Times of Israel. Մուսա լեռան մարտիկները ոգեշնչել են հրեաներին - Mediamax.am

3076 դիտում

Times of Israel. Մուսա լեռան մարտիկները ոգեշնչել են հրեաներին



Իսրայելական The Times of Israel-ն ապրիլի 26-ին հոդված է հրապարակել «Մուսա լեռան» մարտիկները ոգեշնչեցին հրեաներին դիմակայել նացիստական ցեղասպանությանը» վերնագրով։ Հոդվածը նախ հպանցիկ անդրադառնում է Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման եւ Իսրայելի՝ չճանաչելու փաստին, ապա փաստագրում «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության ազդեցության եւ մարգարեկան լինելու մասին։ Ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար։

 

Պատմաբանների տեսակետը

 

Պատմաբանների կարծիքով, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի որոշ հատվածներ անասելի մարգարեական էին եւ կանխագուշակում էին սպասվող Հոլոքոստը: Օրինակ՝ «համակենտրոնացման ճամբարները» ստեղծագործության մեջ պատկերված են անտառից ծխացող ծխի տեսքով։

 

«Այս արտառոց վեպի ընթերցողը դժվարանում է հավատալ, որ գիրքը գրվել է Հոլոքոստից առաջ»,- գրել է պատմաբան Յաիր Աուրոնը, որը քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչումը:

 

«Հետադարձ հայացք գցելով՝ կարելի է ամրագրել, որ գիրքը գերբնական ճշգրտությամբ բնութագրում էր նացիստական հոլոքոստի դրվագները, որի ընթացքում զոհվեցին Եվրոպայի հրեաները», - ասում է նա:

 

«Մուսա լեռան 40 օրը» ներշնչանք

 

Վեպի հրատարակումից 6 տարի անց նացիստական Գերմանիան սկսեց գրավել Եվրոպան: Գրեթե ակնթարթորեն «Մուսա լեռան քառասուն օրվա» կրկնօրինակը կրակի պես տարածվեց երիտասարդների եւ մեծահասակների շրջանում, որոնցից ոմանք հայտնվեցին այնպիսի իրավիճակում, ինչպիսին հայերն էին բախվել:

 

«Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործությունը դարձավ ամենատարածված գիրքը հրեական գետոներում։ Այն կարծես նախանշում էր Հոլոքոստը եւ խթանում դիմադրությունը։ Երբ նացիստական գետոների հրեա մարտիկները փնտրում էին ոգեշնչում՝ մահվան ճամբարների տեղահանությանը դիմակայելու համար, դիմում էին Հայոց ցեղասպանության փաստագրությունը ներկայացնող գրքին։

 

Վարշավայի գետոյում «Մուսա լեռան քառասուն օրը» այնքան տարածված էր, որ երբ հրեա դիմադրողները որոշեցին հակահարված տալ, նրանք քննարկում էին վեպի դրվագներից որեւէ մեկն իրականացնելու կամ կրկնելու անհրաժեշտությունը։

 

«Մեզ մնում է միայն մեկ բան՝ ամեն գնով հավաքական դիմադրություն կազմակերպել գետոյում, գետոն համարել մեր «Մուսա լեռը» եւ գրել մեր շարժման ամենախիզախ դրվագը՝ ոչ միայն հրեական Բիալիստոկի, այլեւ ամբողջ պատմության համար», - գրել է Մորդեխայ Տաննեբաումը: «Եթե ընթերցեք Վերֆելի գիրքը, այն ձեզ կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում», - ավելացնում էր նա:

 

«Մուսա լեռան» երկրպագուների համար դժվար չէր հասկանալ հայերի պատմական փորձը: Դարեր շարունակ քրիստոնյա հայերը հետապնդվում էին իրենց «հյուրընկալող երկրի»` Օսմանյան կայսրության կողմից, նրանց արգելվում էր քաղաքացիական կամ ռազմական ծառայություն իրականացնել։

 

«Մուսա լեռ կազմակերպել» տերմինը

 

Լիտվական Վիլնոյի գետոյում «Մուսա լեռան քառասուն օրը» եւս ամենատարածված գիրքն էր, պատմում է գրադարանավար Հերման Կրուկը:

 

Հրեա դիմադրողները, որոնք փորձում էին փախչել գետոյից եւ միանալ պարտիզանական ստորաբաժանումներին, «գիրքը ձեռքից ձեռք էին փոխանցում»:

 

Դիմադրության մարտիկ Հայկա Գրոսմանը անդրադառնալով գետոյում վեպի ժողովրդականությանը՝ գրել էր, որ հայերի կոտորածը «ամբողջ աշխարհի աչքի առջեւ կատարված հայերի կոտորածը մեզ հիշեցրեց մեր ճակատագրի մասին»:

 

Արեւելյան Եվրոպայում հրեա դիմադրողները օգտագործում էին «Մուսա լեռ կազմակերպել» տերմինը։ Վարշավայի գետոյի պատմաբան Էմանուել Ռինգելբլումը անդրադառնալով փաստին, զարմանում էր.

 

«Ի՞նչ է աշխարհը հարցնելու, մարդիկ մտածե՞լ են Մուսա լեռան մասին»:

 

Հոլանդական «ընդհատակյա» աշխարհում վեպն ուներ հսկայական ժողովրդականություն, հատկապես՝ նացիզմի դիմադրողների շրջանում:

 

Վարշավայի գետոյի որբանոցի տնօրեն Յանուշ Կորչակը 1941 թվականի իր աշխատակազմի հետ խոսելով գրքի մասին, անդրադարձավ այն հատվածին, երբ հովիվը լքում է երեխաներին փրկվելու համար, ապա խոստացավ

երբեք այդպես չվարվել։ Կորչակը պահեց իր խոստումը՝ մերժելով Վարշավայում թաքնվելու առաջարկները, եւ որբանոցի երեխաների հետ ուղեւորվեց Տրեբլինկա մահվան ճամբար:

 

«Մուսա լեռ» ծրագիրը

 

Եվրոպայի գետոներում հայտնված հրեաները միակը չէին, որ ոգեշնչվել էին «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունից:

 

Նախապետական Իսրայելում հրեա առաջնորդներն ակտիվորեն պատրաստվում էին գերմանացիների արշավանքի հեռանկարին: Պաշտպանական պլանը նախատեսում էր Կարմել լեռան գագաթին ստեղծել Մասադայի նման ամրոց, որտեղ հրեա մարտիկները կարող էին նահանջել գերմանական ուժերի դեմ պայքարի ժամանակ:

 

Չնայած ծրագիրը հիշատակվում է որպես «Պլան Մասադա», կամ «Պլան Կարմել», սակայն առավել հայտնի է «Մուսա լեռ պլան» անվամբ:

 

«Մենք Կարմելին կդարձնենք պաղեստինյան հրեաների Մուսա լեռ», - հայտարարում էր Մերի Բաթցը, ծրագրի կազմակերպիչներից մեկը, որն ընթերցել էր Վերֆելի վեպը: «Մենք հավատում էինք հրեական «Մուսա լեռան» ուժին եւ վճռական էինք տրամադրված», - ասում էր Բաթցը:

 

Պատրաստեց Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին