Մեծ նվիրումն ու սիրելի աշխատանքը՝ հզորացման գրավական - Mediamax.am

exclusive
8078 դիտում

Մեծ նվիրումն ու սիրելի աշխատանքը՝ հզորացման գրավական


Հայկ Մարտիրոսյանը
Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Մարտիրոսյանը
Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Մարտիրոսյանը
Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձգտում եւ սեր. տեխնոլոգիական աշխարհում առաջատար լինելու բանաձեւն է, որ առաջարկում է Synergy-ի տեխնոլոգիական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը:  

 

Հայկը շատ է կարեւորում կրթությունը, ասում է՝ ամեն ինչ սկսում է դպրոցից, եւ կրթությանը պետք է վերաբերվել որպես գիտելիք, ոչ թե սովորել գնահատականի համար։

 

«Կրթությունը տեխնոլոգիական ուղղության հիմքն է»,- ասում է Հայկ Մարտիրոսյանը, ով ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։

 

Synergy-ի հաջողության գրավականի եւ տեխնոլոգիական ապագայի մասին Մեդիամաքսը զրուցել է Հայկ Մարտիրոսյանի հետ:

 

Շարունակական ինքնազարգացումը  պարտադիր է

 

Երբ մարդը նպատակ ունի ոչ թե ուղղակի դառնալ ծրագրավորող, այլ հասնել այս ուղղության գագաթնակետին, ապա սկզբնական փուլում դժվար է կողմնորոշվել, թե ինչն է վաղը պետք գալու։ Երբ հիմա հետ եմ նայում, տեսնում եմ, որ ճիշտը բոլոր առարկաները սովորելն էր, որովհետեւ դա, բացի գիտելիքներ ստանալուց, նաեւ աշխարհայացք ու լայն մտահորիզոն է ձեւավորում: Տեխնոլոգիական տնօրեն դառնալու համար միայն տեխնիկական գիտելիքները բավարար չեն։ Պետք է բազմակողմանի կրթվել, որովհետեւ դա ոչ միայն օգնում է, այլեւ շատ դեպքերում նախապայման է դառնում հաջողության հասնելու համար։

 

Ես սկսել եմ աշխատել 2-3-րդ կուրսից։ Ցանկալի է, որ մասնագետները շուտ սկսեն գիտելիքները կիրառել՝ ուսմանը զուգահեռ, բայց ոչ երբեք կրթության հաշվին։ Ես միշտ պահել եմ բալանսը։ Բուհն ավարտելուց հետո թվում է, թե ամեն ինչ ավարտվել է, բայց ինքնակրթվելը դառնում է կյանքի պարտադիր մասը։ Ամեն մեկն իր մեջ պետք է գտնի ուսուցիչ, որը կստիպի շարունակաբար սովորել։

Հայկ Մարտիրոսյանը Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեծ նպատակներից բացի՝ կարեւոր է նաեւ կարճաժամկետ նպատակներ ունենալը։ Ես միշտ հստակ նպատակներ եմ ունենում հաջորդ վեց ամսվա համար, ինչպես աշխատանքում, այնպես էլ ինքնակրթության մեջ:

 

Կարեւոր է ոչ միայն աշխատանքային փորձը, այլեւ շարունակական ինքնազարգացումը։ Այս ամենն անելը անխուսափելիորեն բերելու է հաջողության։ Իմ դեպքում այդպես է եղել:

 

Շարունակական ոգեշնչումը կարեւոր է

 

Աշխատանքն ինձ համար ինքնազարգանալու, ստեղծագործելու, ինքնաարտահայտվելու, ինքնաբացահայտվելու, ներուժս իրացնելու

հնարավորություն է։ Իմ պարագայում ես դա կարողացել եմ գտնել իմ աշխատանքի մեջ։

 

Մեր ստեղծած պրոդուկտը՝ IDM-ը, շատ մեծ նշանակություն ունի իմ կյանքում։ Դրա վրա սկսել եմ աշխատել, երբ այն շատ փոքր էր։ Ես միացել եմ Synergy-ին 2005 թվականին, եւ այս բոլոր տարիների ընթացքում իմ ամբողջ ժամանակը, միտքն ու էներգիան ներդրել դրա զարգացման մեջ. սիրել ու փայփայել, հզորացրել եւ ուժեղացրել՝ միշտ հպարտանալով ու մոտիվացվելով արդյունքներից:

 

Շատ եմ ոգեւորվում, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ օգտագործում եւ հատկապես ինչի համար են օգտագործում մեր համակարգերը։ Երբ գիտակցում եմ, որ մեր ստեղծած համակարգերը մարդկանց կյանքում դրական փոփոխություններ են բերում, ավելի եմ ոգեւորվում եւ կարեւորում իմ աշխատանքը։ Ինձ համար Synergy-ում ոգեշնչման այլ գործոններ էլ կան: Ես ոչ մի կերպ սահմանափակված չեմ, միտքս սահմանափակված չէ, ընկերությունում մեր ցանկությունները համապատասխանում են մեր հնարավորություններին։

 

Մոտիվացիայի մյուս կարեւոր գործոնը մարդիկ են։ Մեզ մոտ, կարծես թե, հասարակության սերուցք աշխատելիս լինի։ Իրենց հետ պարզապես հաճելի է ամեն օր ցանկացած հարցի շուրջ մտածել եւ քննարկել, իրենք ունեն առանձնահատուկ աշխարհայացք, միտք, բարձր պրոֆեսիոնալիզմ, ներքին մոտիվացիա եւ կրակ, ինչը փոխանցվում է նաեւ ինձ։ Իմ գործընկերներից ամեն մեկը մի խնդիր է լուծում, դրական ազդեցություն ունենում մեր պրոդուկտի վրա։ Բոլորս միասին մի ուժեղ սիներգիա ենք։ Երբ հավաքվում ենք ինչ-որ հարցի շուրջ մտածելու, ակամայից զգում եմ, թե ինչպես է բոլորի էներգիան միախառնվում ու տեղի է ունենում նոր գաղափարների եւ մոտիվացիայի բռնկում։ Այդ զգացողությունն իսկապես հրաշալի է։

 

Ապագան այսօր է

 

Synergy-ն հասել է այն կետին, որ մեր ստեղծած տեխնոլոգիաները բավական մեծ ազդեցություն ունեն տարբեր երկրների տնտեսությունների վրա։ Եթե մենք ուզում ենք որակյալ եւ բարձր մակարդակի համակարգ ստեղծել, նախապայմաններից է, որ օգտագործենք ոլորտում առկա բարձր որակի, ժամանակակից տեխնոլոգիաները։

 

Ժամանակի ընթացքում ամեն բան արագ փոփոխվում է, եւ ցանկացած գործիք, տեխնոլոգիա արագ հնանում է։ Այս ոլորտում ժամանակը 5-10 անգամ արագ է անցնում։

 

Շատ կարեւոր է հետեւել այս ամենին եւ արագ ներդնել անհրաժեշտ փոփոխություններն ու թարմացումները: Կարեւոր է միշտ լինել առաջին գծում: Մեր ընկերությունն այսօր առաջնագծում է աշխարհի մակարդակով, մրցում ենք խոշոր մասշտաբով առաջատար ընկերությունների հետ եւ հաճախ տենդերներում հաղթում այդ հսկաներին, իսկ դա պայմանավորված է մեր տեխնոլոգիաների զարգացվածությամբ: Վերջին տարիների բոլոր տենդերներում մենք հավաքել ենք բարձրագույն գնահատականները, որովհետեւ բավարարել ենք այսօրվա բոլոր բարձր տեխնոլոգիական, տեխնիկական պահանջներին: Դա շատ բան է ասում մեր տեխնոլոգիական մակարդակի մասին: Մենք այսօր զարգանում ենք Microservice, Kubernetes, Cloud Native, Java, Angular, Databases  տեխնոլոգիաներում:

 

Աշխարհին համընթաց լինելու համար շատ կարեւոր է Synergy-ի Research and Development (R&D) դեպարտամենտի գործունեությունը, որն անընդմեջ զբաղվում է զարգացման համար անհրաժեշտ հետազոտություններով: Որպես տեխնոլոգիական հաջողության գրավական կնշեմ հենց R&D դեպարտամենտի առկայությունը, որը ապահովում է ժամանակակից աշխարհում առաջատար լինելու մեր հիմքը:

 

Շատ կարեւոր է, որ մենք ամեն օր իմանաք, թե ինչ ենք անելու վաղը, որովհետեւ, եթե այլ ընկերության համար «վաղը» տաս տարի հետո է, մեզ համար այդ փոփոխություններն անելու ժամկետը հաջորդ տարին է: Մենք ամեն պահի հաջորդ տարվա համար շատ հստակ գիտենք, թե ինչպես ենք ցանկանում գնալ առաջ, որովհետեւ նույնիսկ մեկ տարվա ընթացքում ամեն ինչ շատ արագ հնանում է:

 

Մոտակա տարիների համար կարեւոր է, որ ոչ միայն մեր ունեցած տեխնոլոգիաները զարգացնենք, այլեւ հետեւենք շուկայում նոր ձեւավորվող եւ զարգացող այն ուղղություններին, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Այս պահին մեր ուշադրության կենտրոնում գտնվող ուղղություններն են «բլոկչեյնը» եւ արհեստական բանականությունը, որոնց հետ կապված արդեն ունենք որոշակի հետազոտական աշխատանքներ, եւ մեր ճանապարհային քարտեզի մեջ մտնում է այդ ուղղությունների ներդրումը՝ որպես մեր տեխնոլոգիաների եւ պրոդուկտի հիմնական մաս: Դրանք շատ մեծ հեռանկար ունեցող ուղղություններ են, եւ մենք շատ հստակ տեսնում ենք մեր ընկերության, պրոդուկտների ու այս ուղղությունների կապը:

 

Այսօր աշխարհի մակարդակով, չկա որեւէ բան Web ուղղության մեջ, որի հետ Synergy-ն չի առնչվում: Բոլոր նորարարական տեխնոլոգիաները մենք օր առաջ փորձում ենք հետազոտել եւ օգտագործել ըստ կարիքի: Հաշվի առնելով մեր պլատֆորմի մեծությունը եւ դրա հնարավորությունների ծավալը գրեթե չկա որեւէ արդի տեխնոլոգիա, որ մեզ մոտ բացակայում է: Սա նաեւ լայն հնարավորություններ է ստեղծում թիմի զարգացման համար, եւ մեր մասնագետները կարողանում են իրենց ցանկացած հետաքրքրություն բավարարել, զարգանալ եւ զարգացնել այդ ուղղությունը:    

 

Հաջողության հիմքում թիմն է

 

Synergy-ի թիմի դերն այս ամենում շատ մեծ է: Լավ թիմ ունենալը հաջողության համար անհրաժեշտ պարտադիր պայման է: Զարգացած թիմ ունենալն օդի եւ ջրի նման մի բան է ընկերության համար: Տեխնոլոգիական առումով՝ թիմի մակարդակը որոշում է ընկերության մակարդակը: Ես հպարտանում եմ մեր թիմով:

Հայկ Մարտիրոսյանը Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Որպես տեխնոլոգիական ղեկավար՝ որեւէ ուղղություն կամ տեխնոլոգիա զարգացնելու որոշման պատասխանատվությունն ինձ վրա է, բայց այստեղ կա թիմային աշխատանք, բավական շատ ենթաշերտեր գոյություն ունեն, ամեն մի ուղղություն ունի իր ղեկավարը, ով պատասխանատու է այդ ուղղության համար, ով սիրում եւ զարգացնում է այն: Իսկ իմ դերն այս ամենը համակարգելը, այս ամենի մեջ լինելն է: Մի հոգին չի կարող միայնակ ընկերություն ղեկավարել, ես այստեղ կուզենամ շեշտել R&D թիմի դերը: Ցանկացած նոր երեւացող ուղղություն մեր թիմի հետազոտական «օբյեկտիվի» ներսում է, եւ ճիշտ պահին նոր ուղղությունը դառնում է մեր պրոդուկտի մաս:   

 

Բացի ինքդ քեզ համար ուսուցիչ լինելը, շատ կարեւոր է, որ աշխատավայրում կողքիդ լինեն մարդիկ, ովքեր նույնպես այդ դերը կստանձնեն, ուղղություն կտան, որովհետեւ միշտ չէ, որ հեշտ է կամ հնարավոր է ճիշտ կողմնորոշվել կյանքի ցանկացած էտապում: Կարեւոր է, որ թիմում միշտ լինեն մարդիկ, ովքեր անշահախնդրորեն կօգնեն, ուղղություն կտան: Մեր թիմում մարդիկ իրար շատ սիրում են, ուզում են, որ իրենց կողքին աշխատող ընկերը արագ աճի եւ ամեն կերպ աջակցում են նրա զարգացմանը: Մարդիկ էլ, սիրելով իրենց աշխատանքն ու այս ոլորտը, անընդհատ աճում եւ զարգանում են:  

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին