Յուվալ Նոյ Հարարի. Մենք այս վարակից ուժեղ ենք - Mediamax.am

exclusive
3097 դիտում

Յուվալ Նոյ Հարարի. Մենք այս վարակից ուժեղ ենք


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Իսրայելացի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» եւ «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին առցանց դասախոսություն է կարդացել Synergy Global նախագծի շրջանակներում ՝ COVID-19-ի համավարակի հարուցած դժվարությունների եւ մարդկության առջեւ բացվող նոր հնարավորությունների մասին:

 

Ոչինչ կանխորոշված չէ

 

Նախևառաջ, պետք է հիշել հետեւյալը. ոչինչ կանխորոշված չէ: Մենք չգիտենք, ինչ կկատարվի մեզ հետ 5 կամ 20 տարի հետո, քանի որ ապագան դեռ չի գրվել: Ամեն ինչ կախված է այն ընտրությունից, որն այսօր ենք կատարում: Հատկապես կարեւոր է այն ընտրությունը, որը մենք կկատարենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Ի՞նչ ենք ընտրելու` մրցակցություն թե՞ համագործակցություն, տոտալիտարիզմ թե՞ ժողովրդավարություն:

 

Երկրները կարող են միմյանց դեմ մրցել հանուն բժշկական ռեսուրսների, կարող են մեղադրել միմյանց՝ դիմելով դավադրության տեսություններին եւ փնտրելով համավարակի մեղավորներին: Ինչպիսի՞ն կլինի աշխարհը այդ ժամանակ: Այն կլինի ավելի աղքատ եւ ագրեսիվ: Բայց երկրները կարող են գնալ փոխգործակցության ճանապարհով. կիսվել տվյալներով, համագործակցել պատվաստանյութի եւ դեղերի մշակման շրջանակներում եւ միահամուռ ուժերով վերահսկել տնտեսական գործընթացները: Այսկերպ մեզ համար ավելի հեշտ կլինի հաղթահարել ներկայիս ճգնաժամը:

 

Մեկուսացված ամրոցների աշխարհը

 

Վարակները փոխակերպվում են. Չինաստանում առկա վարակը չի կարող հուշել ԱՄՆ-ում տարածվող վարակին, թե որն է մարդկանց սպանելու լավագույն միջոցը: Բայց Չինաստանից մի բժիշկ կարող է մեկ այլ երկրի բժշկի ուղղորդել բուժման գործընթացը կազմակերպելու հարցում: Մենք ավելի ուժեղ ենք, քան այս վարակը, բայց միայն այն դեպքում, եթե համագործակցենք:

 

Ոմանց թվում է, որ համավարակից պաշտպանվելու լավագույն միջոցը սահմանները փակելն է, ինչպես նաեւ շփումները սահմանափակումը եւ յուրաքանչյուր երկիր մեկուսացված ամրոցի վերածելը: Արդյունքում, երբ համավարակն ավարտվի, կունենանք մեկուսացված ամրոցների աշխարհ: Արդյո՞ք սա լավ լուծում է: Որպես պատմաբան կարող եմ ասել, որ մեկուսացումը միշտ էլ անարդյունավետ է եղել: Այն մեզ չի պաշտպանի համաճարակներից: Դրանց դեմ լավագույն միջոցը՝ տեղեկատվության փոխանակումն ու գիտնականների համագործակցությունն է:

Լուսանկարը` REUTERS

Ավտորիտար ռեժիմ vs ժողովրդավարություն

 

Ավտորիտար ռեժիմի եւ ժողովրդավարության միջեւ կատարած ընտրությունը նույնպես կարեւոր է: Ոմանք կարծում են, որ ներկայումս մեզ բոլորիս անհրաժեշտ է ավտորիտար ռեժիմ, քանի որ ճգնաժամային ժամանակաշրջանում ավտորիտար ռեժիմներն արդյունավետ են դարձել: Այս ընտրության օգտին հնչող ամենատարածված փաստարկը Չինաստանի օրինակն է, որը ավտորիտար ռեժիմի շնորհիվ կարողացավ հաղթահարել համավարակը: Կա նաեւ ավտորիտար Իրանի օրինակը, որը COVID-19- ի դեմ պայքարում չկարողացավ արդյունավետ լինել:

 

Աղետալի սկզբունքը

 

Ավտորիտար ռեժիմները ունեն մեկ մեծ առավելություն. դրանք կարող են ավելի արագ որոշումներ կայացնել, քանի որ իշխանության բուրգի գագաթին միայն մեկ մարդ է կանգնած: Այնուամենայնիվ, ճգնաժամերի ընթացքում դրսեւորվում են ավտորիտար ռեժիմի մի շարք թերություններ: Նախ, տեղեկատվության տարածումը, որպես կանոն, սահմանափակվում է: Հզոր ավտորիտար առաջնորդի ենթակաները վախենում են պատժվել եւ, հետեւաբար, թաքցնում են վատ լուրերը եւ երբեք չեն վիճում նրա հետ:

 

Ժողովրդավարական երկրներում նման երեւույթները շատ ավելի քիչ են տարածված: Նույնիսկ եթե ենթակաները վախենում են վատ նորություններ հաղորդել նախագահին, այդ նորությունները վաղ թե ուշ հայտնի են դառնում`շնորհիվ լրագրողների: Ավտորիտար ռեժիմները նաեւ դժկամորեն են ընդունում եւ ուղղում իրենց սխալները: Եթե իշխանությունները առաջնորդվում են «մեր առաջնորդը երբեք չի սխալվում» սկզբունքով, ապա դա աղետ ստեղծելու ճիշտ «բաղադրատոմսն» է: Այդ սկզբունքը ենթադրում է, որ իշխանություններն զուրկ են սխալներ ընդունելու ունակությունից, եւ սխալների համար պետք է պետք է պատասխանատվություն կրի, օրինակ, ներքին դավաճանը կամ արտաքին թշնամին:

Լուսանկարը` REUTERS

Իրական վտանգները

 

Բնակչության մոտիվացիան չափազանց կարեւոր է: Օրինակ ՝ ստեղծված իրավիճակում մարդիկ պետք է ավելի հաճախ լվանան իրենց ձեռքերը: Ինչպե՞ս դա անել: Դուք կարող եք ամենուր տեսախցիկներ տեղադրել եւ կարգադրել ոստիկանությանը վերահսկել այս պահանջի կատարումը կամ պարզապես կարող եք բացատրել այդ պահանջի  կարեւորությունը: Եվ նրանք, ովքեր հասկանում են ձեռքերը օճառով լվանալու դերը վարակի դեմ պայքարելու գործում, կանեն դա, նույնիսկ եթե ոստիկանությունը նրանց չի վերահսկում: Այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է:

 

Այժմ գլխավոր վտանգը ոչ թե վարակն է, այլ մարդկությանը բնորոշ խնդիրները. տգիտությունը, ագրեսիվ պահվածքը, իրականության մերժումը, փոքրամասնությունների եւ օտարերկրացիների հանդեպ ատելությունը, թշնամիների որոնումը, դավադրության տեսություններին հավատալու միտումը: Ես չէի ցանկանա, որպեսզի արդյունքում մենք ապրենք ավելի վտանգավոր եւ դաժան աշխարհում: Մենք պետք է շարժվենք իմաստության, կարեկցանքի եւ լուսավորության ուղով: Այն կօգնի մեզ ընթացիկ եւ հետագա ճգնաժամերի դեմ պայքարում եւ թույլ կտա դարձնել աշխարհն ավելի լավը, քան համավարակից առաջ:

 

Պատրաստել է Սոնա Միրզոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին