Միքայել Մարկոսյան դարձած Իոսիֆ Կոգանը կամ հայ բժշկի սխրանքը - Mediamax.am

exclusive
2360 դիտում

Միքայել Մարկոսյան դարձած Իոսիֆ Կոգանը կամ հայ բժշկի սխրանքը


աջից՝ Հարություն Խաչատրյանը, մեջտեղում՝ Իոսիֆ Կոգանը
աջից՝ Հարություն Խաչատրյանը, մեջտեղում՝ Իոսիֆ Կոգանը

Լուսանկարը` արխիվային

Հարություն Խաչատրյանը
Հարություն Խաչատրյանը

Լուսանկարը` արխիվային

Հարություն Խաչատրյանը
Հարություն Խաչատրյանը

Լուսանկարը` արխիվային

Աննա Խաչատրյանը եւ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը
Աննա Խաչատրյանը եւ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իոսիֆ Կոգանի նամակից հատված
Իոսիֆ Կոգանի նամակից հատված

Լուսանկարը` արխիվային


Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկող հայ երախտավորներին նվիրված միջոցառման ժամանակ երգչուհի Աննա Խաչատրյանը պատմել է իր պապի՝ բժիշկ Հարություն Խաչատրյանի պատմությունը, որը հայազգի 24 «Ազգերի առաքյալներից» մեկն է:

 

Մեդիամաքսը գրի է առել Աննա Խաչատրյանի հուշերը:

 

2 տարի ապացույցների փնտրտուք

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատահաբար տեղեկացա «Ազգերի առաքյալներ» կոչման մասին, որ տրվում է այն օտարազգիներին, որոնք Հոլոքոստի ժամանակ փրկել են հրեաներին՝ վտանգելով իրենց կյանքը:

 

Ես մանկուց լսել էի այդ պատմությունը, որ կար ոմն Իոսիֆ Կոգան, ում որ պապիկս փրկել էր պատերազմի ժամանակ: Սկսեցի փորփրել, ինչ-որ բաներ գտա մեր տանն այդ պատմության վերաբերյալ: Ծնողներս չէին հավատում, որ այդ որոնումներն ինչ-որ արդյունք կտան, ու պապիկին եւս հետմահու կոչում կշնորհեն: Այդ ժամանակ դա կարծես ֆանտաստիկայի ժանրից լիներ:

Աննա Խաչատրյանը եւ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը Աննա Խաչատրյանը եւ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես դիմեցի «Ազատություն» ռադիոկայանի Երուսաղեմի ներկայացուցիչ Արտյոմ Չերնամորյանին: Ապացույցներ գտնելու հարցում նա շատ օգնեց, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն: Շուրջ երկու տարի ապացույցներ էինք փնտրում:

 

2013թ. հուլիսի 11-ին հրեաների ողջակիզման եւ հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ թանգարանի հատուկ հանձնաժողովը հետմահու «Ազգերի Առաքյալ»  ճանաչեց բժիշկ Հարություն Խաչատրյանին: Պապիկի մեդալն ինձ հանձնեցին: Սա հնարավոր դարձավ նաեւ շնորհիվ Իոսիֆ Կոգանի՝ Յադ Վաշեմ ուղղված նամակների, որոնցում նա մանրամասն պատմում էր, թե ինչպես է պապիկս փրկել իր կյանքը:

 

Իսրայելում դրոշմանիշ է տպվել պապիկիս նկարով:

 

Հրեա լեյտենանտը՝ հայի ազգանունով

 

Պապիկս 1940թ.-ից մասնակցել է ֆիննական պատերազմին: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական հոսպիտալի բժիշկ:

Պատերազմի սկզբում գնացք նստելիս (գուցե գնացքից իջնելիս) նա մի մարդու է հանդիպում, կարծում է, թե հայ է: Մոտենում է խոսելու, պարզում է, որ հրեա է եւ այդքանով բաժանվում են:

Հարություն Խաչատրյանը Հարություն Խաչատրյանը

Լուսանկարը` արխիվային

Դրանից երկու ամիս անց պապիկս Վելիկիե Լուկիում գերի է ընկնում: 11 գերիներից 10-ին տեղում գնդակահարում են, իսկ պապիկիս խնայում են, որովհետեւ գրպանում ֆոնենդոսկոպ են գտնում: Նրան տանում են համակենտրոնացման ճամբար, որտեղ պետք է վիրավոր գերիներին խնամեր: Դա շատ բարդ գործ էր. չկային դեղամիջոցներ, սննդի խնդիր ունեին:

 

Շատ պատահական պապիկս բակում կիսամեռ գերիների մեջ տեսնում է այն նույն  հրեա տղային, ում հանդիպել էր գնացքի մոտ: Դա հրետանային դասակի հրամանատար, լեյտենանտ Իոսիֆ Կոգանն էր: Պապիկս մահացող գերիների միջից նրան թաքուն տեղափոխում է վիրավորների խումբ ու սկսում խնամել: Նա վերցնում է բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում էին Կոգանի ազգությունը ու նրան հայ «դարձնում», անունն էլ դնում Միքայել Մարկոսյան:

Իոսիֆ Կոգանի նամակից հատված Իոսիֆ Կոգանի նամակից հատված

Լուսանկարը` արխիվային

Վիրակապերի վրա հայերեն բառեր էր գրում, որ հայերեն սովորի: Արդյունքում նա այնքան լավ հայերեն էր սովորել, որ շատ անգամ գերմանացիները իրեն էին տանում հայերեն թարգմանության համար:

 

Հայ-հրեայի փախուստը

 

Նույն մարդու կյանքը պապիկս երկրորդ անգամ էլ է փրկում:

 

Գերիներին մի ճամբարից մյուսն էին տեղափոխում եւ գրեթե մինչեւ պատերազմի վերջը պապիկս դեռ ճամբարում էր:

 

Լեհաստանի ճամբարներից մեկում գտնվելիս գերմանացիները մատնությամբ տեղեկանում են, որ գերիների շարքում հրեա կա: Այդ առիթով նրանք բժշկական հանձնաժողով են ձեւավորում, որի անդամ է դառնում նաեւ պապիկս: Նա կարողանում է դուրս գալ սենյակից ու զգուշացնել, որ Կոգանը չներկայանա հանձնաժողովին (թլպատման փաստը կմատներ.՝ հեղ.):

 

Ինչպես պապիկս, այնպես էլ Կոգանը հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպության անդամներ էին: Կազմակերպության մյուս հայ ռազմագերիների օգնությամբ Կոգանը կարողանում է փախչել, որից հետո նա միանում է սովետական բանակի զորամիավորումներից մեկին:

 

Հետագայում իմացա, որ իր որդու անունը Միքայել է դրել:

 

Այս պատմությունների հիման վրա մի լավ գիրք կա՝ «Անհայտ կորած մարդիկ», որի հեղինակը Միքայել Հակոբյանն է: Այդ գրքից տեղեկացա, որ նույն ընդհատակյա կազմակերպության անդամ է եղել նաեւ Շուշան Պետրոսյանի պապիկը: Շուշանի հոր օգնությամբ եւս կարողացա ապացուցողական նյութեր գտնել:

 

Փախուստ ճամբարից, հետո՝ աքսոր

 

Պատերազմի ավարտից մի փոքր առաջ պապիկիս գերմանուհի ընկերուհին նրան ասում է, որ պետք է փախուստի դիմեն, քանի որ իրենց տանելու են գնդակահարության: Հայ ռազմագերիների փախուստը հաջողվում է, սակայն պապիկս մինչեւ կյանքի վերջ էլ գիշերը երազում տեսնում էր իրենց հետապնդումը:

Հարություն Խաչատրյանը Հարություն Խաչատրյանը

Լուսանկարը` արխիվային

Հայաստան վերադառնալուց 2 տարի անց պապիկիս աքսորեցին Սիբիր. գերի ընկածներից շատերին «ազգի թշնամի» էին «հռչակում»:

 

Աքսորից տարիների հետ կապված մի պատմություն կա, որ շատ եմ սիրում: Ստալինի մահվան օրը հայերով քեֆ էին անում, իրենց զարմացած հարցրել են, թե այդ ինչ եք անում, ախր Ստալինն է մահացել, պապիկս էլ ասել է՝ հայերը լավ մարդկանց հետեւից ուրախանում են:

 

Աքսորից վերառառնալուց տարիներ անց մի օր պապիկս տանը քնած է լինում, աչքերը բացում ու տեսնում է, որ տուն երկու գող է մտել, դարակներն են քանդում: Մտածում է ձայն չհանի, որ իրեն վնաս չտան: Գողերից մեկը գալիս է պապիկի գլխավերեւի դարակը բացելու ու տեսնում է նրան: Ասում է՝ վայ, Հարություն Ռուբենիչի տուն ենք մտել, խայտառակ եղանք, դիր տեղը, գնացինք: Պարզվում է, որ այդ մարդիկ նրա հետ աքսորի են եղել: Իրեն բոլորը շատ էին հարգում, քանի որ մշտապես բոլորին օգնում, բժշկում էր:

 

Մինչեւ կյանքի վերջ էլ պապիկս աշխատեց որպես բժիշկ:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին