Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացումը մոտ է - Mediamax.am

exclusive
9095 դիտում

Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացումը մոտ է


Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից


Հայկական թաղամասը, իր կարեւոր սրբություններով, Երուսաղեմի զբոսաշրջային երթուղիներից դուրս չի մնում։ Սուրբ քաղաքի հայկական ժառանգությամբ հետաքրքրվողները շատ են, բայց ավելի քան 20 տարի հայկական թանգարանի դռներն այցելուների առջեւ փակ են։

 

Մոտ 3 տարի առաջ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ֆրանսահայ պատմաբան, հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանին առաջարկեց զբաղվել թանգարանի վերաբացման աշխատանքներով։ 

Ձեւավորվեց 3-հոգանոց խումբը. Կլոդ-Արմեն Մութաֆյանն ու ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ (Հարություն) Գեւորգյանը զբաղվում են ցուցանմուշների հավաքագրմամբ ու ցուցադրության պատրաստությամբ, թանգարանագետ Հարութ Պեզճյանի խնդիրը շենքը թանգարանին անհրաժեշտ պայմաններով ապահովելն է։

Կլոդ-Արմեն Մութաֆյանը Կլոդ-Արմեն Մութաֆյանը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Կլոդ-Արմեն Մութաֆյանն ասում է, որ Հայաստանից հետո Երուսաղեմն ամենամեծ ու արժեքավոր հայագիտական շտեմարանն է՝ բացառիկ նմուշներով։ Թանգարանի ամենամեծ հարստությունը ձեռագիր մատյաններն են։ 

Թորոս Ռոսլինի մանրանկարը Թորոս Ռոսլինի մանրանկարը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Թորոս Ռոսլինի՝ աշխարհում հայտնի 7 մանրանկարներից 4-ը Երուսաղեմում են։ Այստեղ են պահվում քարե արձանագրություններ, խաչքարեր, կարեւոր փաստաթղթեր, ծիսական պարագաներ։

 

«Սուլթանների, խալիֆների արաբերեն ֆերմաններ (հրովարտակներ) կան՝ սկսած Մուհամեդ մարգարեից մինչեւ Սալահ ադ-Դինի նշանավոր նկարազարդ ֆերմանը։ 

Սալահ ադ-Դինի նկարազարդ ֆերմանը Սալահ ադ-Դինի նկարազարդ ֆերմանը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

1187-ին Երուսաղեմը գրավելուց հետո նա մի ֆերման գրեց, որում բացահայտ ասում է, որ հայերին ձեռք չտան, հակառակ, որ նրանք քրիստոնյա են։ Ցուցադրության երկրորդ բաժինը, որը սկսվում է 16-րդ դարից, ավելի հարուստ է՝ պատրիարքական կոնդակներ, շատ կարեւոր եւ հետաքրքիր լուսանկարներ, ուխտավորների նվերները պատրիարքարանին, խորանի վարագույրներ։ Չմոռանանք, որ Երուսաղեմում առաջին գիրքը հայերեն է եղել եւ տպագրվել է պատրիարքարանում։ Այդ տպագրական գործիքը դեռ պահպանվում է եւ ցուցադրվելու է թանգարանում»,- Մեդիամաքսին պատմել է Կլոդ-Արմեն Մութաֆյանը։

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Պատրիարքարանին պատկանող նմուշներից բացի ցուցադրվելու են նաեւ այլ թանգարաններից ու գրադարաններից բերված նմուշներ կամ դրանց կրկնօրինակները։ Կլոդ Մութաֆյանն առանձնացնում է հատկապես արժեքավորները, օրինակ, «Ի հիշատակ եւ ի փրկություն բոլոր այն հայերի, որոնց անունները միայն Աստծուն են հայտնի» հայերեն արձանագրությամբ խճանկարը։ 

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Այն բերվել է Երուսաղեմի Մուսրարա թաղամասից եւ վերականգնումից հետո տեղադրվելու է թանգարանի բակում։ Հայկական իգական վանքի վերաբերյալ հունարեն արձանագրությունն էլ Լուվրից է բերվելու։ 

 

«Իսրայելի հյուսիսում գտնվող Նազարեթ քաղաքում՝ Ավետման եկեղեցում, քարի վրա հին հայկական գրություններ կան։ Ապացույցներ կան, որ դրանք արվել են 430 թվականից առաջ։ Չտեսնված բան է, գուցե մեզ հասած ամենահին հայերեն գրությունն է։ Միայն մի քանի տառ է պահպանվել։ 

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Գրություններից մեկը սկսվում է «Անանիա» անունով, մյուսի վրա միայն 3 տառ է մնացել՝ «կեն», որը, հավանական է, Բաբկենի վերջին վանկն է։ Բայց կարեւորը ոչ այնքան բովանդակությունն է, որքան՝ գրերն ու դրանց թվագրությունը։ Պիտի խնդրենք, որ դրանցից գոնե մեկը տրամադրեն թանգարանին, որովհետեւ սա նաեւ ապացույց է, որ այդ քաղաքում 5-րդ դարում արդեն հայկական ներկայություն կար»։

 

Կլոդ Մութաֆյանն ասում է, որ մշտական ցուցադրության համար պատրաստվելու են բացառիկ արժեքավոր նմուշների կրկնօրինակները, բայց տարվա ընթացքում 2-3 շաբաթ այցելուները հնարավորություն կունենան դիտելու բնօրինակները։

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Բոլոր ցուցանմուշներն ուղեկցվելու են անգլերեն բացատրական գրություններով, դրանք նաեւ ձայնագրվելու են 5 լեզվով՝ եբրայերեն, արաբերեն, ֆրանսերեն, հայերեն եւ ռուսերեն՝ հատուկ սարքերով լսելու համար։

 

Հայկական թաղամասը Երուսաղեմի Հին քաղաքի չորս թաղամասերից մեկն է։ Ի տարբերություն մյուս երեքի, որոնք պատկանում են կրոնական՝ քրիստոնեական, հրեական եւ մահմեդական համայնքներին, այն նաեւ ազգային է։ Հին քաղաքում են համաքրիստոնեական ու մահմեդական կարեւոր սրբավայրերը։

 «Հայկական թաղամաս օրական 100-ավոր զբոսաշրջիկներ են մտնում։ Ի՞նչ են տեսնում։ Սրբոց Հակոբյանց տաճարի ճակատը։ Եթե հասնեն 15։00-15։30՝ ժամերգությանը, ներս կմտնեն, եթե ոչ, տաճարը փակ է։ Ուրիշ ոչինչ չեն կարող տեսնել, թեեւ Հայաստանից դուրս ամենահարուստ մշակույթի հավաքածուն Երուսաղեմում է։ Մինչեւ հիմա այդ հարստությունը թաքուն պահված էր։

Հեթում թագավորի գավազանը Հեթում թագավորի գավազանը

Լուսանկարը` Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Թանգարանի վերաբացումը շատ կարեւոր քայլ է մեզ համար, որը ցույց կտա, որ հայերը Սուրբ երկիր Երուսաղեմում շատ հին ներկայություն ունեն եւ այսպիսի գլուխգործոցներ են ստեղծել»,- ասում է Կլոդ-Արմեն Մութաֆյանը։ 

 

Թանգարանը, հավանաբար, կվերաբացվի 2020-ի աշնանը։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին