Հրաչն ու Սոսը, կույրերի շենքն ու անգործ գործարանը - Mediamax.am

exclusive
1393 դիտում

Հրաչն ու Սոսը, կույրերի շենքն ու անգործ գործարանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Սոսը դիմավորում է Հրաչին
Սոսը դիմավորում է Հրաչին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչիկ Անանյանը
Հրաչիկ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոս Սումբուլյանը
Սոս Սումբուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչի պատվոգրերն ու շքանշանը
Հրաչի պատվոգրերն ու շքանշանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչն ու Սոսը
Հրաչն ու Սոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոսը
Սոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոսն ու Հրաչը
Սոսն ու Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս


Էջմիածին քաղաքի շենքերից մեկի այս բակում՝ նստարանին, աջից ձախ Հրաչն է, հարեւանությամբ՝ Սոսը։ Հրաչն ու Սոսն այս շենքի պատվավոր բնակիչներն են, որոնց օրը բակում սկսում է ժամը 11-ին. գալիս են, իրար բարեւում, կյանքից եւ առօրյայից խոսում ու հետո վերադառնում տուն։ Հաջորդ ժամը, որ օրվա մեջ այս մարդկանց պարտադիր կտեսնեք այստեղ, երեկոյան վեցն է։ Ամեն օր նույն օրակարգն ունեն, միայն ձմեռն է, որ ցրտի պատճառով մի քիչ փոխվում է, եւ հանդիպում են միայն առավոտյան։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաչն ու Սոսը ծանոթացել են գործարանում, որտեղ տարիներ առաջ աշխատում էին եւ ինչի շնորհիվ էլ այս շենքում բնակարան են ստացել։ Շենքն Էջմիածնում գտնվող Կույրերի միավորման գործարանի աշխատակիցների համար է կառուցվել ու ժամանակին ստացել «կույրերի շենք» անունը։

Հայաստանում այժմ հաշվառված է 1 538 կուրություն ունեցող անձ։ Սոսն ու Հրաչը պատմում են, որ իրենց սերնդից շատ քիչ մարդ է մնացել, շատերն արդեն մահացել են։ Ժամանակին Հայաստանում կույրերի միավորման 15-ից ավել գործարան կար, այժմ 3 գործարան էլ չկա։
Սոսը դիմավորում է Հրաչին Սոսը դիմավորում է Հրաչին

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաչի եւ Սոսի զրույցը գնում-հասնում է լավ ժամանակներ, երբ գործարանն ակտիվ աշխատում էր, իսկ իրենց օրվա միակ կարեւոր իրադարձությունը կեսօրին ու երեկոյան բակ իջնելը չէր։

Թերթում գտնված դպրոցն ու չտպագրված գյուտը

Հարեւանի ստացած թերթի շնորհիվ Նոյեմբերյանի գյուղերից մեկում ապրող Հրաչն իմացավ կույրերի գիշերօթիկի մասին։ Հրաչի ծնողների մտքով չէր էլ անցնում, որ երեխան տեսողական խնդիր ունի, եւ ինչպես բոլորը վեց տարեկանում գնաց դպրոց, սակայն սովորեց այնտեղ կես կիսամյակ։
Հրաչիկ Անանյանը Հրաչիկ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաչիկ Անանյան. «Երբ փոքր էի դեռ մի քիչ տեսնում էի, գիտեին կարամ սովորեմ, ուղարկեցին գյուղի՝ Նոյեմբերյանի դպրոցը։ Առաջին կիսամյակը սովորեցի միայն։ Դե գրատախտակը չէի տեսնում, դժվարությամբ էի կարդում, հանեցին դպրոցից։ Արդեն ամառ էր, տանն էի, մեկ էլ մեր Ժողկրթ բաժնում աշխատող հարեւանը եկավ, թերթ էր ստացել, որի մեջ գրած էր, որ Երեւանում կույրերի դպրոց կա։ Էդպես տեղափոխվեցի էնտեղ սովորելու։ Տասը տարի սովորեցի, ավարտեցի ու գնացի Կիրովականում աշխատելու»։

Սոսը մատներով շոշափում է լուցկու գլխիկն ու Հրաչի պատմությունը ընդհատում հիշողությամբ, թե ինչպես տասը տարեկանում որոշեց ռումբ ստեղծել, որ երկիրը փրկի, հետո կատակելով ավելացնում, որ «լավ ռումբ էր, միայն իրեն վնաս տվեց»։
Սոս Սումբուլյանը Սոս Սումբուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սոս Սումբուլյան․ «Լամպուշկեքի մեջ բարակ ձող կա, էդ ձողը ջարդեցի, հանեցի, մեջը լուցկու «դեղերը» քերեցի, լցրեցի, լուցկու չոփն էլ մտցրի մեջը փակեցի, ու դրեցի փեջի վրա, տաքացավ ու գմփաց։ Տնեցիք տանն էին, բայց բոլորը հեռու էին, միայն ինձ ազդեց։  Ձմեռ էր, գյուղում ճամփեքը փակ էր, էդ օրը չկարողացան տանել Լենինականի հիվանդանոց, մինչեւ մյուս օրը տրակտորով հասցրին Ղուկասյանի շրջկենտրոն։ Էդտեղից ճամփեքը բաց էր, գնացինք Լենինական՝ օպերացիա (վիրահատեցին,- Մեդիամաքս) արին։ Մի աչքս ապակի էր լցվել, օպերացիայի ժամանակ տրաքեց, էն մյուսի տեսողությունն էլ ընթացքում նվազեց ու էլ չտեսա։ Ես էդ գիշերն եմ հիշում ապակու կտորները լցվել էին աչքս, ցավում էր, ես էլ անընդհատ տրորում էի, եղածն էլ ավելի էի խորացրել»։

Գիշերօթիկի ներքին կյանքը

Սոսն ու Հրաչը ամենաշատը կարոտում են դպրոցական տարիներն ու գիշերօթիկը, պատմում են տարբերությունների ու իրենց հաջողությունների մասին։

Հրաչիկ Անանյան․ «Կույրերի դպրոցը տարբերվում էր մյուս դպրոցներից, բոլորն իրար հետ մերված էին, ոնց որ քույր ու եղբայրներ լինեինք։ Դասարանները փոքր էին, 8-10 հոգի էինք ու բոլորին դաս էին հարցնում, դրա համար պետք է սովորեինք։ Ես դե դասերը լավ չէի սովորում։ Երբ ուսուցիչներն ասում էին՝ «ինչի՞ չես սովորում», պատասխանում էի, որ «ես որակով բանվոր պետք ա դառնամ, ինձ ոչ կրթություն ա պետք, ոչ պաշտոն»։ Էդպես էլ եղավ, հեսա արդեն 50-րդ տարին կլրանա։

Երբ դասը հինգի էի պատասխանում, ֆիզիկայի դասատուն ասում էր՝ «Հրաչիկ, դու գորտի նման՝ մեկ մտնում ես ջրի տակը, մեկ բարձրանում ես ջրի վերեւը»։ Ասում էի՝ «դե, ընկեր Չիլինգարյան, որ առարկան սիրում եմ, սովորում եմ»։ Թեմաներ կային, որ իրոք հետաքրքիր էին, ասենք ներքին այրման շարժիչ, ես էլ ավտո շատ էի սիրում, ուզեի-չուզեի լավ էի սովորում, դե մի բանը պետք է քաշի, որ ձգտես։

Շփումն էլ էր լավ, խմբեր ունեինք, հետաքրքիր էր անցնում, սովորեցնում էին դաշնամուր, կիթառ, մանդոլինա, ես էլ մի ժամանակ մանդոլինա էի նվագում։ Դպրոցն ավարտեցի, էնքան չնվագեցի, որ մոռացա։

Դպրոցական տարիքում էլ կնոջս հետ ծանոթացա, ուր պիտի փախնեինք, պիտի շփվեինք, վերջում մնում էր մի չէ-ն հա դարձնել ու դարձրի»։
Հրաչի պատվոգրերն ու շքանշանը Հրաչի պատվոգրերն ու շքանշանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սոս Սումբուլյան․ «Դպրոցական տարիներն աղա կյանք էր, ապրում էինք, ուտելիքը ձրի, ամեն ինչը ձրի, օրը չորս անգամ սնունդ էին տալիս, հիմա որտե՞ղ կտան, տարին երկու անգամ հագուստ, շաբաթը մի անգամ լողանալ։ Ամեն ինչը շատ լավ էր։

Ժամանակին կույրերը շատ էին էս շենքում։ Ես 1982 թվից եկա Էջմիածին, հանրակացարանում էի ապրում, հետո ամուսնացա, սկսեցի վարձով ապրել, երեք տարի անց տուն ստացա։

Դե մենք արդեն 25 տարի ա՝ իրար ճանաչում ենք։ Գործի տեղն էլ ծանոթացանք։ Ես, որ եկել էի ստեղ դետալների վրա ռեզբա էի խփում։ Արտադրում էինք ամեն ինչ․ լվացքի պարանից սկսած էլեկտրական վարդակից ավարտած։ Հազար գործ կար, ամեն մեկը մի բան անում էր։ Հրաչ, Կիրովականի՞ց էիր սկսել ու տարբեր աշխատանքներ արել, չէ՞»։
Հրաչն ու Սոսը Հրաչն ու Սոսը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստվարաթղթի գործարանում աշխատել եմ, շտամբովչնի աշխատել եմ, Կիրովական հավաքման գործարանում աշխատել եմ ու 1986 թվին Պատվո շքանշան եմ ստացել, որպես լավ աշխատող։ Հետո եկել 24 տարի արդեն էստեղ եմ աշխատել», - հիշում է Հրաչը։

Անհարմար Հայաստանը

Հայաստանը կույրերի համար հարմար չէ, իսկ այն առավելությունները, որոնք նրանք ժամանակին ունեին, վաղուց չեն գործում։ Հիմա միայն մնում է հիշողությունների գիրկն ընկնել ու հիշել «սովետական դրախտ»-ը։
Սոսը Սոսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սոս Սումբուլյան․ «Սովետի վախտով հիմնարկում լավ աշխատողների պատ կար, միշտ իմ նկարն ա եղել, իսկ հիմա էդ առաջվա մեծ՝ հինգ հարյուր հոգանոց հիմնարկում հազիվ 15-20 հոգի աշխատի, պատվեր չկա, գործ չկա, դուրս գանք գոնե զբաղվենք։

Ժամանակին գնում էի աշխատելու, բայց էնպես ա՝ եթե առավոտ 10-ից գնայինք էնտեղ նստեինք, մինչեւ չորսը սկի 1000 դրամ չենք աշխատի։ Հիմնականում, գործարանները փակվել են, մեկ-երկու ձեռնարկություն ա մնացել, բայց էդ չի էլ հերիքի, որ կարողանաս ապրել, ամիսը հազիվ 10.000 դուրս գա, դրա համար էլ չեմ գնում զավոդը։

Ժամանակին լույս, ջուր, գազ մեզ համար հիսուն տոկոս զեղչով էր։ Անընդհատ օտպուսկ էինք գնում, ուղեգիր էին տալիս հա՛մ քեզ, հա՛մ քո ուղեկցողին, հետո տոմսը բերում ներկայացնում էինք, հիմնարկը վճարում էր։

Դե մենակ դժվար ա գնալ-գալը, չնայած մեր բակը արդեն գիտենք, ուր էլ գնանք, ստեղ ամեն ինչը գիտենք, որտեղ փոս կա, որտեղ չկա, ինչ գարաժ կա, հեչ էլ չէ, կգոռանք հե՜յ, կգան, կօգնեն։ Էս մեր շենքը ես կարամ մենակ գնամ պտտվեմ, հետ գամ»։

Հրաչիկ Անանյան․ «Դե մեր հիմնական խնդիրները տեղափոխման ու շարժման հետ ա կապված, որ պիտի մեկը լինի թեւիցդ բռնի, որ գնաս մի տեղ։ Խանութ էլ, թե ուզում ես գնալ պիտի մեկը լինի, չես կարում։ Չնայած, որ ինձ փողոցն անցկացնեն, ես, «բորդյուրներին» ոտս քսելով, կգնամ՝ հիմնարկ կհասնեմ։

Բայց դե, տարիներ առաջ էլեկտրատրանսպորտը լրիվ ձրի էր, տրամվայ, տրոլեյբուս լրիվ ձրի էր հաշմանդամների համար, դե սովետը քանդվեց, վերացրին։ Հիմա մենակ թոշակն ա, էդ էլ ստաժից, ով շատ ա աշխատել, բարձր ա, ով չէ՝ չէ։

Մեր համար անգամ զբաղմունք չկա, որ մի տեղ հավաքվենք, նստենք, նարդի կամ շախմատ խաղանք, էն ժամանակ մենակ հիմնարկում կար ինչ-որ առանձին սենյակ։ Դե ընդհանրապես ոնց ա լինում, որ նոր շենք են կառուցում, առաջինը խաղահրապարակն ա, իսկ կույրերի մասին չեն էլ մտածում։ Ամբողջ օրը տանը նստած հեռուստացույց ենք լսում»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք ճշտել, արդյոք իրականացվում են կուրություն ունեցող անձանց աշխատանքի եւ զբաղվածության ապահովման ծրագրեր։ Պարզվեց, որ նախարարությունը կուրություն ունեցող անձանց առաջարկում է միայն «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը։ Իսկ, թե ինչով զբաղվեն եւ որտեղ աշխատեն կուրություն ունեցող անձինք, պետությունը կոնկրետ առաջարկներ եւ ծրագրեր չունի։

Վերջին տեսածը

Սոս Սումբուլյան․ «Օ՜, ամենաշատը ու երեւի ամենալավը հիշում եմ մեր Բավրայի դաշտերը,․ ոնց էի վազվզում, զգում ոտքերիս տակի հողն ու տեսնում մեր դաշտերը։ Փոքր էի, անհոգ, քամին փչում էր դեմքիս, ես ավելի արագ էի սկսում վազել, տնեցիք անընդհատ գոռում, կանչում էին, թե բա Սոս, տուն արի: Ամեն օր դաշտերն էի, կարոտում եմ մեր դաշտերը։

Հիմա պատմում եմ ու ինչ-որ ռեզոնանս ա մոտս, ոնց որ իմ ծիծաղս լսեմ, դաշտի թռչունների ծվծվոցը…»։

Սոսը արդեն հիսուն տարուց ավելի է՝ չի տեսնում իր մանկության դաշտերը, բայց իր հիշողություններում նա շարունակում է անկաշկանդ վազել: Դաշտերն՝ իրենց ձայներով, հավերժ մնում են նրա հիշողություններում՝ որպես վերջին տեսած ամենագրավիչ պատկերն ու մանկություն տանող միակ ճանապարհը:
Սոսն ու Հրաչը Սոսն ու Հրաչը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաչիկ Անանյան․ «Ես մեր գյուղն եմ հիշում, գյուղում համն ու հոտն ուրիշ էր, կուզեի նորից մեր գյուղը տեսնեի, շատ եմ կարոտել, սեփական տներ էին իրար կողք կողքի, որ տան կողքով անցնում էիր պատուհանից իրենց տնական ճաշերի հոտերն էիր զգում, հիմա ամեն տեղ բարձր շենքեր ա, փոշի ու անիմաստ աղմուկ, հա, կուզեի հետ գնայի ու փոքր լինեի»։

Հրաչի միակ ցանկությունը գյուղը նորից տեսնելն է, կամ գոնե տնական ուտելիքների հոտը զգալը, որ մտովի իրեն իր մանկության գյուղ կտանի։

Երազա՞նք

Վերջում խոսեցինք երազանքների մասին, պարզվեց երազանքներ չունեն, իսկ հարցիցս հետո սկսեցին իրար մեջ զրուցել։

«Դե մեր էս տարիքում ինչ ապագայի հույս կամ երազանք, կյանքը արդեն գնում ա դեպի խոր աշուն, էլ ոչ գործը պիտի լավանա, կամ էլ մինչեւ լավանա, մենք էլ չենք լինի», - ասում էր Հրաչիկը, Սոսն էլ ավելացնում․ «Չէ, չի էլ լավանա էլ մեր գործը։ Մենակ մի բան, թող մեր երիտասարդները հաշմանդամների հանդեպ ուշադիր լինեն ու բարեհամբույր։ Թե չէ գալիս կանգնում եմ լուսացույցի մոտ, արագ-արագ անցնում են, բայց դե կանգնած ես մայթի գլխին, փայտը ձեռդ, դե ուրեմն ուզում ես անցնել եւ օգնություն է պետք։ Շատերն ուղղակի թողում՝ գնում են»։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ հեղինակի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին