Մենք «լրատվական» չենք - Mediamax.am

Մենք «լրատվական» չենք
3851 դիտում

Մենք «լրատվական» չենք


Երբ 1999 թվականի գարնանը Մեդիամաքսն անում էր առաջին քայլերը, մենք բնականաբար մտածում էինք, որ մի օր հաջողության կհասնենք: Բայց հաստատ չէինք մտածում այն մասին, թե ինչպիսին կլինի Մեդիամաքսը 20 տարի անց: Շուկայում այդ պահին գործում էին առնվազն չորս ուժեղ լրատվական գործակալություններ, եւ մենք կենտրոնանում էինք այն բանի վրա, թե այդ թեժ մրցակցության պայմաններում ինչպես պետք է մեր տեղը գտնենք: Եվ, իհարկե, չէինք ենթադրում, որ 20 տարի անց Հայաստանում մեդիաներին կպցնելու են անդեմ «լրատվական» անվանումը:

Այդ իմաստով «լրատվական» մենք երբեք չենք եղել ու չենք լինելու: Եթե հարցին մոտենանք զուտ մասնագիտական կողմից, ապա 1999 թվականին մենք ստեղծվեցինք որպես դասական լրատվական գործակալություն, իսկ 20 տարի անց Մեդիամաքսը հանդես է գալիս որպես միակ անկախ մեդիա-խումբ Հայաստանում, որը գործում է երեք փոխկապակցված ոլորտներում.

- Սեփական որակյալ կոնտենտի ստեղծում եւ տարածում 6 հարթակի միջոցով. Mediamax.am, Banks.am, Bravo.am, Itel.am, Sport.Mediamax.am, GastroVino.am;

- Մեդիայի մոնիտորինգ եւ վերլուծություն սեփական արտադրության MaxMonitor հարթակի միջոցով,

- PR-ծառայություններ եւ ռազմավարական խորհրդատվություն MediaBrand ընկերության միջոցով։

Եթե դեռ 5 կամ 10 տարի առաջ շատերն առաջնորդվում էին «որքան շատ տեղեկատվություն, այդքան լավ», 2019-ին ակնհայտ դարձավ, որ մարդիկ հոգնել են լրատվության ահռելի ծավալներից եւ փորձում են սահմանափակել դրանց քանակը՝ առանձնացնելով այն աղբյուրները, որոնք իրենց հոգեհարազատ են։ Եվ այս պարագայում շահում են այն մեդիաները, որոնք ուժեղ եւ կայուն բրենդ ունեն: Մենք «լրատվական» չենք, քանի որ ունենք սեփական անուն՝ Մեդիամաքս:

Եթե ոչ 20, ապա գոնե վերջին 10 տարվա ընթացքում մենք հատել ենք սոսկ մեդիա լինելու սահմանը եւ կառուցել ենք էկոհամակարգ։ Ընդ որում՝ այդպիսի նպատակ չենք ունեցել, դա ստացվել է ինքնաբերաբար:

Այսօր այդ էկոհամակարգի գոյությունը փաստ է, եւ Մեդիամաքս ասելով՝ շատերը նկատի ունեն ավելին, քան միայն ժուռնալիստիկան։ Մայիսին, մեր 20-ամյակի առիթով, հայտարարեցինք Mediamax Plus հարթակի գործարկման մասին: Աշխատանքի բերումով հաճախ առնչվում ենք լավ կրթական եւ մշակութային նախաձեռնությունների հետ, որոնք աջակցության կարիք ունեն, ինչպես նաեւ այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բյուջեներ, սակայն երբեմն դժվարանում են լավագույն կիրառությունը գտնել դրանց համար: Mediamax Plus-ը կապող օղակ է, որը միավորում է աջակցության կարիք ունեցողներին եւ այն տրամադրողներին:

Արդեն կարող ենք խոսել առաջին արդյունքների մասին: Mediamax Plus-ի միջնորդությամբ JTI Armenia ընկերությունը միջոցներ է հատկացրել Հայաստանի ազգային պատկերասրահին՝ Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի եւ Հակոբ Կոջոյանի մեկական կտավների ռեստավրացիայի համար, որոնք 2020 թվականին կներկայացվեն հանրությանը:

Նոյեմբերին «Ռոսատոմ» կորպորացիայի համար Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում գործարկեցինք More for Metsamor նախագիծը, որի հիմնական նպատակներից է խրախուսել աշակերտներին՝ ներգրավվելու իրենց ապագայի ձեւավորման գործում:

Հունիսին Երեւանում հանդիսավորությամբ տոնեցինք Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այս առիթով ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ծրագրի գլխավոր հովանավոր IDBank-ին եւ գործընկեր Koor-ին:

2019-ին չէինք մոռանում նաեւ մեր հիմնական աշխատանքի մասին: Մայիսին գործարկեցինք GastroVino կայքը, որը պատմում է Հայաստանում արագ զարգացող գաստրոնոմիայի, գինեգործության եւ հարակից ոլորտների մասին: Չնայած երիտասարդ տարիքին, GastroVino-ն արդեն իր կայուն տեղն ունի Մեդիամաքսի ընտանիքում եւ լավ արդյունքներ է ապահովում:

Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ այս տարի սկսեցինք Այլընտրանքային պատմություն նախագիծը, որի մասին, պարզվում է, երկուսս էլ երազել էինք երկար տարիներ: Խորհրդանշական եմ համարում, որ այդ նախագծին զուգահեռ Միքայել Յալանուզյանի հետ շարունակել ենք Հանրապետություն հատուկ նախագիծը, որը պատմում է այն մասին, թե ինչ էր կատարվում Հայաստանում 100 տարի առաջ: Այդպես մեր ընթերցողը կարողացել է համադրել իրական եւ այլընտրանքային պատմությունը, ինչն, իմ կարծիքով, չափազանց հետաքրքիր փորձառություն է:

Ամբողջ աշխարհում մեդիային վերաբերող ամեն ինչ փոխվում է շատ արագ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը, բոլորը փնտրտուքի մեջ են։ Մենք եւս պատրաստվում ենք նոր ֆորմատներ փորձարկել: Չի փոխվելու միայն այն, որ Մեդիամաքսի ընտանիքի ցանկացած կայք այցելելով, դուք վստահ եք լինելու, որ ստանալու եք որակյալ եւ արժանահավատ տեղեկատվություն: Կարող եք վստահ լինել, որ մենք «լրատվական» չենք դառնալու, ինչ էլ լինի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին