Տարածք չհանձնելու միակ բանաձևը - Mediamax.am

Տարածք չհանձնելու միակ բանաձևը
2296 դիտում

Տարածք չհանձնելու միակ բանաձևը


Այս էլ որերորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կրկին փաստելու ենք ստատուս քվոյի մասին: Ստատուս քվո ասելով, տվյալ դեպքում հասկանում ենք մոտ 12 հազար քառակուսի կմ տարածք ունեցող Արցախի Հանրապետություն: Սակայն այս ստատուս քվոն կարծես թե դարձել է սինդրոմ՝ մեզ մղելով անարդյունավետության:

Արցախի ղեկավարները պնդում են ստատուս քվոյի պահպանման վրա, քանի որ շատ լավ հասկանում են, որ որևէ տարածք զիջելով՝ իրենք կամիկաձեի քայլ են կատարում:

Այս տասնյոթ տարվա ընթացքում մենք շատ քիչ անգամ մտածեցինք հեղհեղուկ այս ստատուս քվոն դարձնել վերջնական: 1994թ., ՀՀ և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում որոշվեց հետագա 10 տարվա ընթացքում Արցախի բնակչությունը հասցնել 300 հազարի: Անցել է 17 տարի, այսօր վիճակագրական տվյալները խոսում են մոտ 140 հազարի մասին: Ու այդ նույն խորհուրդներին բոլորովին էլ չի հետաքրքրում՝ ինչու՞ տապալվեց վերաբնակեցման ծրագրերը:

Հայաստանյան քաղաքական շրջանակները գրեթե տեղեկացված չեն Արցախից, շատ քիչ են հասկանում առկա խնդիրները, լուծումներն էլ, եթե դրանք կան, խիստ տեսական են՝ ինտերնետային գողացված նյութերով ռեֆերատ գրող ուսանողի մակարդակի:

Չկարողացանք լինել արդյունավետ: Ավելին՝ անտրամաբանական անարդյունավետություն ունեցանք այս տարիներին: Սահմանափակեցինք տնտեսական իրավունքները, ոտնահարեցինք սեփականության իրավունքը, ջիպերը մտան մեր արժեքային համակարգի մեջ, կործանեցինք կրթական համակարգը, ստեղծեցինք մի հասարակություն, որտեղ ապրում են վախեցած մարդիկ, իսկ նրանց հսկելու ամենամեծ լծակը դարձավ աշխատանքը կորցնելու վախը:

Կազանն էլ անցավ: Վստահաբար, առաջիկայում այլ քաղաքներ կհայտնվեն աշխարհում, որոնք մեզ կստիպեն համառ ուշադրությամբ և սրտատրոփ սպասել… հերթական ստատուս քվոյին: Այնինչ սա անընդունելի է:

Հետկազանյան փուլը պետք է լինի բեկումնային՝ վերաբնակեցման շուրջ հասարակական ակտիվության համար: Տարածք չզիջելու կողմնակիցները պետք է միավորվեն, գտնեն համապատասխան ռեսուրսներ, հարցը դարձնեն օրակարգային, մտցնեն դրանք հայաստանյան կուսակցությունների նախընտրական ծրագրերի մեջ, Արցախի թերբնակեցված տարածքներում նախաձեռնեն տների կառուցում ու այնտեղ հզոր թիմերի ստեղծում, որոնք բաղկացած կլինեն  հիմնականում երիտասարդ, նախաձեռնող, պայքարող արդյունավետ անձանցից: Կա՞ արդյոք այսպիսի մի զանգված: Վստահաբար այո:

Նույնիսկ կան տարբեր թիմեր, որոնք ունեն խարիզմատիկ, համակարգներ ստեղծելու ունակ առաջնորդներ և որոնց համար վերաբնակեցումը կարևորագույն հարց է: Ի՞նչ են անում նրանք հիմա: Զբաղված են ֆեյսբուքային, բլոգային հայրենասիրությամբ, մեկ-մեկ փոքրիկ ցույցեր են անում երևանյան այս կամ այն կարևոր շենքի պատերի տակ, նույնիսկ ապաշնորհ ձևով քաղաքականություն են խցկվում:

Հետկազանյան փուլը լուրջ մտածելու փուլ է: Ավելին՝ լրջորեն գործելու փուլ է: Պետք է թողնել երևանյան բեմադրությունները և ակտիվացնել կյանքը Քարվաճառում, Կովսականում, Ֆիզուլիում՝ ներգրավելով ավելի ու ավելի կարող ուժեր: Սա է տարածք չհանձնելու միակ բանաձևը:

Հայկ Խանումյանը «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին