաստով, ցանկանում են կրկնել առաջարկս շտապ դիվանագիտական մոբիլիզացիայի մասին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին