Օպերայի սրճարանների ապամոնտաժման «շառաչն ու ցասում»-ը - Mediamax.am

exclusive
2871 դիտում

Օպերայի սրճարանների ապամոնտաժման «շառաչն ու ցասում»-ը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Մարտի 13-ին՝ ժամը 11:00-ից, Երեւանի քաղաքապետարանը սկսեց Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժումը։

 

Մտադրության մասին քաղաքապետարանը հայտարարել էր դեկտեմբերի 13-ին, պարզաբանել, որ սրճարաններն ապամոնտաժվելու են ոչ ամբողջությամբ, այլ տարածքների միայն այն հատվածները, որոնք տեղակայված են կանաչապատման ենթակա տարածքում։

 

 

Փետրվարի 13-ին քաղաքապետարանն Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողներին ծանուցումներ էր ուղարկել՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ 

 

Այսօր, սակայն, քաղաքապետարանը ոչ միայն չի ավարտել աշխատանքը, այլեւ ստիպված է եղել կիսատ թողնել գործընթացը սրճարանի աշխատակիցների դիմադրության պատճառով։ 

 

Մեդիամաքսն առանձնացրել է սրճարանների ապամոնտաժման ընթացքում հնչած «մտքի գոհարներն» ու որոշ դրվագներ գործընթացից։

 

Լուսանկարը` Photolure

 

Սրճարանի ապամոնտաժումը բաժանվեց երեք ճակատի՝ քաղաքապետարանի աշխատակիցներ + Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյան VS սրճարանի աշխատակիցներ VS պատահական անցորդներ։  

 

«- Քանդեք, քանդեք, ամառը կգաք էստեղ ու շոկոլադի փոխարեն խոտ կուտեք։

 

- Թող քանդեն, տեսնենք, թե շնորհքով մարդիկ որտեղ են նստելու։ Քաղաքի բոլոր շնորհքով մարդիկ գալիս ու էստեղ էին շնորհքով նստում»։

 

«- Շատ լավ են անում, որ քանդում են։ Այս քաղաքին կանաչ տարածք է պետք։

 

-Ո՞ր քաղաքին, էն որ վատ հոտ ուներ ու մենք եկանք, մաքրեցի՞նք։ էդ քաղաքի՞ մասին եք խոսում։ Էդ թվերի մարդ եք, ամոթ ա, ի՞նչ եք խոսում ու ուզում, դուք էս քաղաքի հոտը երեւի մոռացել եք»։

 

«- Լավ եք անում, քանդեք, որ խոտերը շուտ ցանեք։ 

 

- Քո կարծիքը ոչ մեկ չի հարցրել։ Գնա էստեղից, էսքան անգործ մարդու դու չես պահելու, որ եկել, խոսում ես։ Խոտ ես ուզում, գնա խոտը քո բակում ցանի, օդ շնչի»։

 

Ապամոնտաժման աշխատանքները սկսելուն պես, սրճարանի աշխատակիցները հրաժարվեցին քաղաքապետարանի աշխատակիցներին հոսանք տրամադրելուց։ Ժամը 14:45 քաղաքապետարանը ստիպված էր բերել հոսանքի «գեներատոր»՝  աշխատանքը շարունակելու համար։

 

«- Մեզանից լավ ծաղի՞կ եք ցանելու։ Դուք մեր սրճարանի սիրուն կակաչներն էսքան ժամանակ չե՞ք տեսել։ Համարձակվեք ստեղ խոտ ու ծաղիկ ցանեք, կգամ բենզին կլցնեմ, կչորացնեմ ձեր ցանածը։

 

- Ճիշտ ա ասում։ Մեր կակաչները չե՞ք տեսել։ Չնայած մենք հիմար չենք, հասկանում ենք ինչ եք ուզում անել։ Խուժանության օբյեկտ եք սարքելու։ Էս քաղաքում ցույց տվեք մի այգի, որտեղ խուժանություն չեն անում»։

 

«Մեր սրճարանի գեղեցկությունը տեսե՞լ եք։ Դրանից սիրուն բա՞ն եք ցանելու։

 

- Իսկ դուք բետոնի մեջ ապրող ծառերը տեսե՞լ եք։ 

 

- Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Շատ եք մտահոգվում քաղաքի մասին, բերեք աղբամաններ դրեք։ Եթե մի երկրում կա գործազրկություն, աղքատություն, ձեր ցանած կանա՞չն եմ տանելու ու տանն ուտելու»։

 

«- Դուք ուրիշ տեղ կաշխատեք, խոստանում եմ։

 

Լուսանկարը` Photolure

 

- Ոչ, ես հենց «Շոկոլադնիցայում» պիտի աշխատեմ»։

 

«- Հեկտարներով մեր կանաչ այգիները սեփականացրել են տարիներով ու Ծաղկաձորի պիոներների ճամբարն էլ եք փչացրել։

 

- Մորքուր, ես ինչ կապ ունեմ Ծաղկաձորի ճամբարի հետ։ Ես իմ սրճարանի դարդն եմ, որ չավիրեն։

 

- Փաշինյանին չվիրավորես։ Ճիշտ ա անում, որ ավիրում ա»:

 

Լուսանկարը` Photolure

 

Սրճարանի աշխատակից կանայք կանգնեցին հոսանքի սնուցման սարքի լարի վրա, որպեսզի հնարավոր չլինի այն տեղաշարժել։ Կանանց կողքին ու հետեւում կանգնեցին նաեւ սրճարանում աշխատող տղամարդիկ։ Սկսվեց հրմշտոց տեղում ծառայությունն իրականացնող կարմիր բերետավորների հետ։

 

«- Գոռացե՛ք «դըմփ դըմփ հու» ու մի հատ հարցրե՛ք, թե իրենք մեզ իրազեկե՞լ են, որ հենց այսօր գալու են ապամոնտաժեն։

 

- Մենք փետրվարի 11-ին բոլորին ծանուցել ենք։ 

 

Լուսանկարը` Photolure

 

- Ծանուցելը քիչ է։ Իրազեկեիք, որ այսօր գալու եք ու քանդեք։ Մենք երեկվանից գույքն էինք դասավորում, որ արդեն բացեինք սրճարանը։

 

- Ներողություն, իսկ դուք բացման թույլտվություն ունե՞ք։

 

- Ի՞նչ թույլտվություն, ո՞ւմից։ Սա իմ տարածքն ա»։

 

Կրքերը հանդարտվելու համար քաղաքապետարանի աշխատակիցներին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ սրճարանի ներկայացուցիչներին առաջարկեցին ամեն ինչ նորից քննարկել։ Բանակցությունների միջնորդը Երեւանի ավագանու՝ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էր, որը հայտարարեց․ «Թողեք նյարդերը հանգստանան, հասկանանք՝ ինչ ենք անելու»։

 

«- Ճիշտ ա ասում։ 2 օր մեզ ժամանակ տվեք, որ մեր էմոցիոնալ վիճակը հանգստանա։ Էդքան վալերիանա մեր մոտ չկա»։

 

«- Մենք էդքան բողոքել ենք, կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի եկել մեզ լսի։

 

- Դա բարի կամքի դրսեւորում պետք է լիներ։ 

 

- Բա մարդկայնությունն ու՞ր մնաց, որ էսքան մարդ աշխատանք ա կորցնելու։

 

 

- Հարգելիս, բա մարդկայնությունն ո՞ւր մնաց, երբ բերեցիք, գազոնը բետոնապատեցիք։ Մի հատ սոցիալական ցանցերով հարցում անցկացրեք, տեսեք մարդիկ կո՞ղմ են, որ սրճարանի փոխարեն գազոն լինի, թե ոչ։

 

Լուսանկարը` Photolure

 

- Մենք անցկացրել ենք։ Դուք քոմենթները չեք կարդացել։ Բոլորն են ուզում էստեղ սուրճ խմեն»։

 

Ժամը 16:15-ին քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարեց, որ նախկին վարձակալները, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, եւ այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայնքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։ 

 

«Ուզում եմ մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, մեկնարկից ի վեր ընթանում է օրինականության եւ նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան»,- գրել է Հակոբ Կարապետյանը։

 

Կրքերի բորբոքմանը ուշադիր հետեւել եւ արձանագրել է Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին