Դալմա Գարդեն Մոլն արժեքներ կրողների համայնք է ձեւավորում - Mediamax.am

exclusive
2329 դիտում

Դալմա Գարդեն Մոլն արժեքներ կրողների համայնք է ձեւավորում


Մարիամ Չաքարյանը
Մարիամ Չաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Չաքարյանը
Մարիամ Չաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորայր Նազարյանը
Նորայր Նազարյանը

Լուսանկարը` Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ


Դալմա Գարդեն Մոլը հովանավորել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

 

Մեդիամաքսի հետ զրույցում մոլի ներքին եւ արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը պատմել են համագործակցության հաջողված փորձի մասին:

 

Մարիամ Չաքարյանը ներկայացրել է նաեւ Դալմա Գարդեն Մոլի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգը, կիսվել ընթացիկ եւ առաջիկա նախագծերով:

 

Նվագախմբի հետ համագործակցությունն ու նորաձեւություն-մշակույթ միքսը

 

Մարիամ Չաքարյան

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը շատ հետաքրքիր ստացվեց: Հանդիպել էինք, քանի որ ցանկանում էինք Դալմա Գարդեն Մոլի 11-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառում կազմակերպել: Արցախում տեղի ունեցած ցավալի իրադարձություններից հետո, սակայն, միջոցառումը չեղարկեցինք, ու նվագախմբի հետ հանդիպումը նոր համագործակցության հիմք դարձավ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը մեր զրույցների ընթացքում մանրամասն ներկայացնում էր նվագախմբի կատարած աշխատանքը, պատմում նախատեսված Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի մասին, որն այս տարի նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Այդ ոգեւորությունը փոխանցվեց նաեւ մեզ ու ցանկացանք աջակցել դրա կազմակերպմանը:

Մարիամ Չաքարյանը Մարիամ Չաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2022թ.-ին Դալմա Գարդեն Մոլում մշակվեց եւ ընդունվեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգ: Մինչ այդ էլ աջակցում էինք հանրային նշանակություն ունեցող տարբեր նախագծերի, բայց հայեցակարգն ընդունելուց հետո աջակցությունն առավել համակարգված եւ թիրախային դարձավ: Ի սկզբանե այն ընդգրկում էր զինծառայողներին, սոցիալական դժվար իրավիճակում ապրող ընտանիքներին, կրթական ոլորտին աջակցությունը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդիպումների ընթացքում որոշեցինք՝ պետք է կանգնել նաեւ մշակույթի կողքին:

 

Այս ոլորտն ահռելի ծախսեր է ենթադրում եւ պետական ֆինանսավորմամբ դրանք հոգալը գրեթե անհնար է: Փառատոնին աջակցելուց բացի, Դալմա Գարդեն Մոլի եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի միջեւ արդեն ձեւավորվում է կայուն գործընկերություն:

 

Նոյեմբերի 26-ին մոլի այցելուների համար համատեղ հետաքրքիր անակնկալ ունենք: Բոլորին այդ օրը 17:30-ից հրավիրում ենք մեզ մոտ: Նոր նախագծեր կունենանք նաեւ 2024թ.-ին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի նորություն էլ կա. որոշել ենք, որ օրվա առաջին կեսին Դալմա Գարդեն Մոլում միշտ հնչելու է դասական երաժշտություն՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Տարեկան մոլ է այցելում 5 միլիոնից ավելի մարդ եւ գնումներ կատարելիս դասական երաժշտություն լսելը կարող է այն առավել ճանաչելի եւ սիրելի դարձնել: Բացի այդ, հստակ է՝ այս երաժշտությունը հանդարտություն ու դրական լիցքեր է փոխանցում մարդուն, ինչը չափազանց կարեւոր է հատկապես այս դժվար օրերին: Եվ, ի վերջո, եթե նման հրաշալի նվագախումբ ունենք՝ ինչո՞ւ չաջակցենք դրա լսարանի ընդլայնմանը:

 

Մոլն այլեւս միայն գնումների վայր չէ: Մարդիկ այստեղ գալիս են ժամանցի, առօրյա հոգսերից կտրվելու համար: Ցանկանում ենք, որ Դալմա Գարդեն Մոլում այդ ժամանցն առավել որակյալ եւ հաճելի լինի:

 

«Դասական արվեստը երբեք ծախսածածկ չէ»

 

Նորայր Նազարյան

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Դալմա Գարդեն Մոլի համագործակցությունը, միանշանակ, դրական է: Այս ընթացքում մենք իսկապես իրադարձային համերգներ ունեցանք համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Իհարկե, առանց գործընկերների աջակցության նման համերգներ կազմակերպելը գրեթե անհնար է:

Նորայր Նազարյանը Նորայր Նազարյանը

Լուսանկարը` Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Առհասարակ, մասնավոր ընկերությունների աջակցությունը մշակութային ոլորտի համար կենսական նշանակություն ունի: Ոչ մի ժամանակաշրջանում եւ ոչ մի երկրում դասական արվեստը չի եղել ծախսածածկ, այն միշտ հովանավորվել է արքունական ընտանիքների, հետագայում՝ պետության ու խոշոր բիզնեսի կողմից:

Բացի այդ, մշակութային արժեքների ստեղծումն ու պահպանումն ազգի համար ռազմավարական նշանակություն ունի: Միայն այդպես է հնարավոր պատմություն կերտել, ունենալ սեփական տեղն ու դիմագիծը, ստեղծել մնայուն կապեր քաղաքակիրթ աշխարհի հետ:

 

Հայաստանում առավել եւս մշակույթը պետք է առաջնային նշանակություն ունենա, քանի որ բազմաթիվ տաղանդավոր հայրենակիցներ ենք ունեցել եւ ունենք:

 

Ձեւավորել նույն արժեքները կիսող մարդկանց համայնք

 

Մարիամ Չաքարյան

 

Ինչպես ասացի, գործունեության 11 տարվա ընթացքում Դալմա Գարդեն Մոլը պարբերաբար աջակցել է հանրային նշանակություն ունեցող տարատեսակ նախաձեռնությունների: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար միշտ կարեւորագույն նշանակություն է ունեցել: Սա է պատճառը, որ 2022թ.-ին որոշեցինք մշակել եւ ընդունել հստակ հայեցակարգ, որով մեր աջակցությունը կդարձնենք առավել օգտակար:

 

Արդյունքում ձեւավորվեց ռազմավարություն, ընտրվեցին ոլորտներ, որոնց մոլը կաջակցի առաջին հերթին: Դրանց թվում շարունակում է մնալ աջակցությունը զինծառայողներին, սահմանամերձ համայնքների երեխաներին՝ կրթական ուղղվածությամբ, համայնքների զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու, իհարկե, մշակույթին:

 

Ֆինանսավորում հատկացնելիս ընտրում ենք նախագծեր, որոնց ազդեցությունը երկարաժամկետ կլինի, կստեղծվեն աշխատատեղեր, ինչն էլ կնպաստի համայնքի զարգացմանը: Կարեւոր է մարդուն տալ առաջին քայլն անելու, ոտքի կանգնելու հնարավորությունը: Մեր աջակցության ծրագրերի նպատակը «ձուկ տրամադրելը» չէ: Ցանկանում ենք տալ կարթ ու սովորեցնել «ձուկ բռնել»:

 

Միանշանակ է, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը վարակիչ է: Հունիսին մոլ էինք հրավիրել սահմանամերձ համայնքներից 40 երեխայի: Այդ օրերին անընդհատ զանգեր էինք ստանում մեր գործընկերներից. մեկն առաջարկում էր ապահովել երեխաների սնունդը, մյուսը ցանկանում էր հոգալ կեցության ծախսերը, երրորդը՝ կազմակերպել ժամանցը:

 

Անցյալ տարի «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ մեկ այլ նախաձեռնություն իրականացրեցինք: Մեր գործընկերներին Ամանորի նվերներ ուղարկելու փոխարեն, նվիրեցինք բացիկ՝ նշելով, որ պայմանականորեն նրա անունից նվեր ենք ուղարկել Արցախի եւ Սյունիքի մարզի Տեղ համայնքի որեւէ երեխայի: Այսպիսով, մեր գործընկերներից յուրաքանչյուրը մեկ երեխայի համար Ձմեռ պապ դառնալու հնարավորություն ստացավ: Նրանք ոչ միայն չափազանց ուրախանում էին մեր բացիկներից, այլեւ՝ իրենց աջակցությունն առաջարկում. մի խանութ նվերներ էր ուղարկումը, մյուսը՝ մեծ զեղչեր տրամադրում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տարի եւս տոներին ընդառաջ նախատեսում ենք ամեն օր մոտ 40 երեխայի հյուրընկալել: Ընդ որում, մեզ համար կարեւոր է, որ այս այցերի ընթացքում լինի ոչ միայն ժամանց, այլեւ՝ մշակութային եւ կրթական տարր: Նախկինում կազմակերպել էինք այցելություն Գառնու հեթանոսական տաճար, այս անգամ շատ ենք ցանկանում Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ երեխաների համար համերգ կազմակերպել:

 

Չափազանց կարեւոր է, երբ երեխայի մոտ լինում են դրական էմոցիաներ, փորձառություններ, որոնք առաջինը քեզ հետ է ապրում: Սա, երեւի, կատարված աշխատանքի լավագույն վարձատրությունն է:

 

Մենք ցանկանում ենք, որ գնումների կամ ժամանցի վայր լինելուց բացի, Դալմա Գարդեն մոլն իր շուրջ համայնք ձեւավորի: Այդ համայնքը մեր հաճախորդներն են, գործընկերները, ծրագրերի շահառուները: Կարեւոր է, որ բոլորս նույն արժեքների կրողն ու տարածողը դառնանք:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին