Պետք է շտապ դիվանագիտական մոբիլիզացիա - Mediamax.am

Պետք է շտապ դիվանագիտական մոբիլիզացիա
8593 դիտում

Պետք է շտապ դիվանագիտական մոբիլիզացիա


Իր նոր ուղերձում Հայաստանի վարչապետն ասաց, որ կենաց-մահու կռիվը շարունակվելու է: Բայց եւ նշեց, որ հայկական կողմը պատրաստ է կառուցողական մոտեցմամբ շարունակել բանակցային գործընթացը:

Մեր հաղթանակի գրավականն այս երկուսի զուգորդման մեջ է՝ հաջողություններ մարտի դաշտում եւ դիվանագիտական ճակատում: Եվ եթե առաջին ուղղությամբ արվում է հնարավորն ու անհնարինը, ապա երկրորդում, հաստատ, անելիքներ կան:

Իրավիճակն այնքան լուրջ է, որ մենք չենք կարող ապավինել միայն մեր դեսպաններին: Պատերազմի երրորդ շաբաթն է ընթանում, բայց ես չեմ տեսել որեւէ հաղորդագրություն այն մասին, որ մենք պաշտոնյա ուղարկած լինենք որեւէ մայրաքաղաք:


Առաջարկում եմ անցկացնել շտապ «դիվանագիտական մոբիլիզացիա» եւ ներգրավվել բոլոր այն մարդկանց, որոնք իրենց փորձով, անցած ճանապարհով եւ անձնական կապերով կարող են օգտակար լինել: Մի քանի օրինակ բերեմ՝ նախապես շեշտելով, որ սրանք բացառապես իմ մտքերն են եւ նշված անձանցից ոչ մեկի հետ չեն քննարկվել:


Նախեւառաջ, պետք է հատուկ բանագնացի կարգավիճակ տալ արտաքին գործերի նախկին նախարարներ Վահան Փափազյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Օսկանյանին, Էդվարդ Նալբանդյանին եւ նրանց գործուղել տարբեր մայրաքաղաքներ:

Որքան էլ տարօրինակ է՝ պատերազմի սկզբից ի վեր միակ պաշտոնյան, որ Մոսկվա է այցելել, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էր՝ այն էլ փաստացի նախապես ծրագրված այցով: Առաջարկում եմ անհապաղ փոխել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցը, օժտել նրան լայն լիազորություններով եւ գործուղել Մոսկվա՝ ՌԴ քաղաքական էլիտաների տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու համար:

ԱՄՆ-ում է գտնվում պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը. նրան եւս օժտել հատուկ լիազորություններով՝ Վաշինգտոնում համապատասխան հանդիպումներ ունենալու համար:

Իհարկե, Արմեն Գեւորգյանը եւ Վիգեն Սարգսյանը, մեղմ ասած, այսօրվա իշխանության ջատագովները չեն, սակայն ստեղծված պայմաններում համոզված եմ՝ չեն հրաժարվի նման առաքելություն ստանձնել:

Պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ գրեց արաբական մի շարք պետությունների ղեկավարներին: Կարծում եմ, որ եկել է ժամանակն անձամբ, բառիս բուն իմաստով, գնալ այդ նամակների հետեւից ու այցելել բոլոր այն ղեկավարներին, ում նամակներ է գրել:

Կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է նաեւ հանդիպում ունենա Հայաստանի նախկին երեք ղեկավարների հետ եւ փորձի հնարավորինս օգտագործել այն ռեսուրսներն ու անձնական կապերը, որոնք ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

Իմ խորին համոզմամբ՝ այս բոլոր քայլերը ոչ միայն հնարավոր են, այլեւ անհրաժեշտ: Եթե, ինչպես վարչապետն է ասում, մենք այսօր գրում ենք մեր նոր պատմությունն ու էպոսը, իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի եւ այս քայլերը արագ կատարի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին