Երեւան: Մեդիամաքս: Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը հերքել է լուրերն այն մասին, թե Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի ետնամասում նախատեսվում է 6-հարկանի շենք կառուցել:
Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում Կարո Այվազյանն ասել է, որ իրենց մասնագետները նախօրեին այցելել են Փակ շուկա եւ ուսումնասիրել տարածքը:
«Շուկայի ետնամասի հատվածում, որտեղ նախկինում եղել են մսի պասաժներ, կկառուցվի 3 հարկ, որտեղ կտեղավորվեն գրասենյակներ: Սակայն կառուցվող 3 հարկը չի հատելու շուկայի նախկին բարձրության շեմը»,- ասել է Կարո Այվազյանը:
Նա հավաստիացրել է, որ անձամբ այցելել ու հանձնարարել է, որպեսզի այդ հատվածում բետոնի աշխատանքներ չիրականացվեն:
«Այդ տարածքում 6-հարկանի շենքի կառուցումը բացառվում է»,- ընդգծել է Այվազյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված լուրերը:
Նա նշել է, որ շուկայի սեփականատիրոջ կողմից Մշակույթի նախարարություն ներկայացվել է վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծ, որը քննարկվել է նախարարության գիտամեթոդական խորհրդում եւ, որոշ դիտողություններով հանդերձ, հավանության արժանացել:
Կարո Այվազյանը հավաստիացրել է, որ շուկայի տարածքում վերգետնյա աշխատանքները կշարունակվեն միայն ըստ այդ նախագծի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: