«Չենք ընկրկելու». Փաշինյանի ուղերձի ամենակարեւոր հատվածները - Mediamax.am

6005 դիտում

«Չենք ընկրկելու». Փաշինյանի ուղերձի ամենակարեւոր հատվածները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմել է ժողովրդին: Մեդիամաքսն առանձնացրել է ուղերձի առավել կարեւոր հատվածները:

Ադրբեջանի բանակցային դիրքորոշումը

 

Վարչապետն ասել է, որ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, «որտեղ Ադրբեջանը մեր առաջ դնում էր մեր իրավունքներից հրաժարվելու պայման»: Ըստ Փաշինյանի` հայկական կողմը պետք է հանձներ 7-ից 5 շրջանները, նշեր մնացյալ երկուսի հանձնման հստակ ժամկետներ, իսկ Արցախը կարող էր հավակնել Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավար կարգավիճակի: Վարչապետն ասել է, որ փաստացի սա ոչ թե «տարածքներ կարգավիճակի դիմաց», այլ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւ էր, քանի որ հրաժարվելու դեպքում` Ադրբեջանը սպառնում էր պատերազմով:

 

«Մենք սա ստացել էինք որպես ժառանգություն, կամ, ավելի ճիշտ, բանակցային եզրափակիչ հանգրվան», - ասել է Փաշինյանը` նշելով որ իր ղեկավարած կառավարությունը հրաժարվել է նման պայմաններ կատարել:

 

 

Տավուշի հուլիսյան մարտերը եւ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը

 

Վարչապետն ասել է, որ 2020թ. հուլիսի Տավուշի հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ադրբեջանի զինված ուժերն ի վիճակի չեն խնդիրը լուծել ռազմական ճանապարհով եւ «սա ցնցող ազդեցություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի վրա»:

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այդ դեպքերից անմիջապես հետո տեղի ունեցան աննախադեպ ծավալի թուրք-ադրբեջանական զորավարժությունները, «որոնց ժամանակ Թուրքիան կրկին համոզվեց, որ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ լուծել խնդիրը եւ որոշեց, որ ինքը պետք է զբաղվի՝ ներգրավելով մեծ թվով ահաբեկիչների»:

 

Ռազմավարական զսպման մեխանիզմները չաշխատեցին

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ահաբեկիչների դաշինքը պատերազմ սանձազերծեց, Հայաստանը փորձեց գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմները եւ մատնացույց անել, որ խնդիրը միայն Արցախը չէ եւ լինելու է շղթայական ռեակցիա: Սակայն, ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, «ռազմավարական զսպման մեխանիզմներ ունեցողները տարօրինակ կերպով պատշաճ չգնահատեցին վտանգը եւ շարունակեցին դիտարկել խնդիրը միայն ղարաբաղյան կարգավորման համատեքստում»:

 

Նիկոլ Փաշինյանը զուգահեռ է անցկացրել 1938 թվականի Մյունխենի համաձայնության հետ, երբ Հիտլերին զիջեցին Չեխոսլովակիան եւ «բոլորս գիտենք, թե ինչ եղավ հետո»:

 

Պատերազմի ընթացքը

 

Վարչապետն ասել է, որ առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի, Թուրքիայի եւ ահաբեկիչների դաշինքը, չնայած աննախադեպ մարդուժի եւ տեխնիկայի կիրառմանը, որեւէ հաջողության չէր հասել:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը ոչ մի րոպե հավատարիմ չմնաց մարդասիրական հրադադարի մասին հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, մինչ օրս շարունակում է ակտիվ գործողությունները եւ խոչընդոտում է մոնիտորինգի մեխանիզմների քննարկմանն ու ներդրմանը:

 

Վարչապետն ասել է, որ վերջին օրերին թշնամին որդեգրել է նոր մարտավարություն եւ փորձում է դիվերսիոն խմբերով ներթափանցել ու խառնաշփոթ առաջացնել:

 

«Իրադրությունը ծանր է, բայց սա չեմ ասում հուսահատության կամ անելանելիության բերումով, այլ որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսել ձեզ հետ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ռուսաստանը

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ միջնորդական ջանքերի համար եւ հատուկ ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնին, «որը պատերազմի առաջին օրերից իրերն իրենց անունով կոչելու վճռականություն ունեցավ»:

 

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում հետ մենք ինտենսիվ կապ ենք պահպանել: Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով իրականացնել համանախագահի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի դերը եւ, համոզված եմ, կշարունակի այդ դերակատարությունն իրականացել միանշանակ եւ աներկբա կերպով՝ մեր ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթներին համաձայն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հաղթանակը

 

«Մենք չենք ընկրկելու, մեզ հնարավոր չէ կոտրել, հնարավոր չէ հաղթել: Այսօր մենք ունենք մեկ անելիք՝ կենտրոնացնել եւ համախմբել մեր ողջ ներուժը՝ Արցախի խնդրի վերջնական լուծման համար: Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման: Այսօր մենք կերտում ենք մեր նոր պատմությունը, մեր նոր էպոսը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին