Պնդել եւ պարտադրել նոր բանակցային օրակարգ - Mediamax.am

Պնդել եւ պարտադրել նոր բանակցային օրակարգ
5075 դիտում

Պնդել եւ պարտադրել նոր բանակցային օրակարգ


Այսօր, հոկտեմբերի 6-ին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռնարկած աննախադեպ ագրեսիայի 10-րդ օրը, ճակատում հարաբերական անդորր է: Տեղեկություններ կան, որ կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Եվ քանի տեղեկատվական հեղեղը մի փոքր նոսրացել է, փորձեմ գրել նոր բանակցային օրակարգի մասին, որը պետք է պարտադրեն Արցախն ու Հայաստանը: Ոչ թե այս օրերի բանակցությունների համար, որոնք բացառապես վերաբերվելու են պատերազմի հետեւանքներին, այլ հիմնական, ինչպես միջնորդներն են սիրում ասել՝ «բովանդակային» բանակցությունների:

«Հետաձգված կարգավիճակի» թեզը ոչնչացվել է Ալիեւի կողմից

Այս պատերազմից հետո «հետաձգված կարգավիճակ»-ի մասին ցանկացած հիշատակություն նշանակելու է, որ Ադրբեջանն արդեն մտածում է նոր պատերազմի մասին:

«Հետաձգված կարգավիճակի» սկզբունքը (Արցախի կարգավիճակը ստանում է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, իսկ հիմնականը որոշվում է 10 կամ 15 տարի հետո՝ անհստակ չափանիշներով քվեարկության միջոցով) տասնամյակից ավել սեղանին ունենալով՝ Ադրբեջանը որեւէ անգամ չխոսեց այն մասին, որ պատրաստ է լինելու ընդունել արցախցիների քվեարկության արդյունքը: Առհասարակ՝ արցախցիների կամարտահայտման մասին Բաքուն երբեք չի խոսել:

Բնականաբար, այս պատերազմից հետո (որն, ի դեպ, կարող է վերսկսվել ամեն րոպե) չի կարելի համաձայնվել որեւէ կետի, որը հստակ ֆիքսված չէ: Առավել եւս, այնպիսի առանցքային հարցի վերաբերյալ, ինչպիսին կարգավիճակն է:

Տարածքներ

Որքան էլ զավեշտալի կարող է հնչել, բայց սկսելով այս պատերազմը «իր տարածքների համար», Ալիեւն ինքն ապացուցեց, որ այդ տարածքների վերադարձը անհնարին է, քանի դեռ ինքը չի հրաժարվել Արցախին «տիրանալու» մտքից:

Պատկերացրեք, եթե հայկական կողմը զիջած լիներ մեկ կամ մի քանի շրջաններ նախքան պատերազմը: Այսօր Արցախ չէինք ունենա՝ այն ծանր եւ դաժան մարտերը, որոնք վարվում էին անվտանգության գոտի հանդիսացող տարածքներում, լինելու էին բուն Արցախում՝ ավիրելով այն: Եթե այսօր է Ստեփանակերտն այդքան տուժել, պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե հակառակորդն ավելի մոտ լիներ քաղաքին:

***

Կան շատ այլ մեծ ու փոքր հարցեր, բայց այս երկուսն, իմ կարծիքով, առանցքային են: Չի կարող նման դաժան հարձակումից հետո վերադարձ լինել նախկինում քննարկվածին, ու սա պետք է հասկանան նաեւ միջնորդները: Պետք է ընդունեն, որ այս պատերազմն ապացուցեց, որ հայերը հենց այնպես չէին խոսում գոյության վտանգի առկայության մասին:

Իլհամ Ալիեւն այս պատերազմով ապացուցեց, որ ցանկանում է ունենալ Արցախ՝ առանց հայերի: Որեւէ նորմալ մարդ չի կարող ենթադրել, որ գեթ մեկ արցախցի կասետային ռումբերից եւ «Սմերչի» համազարկներից հետո կարող է հավատալ «ամենալայն ինքնավարության» մասին հեքիաթներին:

Արցախի եւ Ադրբեջանի միջեւ կարմիր գիծը վաղուց էր քաշվել՝ դեռ առաջին պատերազմի ժամանակ, բայց այս անգամ Ալիեւն այդ գիծը վերացրեց այնպիսի անդունդի, որից ինքն անձամբ կկարողանա դուրս գալ միայն այն դեպքում, եթե ընդունի մեր պարտադրած նոր բանակցային օրակարգը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին