Կրթությունը՝ հաջողության սերմ. Synergy-ի ամենաերիտասարդ փոխնախագահը - Mediamax.am

exclusive
5200 դիտում

Կրթությունը՝ հաջողության սերմ. Synergy-ի ամենաերիտասարդ փոխնախագահը


Խաչատուր Մաթեւոսյանը
Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Մաթեւոսյանը
Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Մաթեւոսյանը
Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Մաթեւոսյանը
Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Մաթեւոսյանը
Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Մաթեւոսյանը
Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սովորել, սովորել ու դարձյալ սովորել․ Synergy International Systems-ի ամենաերիտասարդ` Էլեկտրոնային արդարադատության համակարգի փոխնախագահի հաջողության ծաղիկների սերմերն են։

Խաչատուր Մաթեւոսյանը 33 տարեկան է, արդեն հասցրել է աշխատել մոտ 10 ընկերությունում՝ մինչեւ գտել է իրեն առավել համապատասխանը։ Ընկերության փոխնախագահ դառնալու ճանապարհին 5 պաշտոն էլ Synergy-ում է փոխել՝ ապահովելով աստիճանական զարգացումը։

«Synergy-ի հետ իմ ճամփորդությունը սկսելու տարիներին ձեւավորվեց մեր էլեկտրոնային արդարադատության համակարգը: Հիմա աշխարհում այն համարվում է լավագույնը: Հաճախ տենդերների մրցույթներում տեսնում եմ՝ ինչպես են մեզ որպես լավագույն օրինակ բերում, ասում, որ մեզ նման համակարգեր ստեղծելու մրցույթներ են հայտարարում: Այս հաջողությունը մեր թիմի աշխատանքի արդյունքն է»,- ասում է նա։

Խաչատուր Մաթեւոսյանը սովորել է «Քվանտ» վարժարանում, 2005-ին ընդունվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետ, ապա՝ բարձրագույն կրթությունը շարունակել Մարքեթինգի ֆակուլտետում։ Դեռ դպրոցական տարիներին ուզում էր ծրագրավորման ուղղությամբ խորանալ, բայց «Քվանտում»՝ «Պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի իրականացրած «Կիրառական տնտեսագիտություն» առարկան փոխեց պլանները։

«Սկսեց դուրս գալ այն գաղափարը, որ կարելի է աշխատանքը կազմակերպել, ոչ թե իրականացնել: Այդպես 10-րդ դասարանում ծնվեց հետաքրքրությունը մենեջմենթի նկատմամբ, որն այդ ժամանակ նոր ուղղություն էր: «Պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի մրցույթը հաղթելուց հետո՝ կրթական ծրագրով գնացի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հետո՝ Կանադա: Տարբեր ձեռներեցների հետ հանդիպումներ էինք ունենում, բիզնեսի կառավարման թեմաներ էինք քննարկում, այդտեղ ավելի ամրապնդվեց մենեջմենթի մեջ խորանալու ցանկությունը։  Դա էլ ինձ տարավ Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջնականապես սիրահարվեցի մասնագիտությանը»,- ասում է Խաչատուրը։

Մեդիամաքսը Synergy International Systems-ի ամենաերիտասարդ փոխնախագահի հետ զրուցել է կրթության կարեւորության եւ հաջողության ճանապարհին ծագող դժվարությունների հաղթահարման մասին։

Վատ ուսանողից՝ լավ ուսանող

Համալսարանի առաջին կուրսում դասի գրեթե չէի գնում, բացականերս շատ էին ու ինձ համալսարանից հեռացման հարց դրեցին։ Միակ տարբերակը, որ ինձ չհեռացնեին այն էր, որ պետք է դառնայի ամենալավ սովորողներից մեկը։ Արդյունքում, առաջադիմությամբ միշտ ընկնում էի լավագույն հնգյակի կամ տասնյակի մեջ։

Խաչատուր Մաթեւոսյանը Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդ տարիքում ոչ ոք չի պատկերացնում իր ապագան ինչ կլինի, որ ուղղությամբ կխորանա եւ որտեղ կարող է իրեն ավելի լավ ռեալիզացնել։ Եթե հիմք չկա, շատ ավելի բարդ է լինում գիտելիքների պաշարը զրոյից հավաքել։

Բիզնեսում մենեջմենթով զբաղվելը գրավեց ինձ, քանի որ կարելի էր միշտ փորձել բաներ, որոնք գոյություն չունեին, այսինքն` ինչ-որ իմաստով՝ «նորարարություններ» անել: Դա հիբրիդ մոտեցում էր։

Եթե ես իմանայի, թե ինչ է սպասվում ինձ եւ նորից ընտրելու հնարավորություն ունենայի, միանշանակ կընտրեի Ֆրանսիական համալսարանն ու մասնագիտական նույն կուրսը: Շատ դեպքերում լինում էր, որ առավոտյան 9-ին գնում էինք դասի ու մինչեւ ժամը 5-ը դաս էինք ունենում:

Համալսարանում սովորելուն զուգահեռ ստիպված էի աշխատել․ 50 տոկոս զեղչով էի ընդունվել եւ պետք է ուսման վարձը կարողանայի վճարել։ Սովորելուն զուգահեռ աշխատանքը տանջանք էր. Դասից հետո՝ ժամը 6-ին, գնում էի գործի, գիշերը 1-ին՝ տուն, առավոտյան՝ նորից դասի: Բայց միեւնույնն է, նորից կկրկնեի նույն ճանապարհը, որովհետեւ այն գիտելիքները, որ ստացել եմ համալսարանում, անգնահատելի են:

Կան առարկաներ, որ ուսանողը կարող է մտածել, թե որտե՞ղ է դա կիրառելու, ինչո՞ւ են նման բան սովորեցնում իրեն։ Synergy-ում աշխատանքի հենց առաջին օրն այդպիսի մի առարկայի ժամանակ ստացած գիտելիքներ պահանջող խնդիր էր դրվել իմ առաջ: Գնացել էի տուն եւ ուսանողական նյութերս էի «քչփորում», որ փորձեի վերհիշել սովորածս: Նույնը լեզուներին է վերաբերում:

Աճի հնարավորություններով լի կղզյակը

ՏՏ ոլորտում աշխատելու որոշումը պայմանավորված էր դրա անսահմանափակ լինելով. կարելի է ոչ միայն տեղական, այլեւ դրսի շուկայում աշխատել:

Այն ժամանակ ընկերությունում ծրագրի ֆրանսախոս մենեջեր էր հարկավոր: Ֆրանսերեն գիտեի, մասնագիտության առումով անհրաժեշտ գիտելիքներն ունեի, ընկերս խորհուրդ տվեց դիմել։ Եթե իմ օրինակով նայենք, այստեղ 5 պաշտոն եմ փոխել, այսինքն՝ մասնագիտական աճի հնարավորության տեսանկյունից Synergy-ն իսկապես հրաշալի կղզյակ է, իսկ զարգանալու բանալին քո ձեռքերում է։
Խաչատուր Մաթեւոսյանը Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոտեցումը, որ Synergy-ում ինձ միշտ դուր է եկել եւ որը ինքս կիրառում եմ, այն է, որ հաճախ պաշտոնի բարձրացումը լինում է հակառակ կողմից, շատ բնական ու հանգիստ. դու սկսում ես գործն անել, նույնիսկ արդյունքը տալ, ինչի արդյունքում նոր պաշտոն եւ պարտականություններ ես ստանձնում: Նույնը եղավ ինձ հետ՝ գրեթե բոլոր բարձրացումների դեպքում՝ նախագծերի ղեկավարից մինչեւ փոխնախագահ: Մեր թիմը, որ մինչեւ 15 հոգի էր, մի քանի ամսում դարձավ ավելի քան 70 հոգանոց բաժին:

Synergy-ում կյանքիս ամենազարմանալի աշխատանքային փորձն ունեցա: Եթե այլ ընկերություններում լսում էիր, որ անփոխարինելի մասնագետ չկա, մեր հիմնադիրն ասում էր հակառակը. մարդիկ անփոխարինելի են, քանի որ ըստ Աշոտ Հովհաննիսյանի՝ Synergy-ն այն մարդիկ են, որոնցով պայմանավորված է ընկերության հաջողությունը: Ու այդ սկզբունքով բոլորը փորձում էին մեկը մյուսին աճեցնել ու ներդրում անել գործընկերների զարգացման մեջ: Հետո եկավ մի պահ, հասկացա, որ ինքս եմ դարձել այդ արժեքների կրողը: Կարիերայիս հենց սկզբում կցվեցի Ռուանդայի արդարադատության համակարգը թվայնացնող թիմին, որը բավականին մարտահրավերներ ուներ: Սակայն աշխատանքի ճիշտ կազմակերպման շնորհիվ՝ Ռուանդայի փորձը դարձավ մեր ամենահաջողված ծրագրերից մեկը: Հետո ես էլ փորձում էի տարբեր մեթոդներ սովորել, ուսումնասիրել մեր օնլայն գրադարանի հարյուրավոր գրքերում։

Երբ ոչ ոք չի ասում՝ դա քո գործը չէ

Synergy-ին ինձ սովորեցրեց կյանքի մեկ այլ կարեւոր սկզբունք. եթե կարող ես անել ավելին, ոչ ոք չի ասում՝ դա քո գործը չէ:

Հենց այդպես մեր հիմնադիրը՝ Աշոտ Հովհաննիսյանը սկսեց ինձ դիտարկել նաեւ որպես վաճառքի լավ մասնագետ, ու դարձա ծրագրի ղեկավար: Ինձ համար մեծ մարտահրավեր էր պետությունների ղեկավարների հետ բանակցություններից մինչեւ թվայնացման իրականացման պատասխանատվությունը ստանձնելը։
Խաչատուր Մաթեւոսյանը Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մասնագիտական «ֆորմայի» մեջ մնալու համար մոտիվացնում է աշխարհում ինչ-որ հետք թողնելու գաղափարը: Synergy-ում տրված է լավագույն գաղափարներն իրականացնելու միջավայր, իսկ համախոհ պրոֆեսիոնալների թիմի շնորհիվ՝ գալիս է վստահությունը, որ անհնարին ոչինչ չկա: Միաժամանակ բալանս եմ գտնում՝ ինձնից տարբեր մտածող, կշռադատված որոշումներ կայացնող գործընկերներիս կարծիքները լսելով:

Աշխատանքով շատ տարված լինելով հաճախ նկատում եմ, որ օրվա 24 ժամն անգամ չի բավարարում, բայց նույնիսկ գիշերներն աշխատելիս մտածում եմ, որ ներդրում եմ անում: Մեր ընկերությունն իմ կյանքում նաեւ աշխարհն այլ տեսանկյունից ճանաչելու թեւեր տվեց: Ընկերության հետ փոխում եմ արդեն երկրորդ անձնագիրս: 16 երկրում եմ եղել, որոնք որպես զբոսաշրջիկ գուցե մտքովս էլ չանցներ այցելել: Երկրներ կան, որ 20 անգամից ավելի եմ այցելել: Գուցե շատ ռոմանտիկ բան կասեմ, բայց  իմ մոտիվացիան աշխարհում հետք թողնելն է, որը նաեւ մեր ընկերության նշանաբանն է՝ բարիքին ուղղված ազդեցություն տարածել: Այստեղ կարող ես լինել լավագույնը, ստեղծել նոր մի բան ու դառնալ աշխարհում լավագույնը:

Կրթության «տրանսֆորմացիաներն» ու կայուն արժեքները

Լավ մասնագետ դառնալու համար ակադեմիական կրթությունը շատ կարեւոր է։ Եթե հետհայացք գցեմ եւ փորձեմ վերհիշել, թե 8 տարի առաջ՝ Synergy ընդունվելիս ինչ գիտելիքներ էին անհարժեշտ լինում աշխատանքում, ապա պրակտիկ կարողացա կիրառել համալսարանում 6 տարվա ընթացքում յուրացրածիս մոտ 80 տոկոսը: Այս ամենը մի քանի ամսվա կուրսով չի կարող փոխարինվել:
Խաչատուր Մաթեւոսյանը Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Որեւէ մասնագիտություն մի քանի ամիս սովորելը, ըստ իս, կարող է ընդամենը պատկերացումներ տալ, ոչ ավելին։ Իհարկե, դա կախված է այն բանից, թե ինչ է ուզում մարդը: Կարճ կուրսերը կարող են որոշ հմտություններ զարգացնել, բայց մի քանի ամսում մասնագետ սարքելը բավական բարդ է:

Հիմա շատ եմ կարդում հոդվածներ, որոնք օգնում են միշտ մասնագիտության զարկերակին պահել մատս, նաեւ գրքեր եմ կարդում, որովհետեւ հաճախ գործնական խնդիրների պատրաստի լուծում չկա եւ դրանք պետք է փորձել ինքնուրույն գտնել՝ տարբեր աղբյուրներից օգտվելով։

Տարիքն ու կարծրատիպերը

Անցած տարի աշնանը կոնֆերանսի էինք արտասահմանում՝ գերագույն եւ բարձր ատյանի դատարանների նախագահների հետ: Ես խոսնակներից մեկն էի, եւ երբ Քենիայի գերագույն դատարանի նախագահն ինձ ներկայացնում էր՝ խոսքը փոխանցելու համար, ավարտին ասաց՝ այս երիտասարդին ո՞վ է նման պաշտոն տվել (ծիծաղում է,- Մեդիամաքս):

Եղել է, որ ինչ-որ հրավերների ժամանակ խնդրել են տարիքով մարդ ուղարկել: Այդ կարծրատիպը միշտ կա: Բայց Synergy-ում ոչ թե տարիքով, այլ մարդու գիտելիքներով եւ փորձով են առաջնորդվում: Եթե իմ փորձով ասեմ՝ երբեք տարիքը խոչընդոտ չի եղել որեւէ պատասխանատվություն ստանձնելու համար:
Խաչատուր Մաթեւոսյանը Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ղեկավար լինելու պատասխանատվությունն  էլ ստանձնել եմ նույն վստահությամբ։ Կարծում եմ, որ լավ ղեկավարից շատ բան է կախված, ուժեղ նախագծի ղեկավարը կարող է կազմակերպել, աճեցնել ու ոգեշնչել թիմի անդամներին ու ապահովել հաջողությունը: Ղեկավարը կարող է հիմքը կամ հենասյունը, իսկ արդյունքը ամբողջական թիմի շնորհիվ է լինում:

5 խորհուրդ՝ հաջողելու համար

1․ Ունենալ «քթածակ». ճիշտ կողմնորոշվել՝ ընտրելով «ինչու»-ն եւ «ինչպես»-ն ու արագ սովորել:

2․ Չվախենալ փոփոխություններին ընդառաջ գնալ. երբ ամեն անգամ ասում էի, որ ուզում եմ ինձ նոր աշխատանքում փորձել, բոլորի միանշանակ արձագանքն էր՝ գժվե՞լ ես։

3․ Համարձակ լինել․ միշտ նոր մարտահրավեր ընդունելն ավելի հետաքրքիր է։ Գործի մեջ էլ շատ դեպքերում, երբ պետք է լինում մեծ առաջընթաց գրանցել, հաճախ դա մեծ ռիսկ է պահանջում։

4․ Չհիասթափվել․ եթե որեւէ մեկի մոտ չի ստացվել, դա դեռ ապացույց չէ, որ անհնար է գտնել ինչ-որ մի լուծում։

5․ Հավակնոտ լինել․ ոչ թե հասանելի, այլ հավակնոտ պլաններ գծել ու փորձել հասնել դրանց։ Այդ դեպքում հաջողության հավանականությունն ավելի մեծ է լինում, որովհետեւ ներդրված ջանքերն էլ են մեծ լինում։

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին