«Սալոմե»-ի վերադարձը. հնգամյա աշխատանք եւ 100 տարվա «երաշխիք» - Mediamax.am

exclusive
2855 դիտում

«Սալոմե»-ի վերադարձը. հնգամյա աշխատանք եւ 100 տարվա «երաշխիք»


Տաթեւիկ Ամիրխանյանը եւ Մարինա Հակոբյանը
Տաթեւիկ Ամիրխանյանը եւ Մարինա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Ամիրխանյանը
Տաթեւիկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Ամիրխանյանը
Տաթեւիկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Հակոբյանը
Մարինա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վարդգես Սուրենյանցի ամենանշանավոր գործերից մեկը՝ «Սալոմե»-ն, 2019 թվականին իջեցվեց Հայաստանի Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության պատից ու տեղափոխվեց վերականգնման եւ կոնսերվացման բաժին։ Հինգ տարի անց այն վերադառնում է։


«Հիմա մեր այցելուները կարող են տեսնել ավելի պայծառ գույներով, վերակենդանացած «Սալոմե»-ին»,-ասում է պատկերասրահի վերականգնող-նկարիչ Տաթեւիկ Ամիրխանյանը։
Տաթեւիկ Ամիրխանյանը Տաթեւիկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Վիրաբույժի» աշխատանքը նա իր գործընկերոջ՝ Արտաշես Աբրահամյանի հետ է արել։ Ասում է՝ ճիշտ պայմաններում պահելու դեպքում՝ առնվազն 100 տարի այս նկարը վերականգնման բաժին չի վերադառնա։

«Բոլորին հետաքրքրում է՝ ի՞նչ ես զգում Սուրենյանցի աշխատանքը վերականգնելիս։ Ես միշտ ասում եմ՝ եթե նույնիսկ ինչ-որ հուզեր, զգացմունքներ կան, երբ հերթը հասնում է վերականգնմանը, այդ ամբողջը պետք է մի կողմ դնես, որպեսզի կարողանաս սթափ մտքով որոշումներ կայացնել։ Մենք մեր աշխատանքը համեմատում ենք բժշկի աշխատանքի հետ․ ի՞նչ կլինի, եթե վիրաբույժը սկսի հուզվել։ Պատասխանատվությունը շատ մեծ է, գործ ունես այնպիսի գլուխգործոցների հետ, որ սխալվելու իրավունք չունես»։
Տաթեւիկ Ամիրխանյանը Տաթեւիկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


1907 թվականին ստեղծված, բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների մասնակցած, Մարտիրոս Սարյանի ջանքերով 1929 թվականին Իտալիայից Հայաստանի Ազգային պատկերասրահ բերված նկարը երբեւէ ամբողջապես չէր վերականգնվել. փոքրիկ աշխատանքներ արվել էին, բայց՝ ոչ պատշաճ։

Տարիների ընթացքում ներկաշերտի եւ հիմնաշերտի ճաքեր, թափվածքներ էին եղել, կտավը թուլացել, ձեւախախտումներ էին առաջացել, վնասվել էր շրջանակը, ենթաշրջանակը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուն վերականգնման աշխատանքին նախորդել է երկար ուսումնասիրություն, նաեւ օտարերկրյա մասնագետների հետ քննարկումների արդյունքում որոշվել է՝ ինչ մեթոդներով ու նյութերով մոտենալ «Սալոմե»-ին։

«Վերականգնումը սկսեցինք շրջանակից։ Զննման ընթացքում պարզ դարձավ, որ ներքեւի հատվածում շրջանակը մոտ 3 սանտիմետր փակում է հեղինակային ներկաշերտը, նաեւ՝ ստորագրության մի մասը։ Բացի այդ, շրջանակն ուներ վնասվածքներ, ճաքեր, զարդանախշերի թափվածքներ։ Մեր հնաոճ կահույքի եւ շրջանակների վերականգնող Գագիկ Ամիրխանյանն առաջարկեց զարդանախշերը կրկնելով՝ մեծացնել երկու ուղղահայաց հատվածները՝ դրանով հնարավորություն տալով ոչ միայն պահպանել շրջանակը, որը թանգարանային արժեք ունի, այլեւ՝ ցուցադրել աշխատանքը՝ առանց կոմպոզիցիոն փոփոխության»,- պատմում է Տաթեւիկ Ամիրխանյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախ վերականգնվել է կտավը, ձեւախախտումները հարթեցվել, բացակա հատվածները, անցքերը, պատռվածքները լրացվել են։ Տաթեւիկն ասում է, որ վերականգնողները, սովորաբար, թափոններ չեն ունենում. անգամ կտավից հանված մանրաթելերը պահում են՝ հետագայում օգտագործելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


Որքան էլ մասնագետները փորձում են մինչեւ աշխատանքը սկսելը մանրամասն ուսումնասիրել ու առավելագույն տեղեկություններ ստանալ նկարի մասին, բայց ամբողջ պատկերը բացահայտվում է միայն ընթացքում ու հաճախ նոր խնդիրներ առաջացնում։

««Սալոմե»-ի աջ հատվածում՝ ամբողջ երկարությամբ, կային երանգավորումներ՝ կատարված շատ ազատ վրձնահարվածներով, որը մեզ նույնիսկ առիթ տվեց մտածել, որ դրանք հեղինակային են։ Բայց ավելի ուշ՝ ուլտրամանուշակագույն լամպով զննման ժամանակ, պարզ դարձավ, որ դրանք հեղինակային չեն։ Բրոնզաներկով փորձել են թարմացնել շրջանակի ներսի հատվածը՝ առանց նկարը հանելու, բրոնզաներկը քսվել է նկարի մակերեսին, եւ դա ծածկելու նպատակով՝ արվել են երանգավորումներ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փորձեցինք տարբեր նյութերով հեռացնել, բայց՝ անարդյունք։ Ընտրեցինք մեխանիկական՝ չոր տարբերակը. մանրադիտակի տակ նշտարով քերելով հեռացրել ենք բրոնզաներկն ու երանգավորումները՝ առանց վնասելու հեղինակային ներկաշերտը։ Շատ ժամանակատար աշխատանք էր»։

Տաթեւիկն ու գործընկերները տարիների շարունակ տարբեր «ախտորոշումներով» ու «հիվանդություններով» արվեստի գործեր են «բուժել»։ Բայց «Սալոմե»-ի դեպքում առաջին անգամ էին վերականգնում կտավ, որն արված է մի քանի ներկանյութով։

«Տարիներ շարունակ մենք գիտեինք, որ «Սալոմե»-ն յուղաներկով արված աշխատանք է։ Բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ յուղաներկից բացի կան նաեւ տեմպերա, մատիտ, յուղամատիտ։ Այդ բոլորի առկայությունը մեկ կտավում դժվարություններ ստեղծեց մեզ համար, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրի ամրակայման համար հատուկ նյութեր են պահանջվում։ Տարբեր մասնագետների հետ խորհրդակցելուց հետո գտանք մի նյութ՝ նապաստակի սոսինձ, որով հնարավոր եղավ ամրակայել բոլոր նյութերը»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազգային պատկերասրահում վերջին նախապատրաստական աշխատանքներ են։ Վերականգնված «Սալոմե»-ն հանրությանը կներկայանա մարտի 23-ից։

Ազգային պատկերասրահը 2021 թվականին սկսել է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը։ Տնօրեն Մարինա Հակոբյանն ասում է, որ հետեւելով թանգարանների համաշխարհային փորձին՝ պատկերասրահը եւս որոշել է արվեստասեր հանրությանը ներկայացնել թանգարանի ետնաբեմը՝ ստեղծագործությունների վերականգնման ընթացքը, գիտահետազոտական աշխատանքը եւ այլն:

«Այս տարի ներկայացնում ենք հայկական կերպարվեստի առանցքային գլուխգործոցներից մեկը, ու թեեւ կարող է մի փոքր հավակնոտ հնչել, համաշխարհային մասշտաբով՝ Սալոմեի կերպարին նվիրված լավագույն երկերից մեկը։ Սա եզակի գործերից է, որտեղ պատկերված չէ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Սուրենյանցը հրաժարվել է ավանդական պատկերագրությունից եւ յուրովի մեկնաբանել Սալոմեի կերպարը՝ օժտելով նրան խորհրդավոր հմայքով»,- ասում է նախագծի ղեկավար եւ ցուցադրության համադրող Մարինա Հակոբյանը։
Մարինա Հակոբյանը Մարինա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցուցադրությունը երկու բաղադրիչ ունի։ Մինչեւ վերականգնված «Սալոմե»-ին հասնելը, այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու վերականգնման պրոցեսին։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջին սրահում վերարտադրել ենք վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով։ Տեղադրված են մանրադիտակ եւ ուլտրամանուշակագույն լամպ, որոնց օգնությամբ այցելուն կարող է զննել Սուրենյանցի այլ գործերի վերականգնված հատվածները, երանգավորումները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցուցադրությունն ունի ինտերակտիվ հատված։ Նկարակալի վրա դրված է «Սալոմե»-ի տպագրված տարբերակը։ Այն հատվածները, որոնց վրա վերականգնողներն աշխատել են, նշված են սպիտակ բծերով, եւ այցելուն կարող է գունավորել դրանք նկարիչ-վերականգնողի օգնությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցուցահանդեսում ներկայացված է նաեւ բավականին հետաքրքիր մի նմուշ։ Ըստ պատմության՝ Սալոմեն 7 ծածկոցներով պարել է եւ դրա դիմաց ստացել Հովհաննես Մկրտչի գլուխը։ Դիզայներ Արմեն Երիցյանը Սալոմեի մոտիվներով պատրաստել է ծածկոց, որը այցելուն կարող է փորձել, լուսանկարվել դրանով»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցուցահանդեսում ներկայացված է նաեւ «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այցելուները կարող են բրայլյան գրով կարդալ վերնագիրը, շոշափել պատկերն ու QR կոդով լսել դրա պատմությունը։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին