Ռայմոնդ Գեւորգյանը խոսել է Եղեռնի եւ Հոլոքոստի կապի մասին - Mediamax.am

8977 դիտում

Ռայմոնդ Գեւորգյանը խոսել է Եղեռնի եւ Հոլոքոստի կապի մասին


Ռայմոնդ Գեւորգյանը
Ռայմոնդ Գեւորգյանը

Լուսանկարը` Armenian Mirror Spectacor


Մարտի 2-ին ՀԲԸՄ երեւանյան կենտրոնում կայացել է ֆրանսիահայ պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանի «Վերլուծել պատմությունը եւ կերտել ապագան. Ցեղասպանության հետազոտությունների օրինակը» դասախոսությունը:

 

Ռայմոնդ Գեւորգյանը Փարիզի Նուբարյան գրադարանի նախկին տնօրենն է: Ներկայում նա դասավանդում է Փարիզի Սեն-Դենիի համալսարանում, ինչպես նաեւ աշխատում է որպես Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար (Institut Français de Géopolitique)։

 

Հեղինակել է «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» աշխատությունը, որը հրատարակվել է Ֆրանսիայում` 2006 թվականին։ Գրքում լայնորեն օգտագործված է Նուբարյան գրադարանի արխիվային նյութերը։

 

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար Ռայմոնդ Գեւորգյանը 2010 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է հատուկ մրցանակի։

 

Մեդիամաքս-ը ներկայացնում է որոշ հատվածներ դասախոսությունից:

 

***

 

Քաղաքական տեսանկյունից, Հայաստանը այնքան էլ մեծ խաղաքարտեր չունի՝ դիմադրելու Թուրքիայի նման հսկա պետությանը: Այսպիսի հսկայի դեմ այն հազվագույտ քարտերից մեկը, որն ունենք մեր ձեռքում, ցեղասպանության հարցն է: Միջազգային ասպարեզում շարունակելով ցեղասպանության ճանաչման, դատապարտման պայքարը եւ ցույց տալով դրա կարեւորությունը՝ մենք Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու առիթ ենք տալիս: Սա միակ գործիքն է, որն ունենք: Կարեւոր է նաեւ շեշտել, որ Առաջին եւ Երկրորդ Աշխարհամարտերի ժամանակ տեղի ունեցած զանգվածային ոճիրները որոշ նմանություն ունեն, եւ դրանց միջեւ կապեր կան: Սա դյուրին կդարձնի Հայոց ցեղասպանության ըմբռնումը միջազգային ասպարեզում:

 

Միշտ պետք է շեշտել, որ սովորական պետությունը ցեղասպանության քայլին դիմելու ընդունակ չէ: Երբ ուսումնասիրում ենք երիտթուրքերի, իսկ այնուհետեւ քեմալիստների գաղափարախոսությունը, ապա պարզ է դառնում, որ դրանց հիմքում ընկած էր ազգայնամոլությունը: Այսօր պատմաբանը կարող է նկատել այս նույն գաղափարախոսության շարունակության դրսեւորումները ներկա իշխող շրջանակներում:

 

***

 

Այսօր Թուրքիայում ներքին թշնամու անունը փոխվել է: Ներքին թշնամին այլեւս հայերը չեն, քրդերն են: Եթե նայենք քրդերի հանդեպ ներկայիս Թուրքիայի քաղաքականությանը, անպայման նմանություն կտեսնենք անցյալ դարի դեպքերի հետ: Սակայն մի տարբերություն կա: Այսօր միջազգային մասշտաբի պատերազմ չկա, եւ այս պատճառով ցեղասպանության նվազ վտանգ կա: Քրդական գործոնը այլեւս իրականություն է: Թուրքիան այժմ փորձում է բոլորին համոզել, թե քրդերը ահաբեկիչներ են: 1890-ականներին նույն բանն ասում էին հայերի մասին: Համոզված եմ, որ ապագայում քրդական գործոնն անկասկած դառնալու է Մերձավոր Արեւելքի ամենակարեւոր հարցերից մեկը:

 

Ռայմոնդ Գեւորգյանը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Ցավում եմ, բայց չեմ տեսնում, թե Հայաստանը ինչ լուրջ դեր կարող է խաղալ այս հարցի շուրջ: Որեւէ քարտ չունենք մեր ձեռքում: 

 

Պետք է հիշել, որ 1915 թ.-ին քրդերի մի մասը գործիք դարձան իշխանության ձեռքում՝ իրագործելու ցեղասպանությունը: Բայց քրդերը հարյուր տոկոսով չէին ներգրավված դրանում: Այսօր Թուրքիայում ամենաշատը զղջման ոգի կա հենց քրդական շրջանակներում: Քրդերի շրջանում կա հստակ գիտակցություն, որ այն, ինչ կրկնվում է իրենց հետ տասնյակ տարիներ ի վեր, ունի նույն արմատը՝ թուրքական ազգայնամոլությունը: 

 

***

 

Գերմանիայի դերը, մասնակցությունը Հայոց ցեղասպանության իրագործմանը անմիջական կապ ունի Եվրոպայում հրեաների Հոլոքոստի հետ: 17 հազար գերմանացի սպա մասնակցել է Առաջին աշխարհամարտի Արեւելյան ճակատի գործողություններին: Նրանց մի մասը հետո անդամագրվել է նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի համար զանգվածային ոճիր իրականացնելու մոդել է եղել հենց երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: Հիտլերը հայտարարում էր, որ իրենք երիտթուրքերի աշակերտներն են: Այնուհետեւ նրանք հանրության մեջ սկսեցին քարոզել, որ թուրքերը գտել էին փոքրամասնությունների հարցը լուծելու լավագույն ձեւը: Քարոզելով, որ Հայոց ցեղասպանությունը ուներ հիմնավորում ու արդարացում թուրքերի համար՝ նացիստական ռեժիմը նախապատրաստեց Գերմանիայի հանրային կարծիքը հրեաների դեմ նույն մեթոդներով վարվելու համար: Կարծում եմ, որ այս փաստերի մասին պետք է խոսել: Պետք է բարձրաձայնել, որ Գերմանիան մեր հանդեպ մեղք ունի քավելու:

 

***

 

Տասնյակ տարիներ մենք անտեսել ենք Թուրքիայում բնակվող հայերին՝ իսլամացած հայերին, հայախոս հայերին, Պոլսում ապրող հայերին, խառը ամուսնությունների զավակներին, ինչպես նաեւ Թուրքիայի այն մտավորականներին ու ազատամիտ մարդկանց այն կորիզը, որն այսօր պայքարում է այդ երկրի  ժողովրդավարացման համար: Անշուշտ, մենք էլ նախապաշարումներ ունեինք եւ ժամանակ պահանջվեց, որ համոզվենք այս մարդկանց անկեղծ մտադրությունների մեջ: Մենք պետք է շփվենք այս մարդկանց հետ առանց վախի, պետք է ճանաչենք միմյանց:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին