Յուվալ Նոյ Հարարի. Աշխարհը կառավարող մարդիկ այն չեն հասկանում - Mediamax.am

1742 դիտում

Յուվալ Նոյ Հարարի. Աշխարհը կառավարող մարդիկ այն չեն հասկանում


Լուսանկարը` jakpost.net


Իսրայելացի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» եւ «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին բլից-հարցազրույց է տվել բրիտանական The Guardian-ին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

- Ե՞րբ էիք ձեզ զգում ամենաերջանիկը:

 

- Հիմա: Ես սովորել եմ ավելի լավ հարմարեցնել իմ ակնկալիքներն իրականությանը, քան երբ 20 կամ 10 տարեկան էի:

 

- Ո՞րն է ձեր ամենամեծ վախը:

 

- Որ մենք կկործանենք մեր մարդկությունը՝ նույնիսկ չգիտակցելով, թե ինչ ենք կորցրել։

 

- Ո՞վ է այն մարդը, ով ամենաշատն է հիացնում ձեզ:

 

- Անձնական մակարդակի վրա՝ մի ընկերուհի ունեմ, ով միայնակ մայր է եւ երկու երեխա է մեծացնում Covid-ի այս դարաշրջանում: Նա իսկական հերոս է: Եթե պատմական անձնավորություն ի նկատի ունեք, ապա ընտրում եմ Միխայիլ Գորբաչովին, ով հավանաբար փրկեց աշխարհն երրորդ համաշխարհային պատերազմից։

 

- Ձեր ո՞ր հատկանիշից եք ամենից շատ դժգոհ:

 

- Յուրաքանչյուր հատկանիշ ունի դրական եւ բացասական ներուժ: Պետք է սովորել, թե ինչպես այն օգտագործել: Օրինակ՝ զայրույթն ու արդարությունը նույն հատկանիշն են՝ զայրանում ես կամ արդարություն ես փնտրում:

 

- Ո՞րն է ձեր ամենաթանկ ունեցվածքը:

 

- Իմ մարմինը:

 

- Նկարագրեք ձեզ երեք բառով:

 

- Չեմ կարծում, որ որեւէ մեկին կարելի է նկարագրել երեք բառով:

 

- Ո՞րը կլիներ ձեր գերհզոր ուժը:

 

- Կարողանալ դիտարկել իրերն այնպես, ինչպես նրանք իրականում կան:

 

- Ի՞նչը ձեզ ամենաշատը դուր չի գալիս ձեր արտաքինում:

 

- Ինձ համար դժվար է ժպտալ, հատկապես պարտադրված: Գրեթե բոլոր լուսանկարներում ես մի փոքր ջղայն եմ երեւում:

 

- Եթե կարողանայիք կյանքի բերել անհետացած մի բան, ի՞նչ կընտրեիք:

 

- Ես կփրկեի կորալային խութը, այն անհետացած չէ, բայց դրա ճանապարհին է։

 

- Ի՞նչն է ձեզ վախեցնում ծերանալու մեջ:

 

- Կորցնել իմ մտավոր ունակությունները:

 

- Ո՞րն է այն գիրքը, որը չեք կարդացել եւ ամաչում եք դրա համար։

 

- Ոչ մեկը: Չեմ կարծում, որ կա պարտադիր կարդալու գիրք:

 

- Ի՞նչ էիք ցանկանում դառնալ, երբ մեծանայիք:

 

- Ցանկանում էի սիրված լինել:

 

- Ո՞րն է ամենավատ բանը, ինչ-որ մեկը ձեզ երբեւէ ասել է:

 

- Ես տարիներով մեդիտացիա եմ արել՝ ազատվելով այսպիսի բաներից եւ կարծում եմ դա ինձ հաջողվել է:

 

- Ձեր ո՞ր հաճույքի համար եք մեղավոր զգում:

 

- Ես հաճույքի համար ինձ մեղավոր չեմ զգում:

 

- Ի՞նչ եք պարտական ձեր ծնողներին:

 

- Շատ երախտագիտություն: Նրանք միշտ իմ կողքին էին: Երբեմն նրանք չգիտեին, թե ինչպես օգնել կամ ինչ անել, բայց նրանք միշտ անում էին ամենը, ինչը կարող էին, նույնիսկ երբ ես երիտասարդ էի եւ շատ կեղտ էի շպրտում նրանց ուղղությամբ:

 

- Ո՞րն է ամենավատ աշխատանքը, որ երբեւէ արել եք:

 

- Երբ 16 տարեկան էի, ամառային արձակուրդի ժամանակ աշխատում էի արդյունաբերական փականներ արտադրող գործարանում: Ես շատ ավելի վատ արդյունաբերական փական արտադրող էի, քան պատմաբան:

 

- Ո՞րն է եղել ձեր ամենամեծ հիասթափությունը:

 

- Որ ես դեռ չեմ հասկանում կյանքը: Երբ երիտասարդ էի, կարծում էի, որ ինչ-որ պահի կգտնեմ մեկին, ով հասկանում է: Ես 45 տարեկան եմ, եւ մեծ է հավանականությունը, որ երբեք չեմ հանդիպի նման մեկին:

 

- Ե՞րբ եք վերջին անգամ լացել եւ ինչու՞:

 

- Մի երկու տարի առաջ, երբ իմ շունը սատկեց։ Մենք Հունաստան էինք մեկնել արձակուրդին, եւ մեր ընկերներից մեկը խնամում էր նրան տանը, բայց նրան խայթեց օձը: Մենք շտապեցինք տուն, բայց մի քանի ժամով ուշացանք։

 

- Ե՞րբ եք վերջին անգամ փոխել ձեր կարծիքը որեւէ կարեւոր բանի մասին:

 

- Այս տարի՝ Covid-ի հետ կապված: Ես մեծապես հավատում եմ հիմնական խնդիրների շուրջ գլոբալ համագործակցության անհրաժեշտությանը, եւ դիտելով աշխարհը անցած տարվա ընթացքում, ես հասկացա, որ դա շատ, շատ ավելի դժվար է լինելու, քան կարծում էի, եւ գուցե նույնիսկ անհնար:

 

- Ե՞րբ եք մահվան շեմին առավել մոտ եղել:

 

- Երբ 13 տարեկան էի, քիչ էր մնում ավտոբուսի տակ ընկնեի: Իսկ 1991-ին, Ծոցի պատերազմի ժամանակ, իրաքյան հրթիռն ընկավ մեր տանից ոչ հեռու:

 

- Ո՞րն է ձեր կյանքի ամենակարեւոր դասը:

 

- Որ ամեն ինչ փոխվում է, մարդիկ երբեք բավարարված չեն, եւ բոլոր ինքնությունները հորինված են:

 

- Ի՞նչ է տեղի ունենում, երբ մահանում ենք:

 

- Ես բավականին շատ եմ գրել այդ մասին։ Կարծում եմ, որ գիտակցությունը մնայուն էություն չէ, բայց մենք ունենք այն զգացողությունը, որ դա այդպես է՝ որ գիտակցությունը հիմա նույնն է, ինչ մեկ րոպե առաջ էր, կամ մեկ օր առաջ եւ մեկ տարի առաջ, բայց իրականում ամենեւին էլ պարզ չէ, թե ինչն է իսկապես կապում մի պահի գիտակցությունը մյուս պահի գիտակցության հետ: Եթե մենք կարողանայինք դա հասկանալ, կհասկանայինք նաեւ, թե ինչ է տեղի ունենում, երբ մահանում ենք։ Ես դա, իհարկե, չեմ հասկանում, այնպես որ՝ չգիտեմ:

 

- Մեզ մի գաղտնիք ասեք:

 

- Աշխարհը կառավարող մարդիկ այն չեն հասկանում:

 

Կարդացեք նաեւ.

 

Յուվալ Նոյ Հարարի. Աշխարհը կորոնավիրուսից հետո

 

«Հնարավոր է՝ մենք Homo Sapiens-ի վերջին սերունդներից մեկն ենք»

 

Յուվալ Նոյ Հարարի. Մենք այս վարակից ուժեղ ենք

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին