«Հնարավոր է՝ մենք Homo Sapiens-ի վերջին սերունդներից մեկն ենք» - Mediamax.am

28554 դիտում

«Հնարավոր է՝ մենք Homo Sapiens-ի վերջին սերունդներից մեկն ենք»


Յուվալ Նոյ Հարարին
Յուվալ Նոյ Հարարին

Լուսանկարը` Ted.com

Յուվալ Նոյ Հարարիի Homo Deus գիրքը
Յուվալ Նոյ Հարարիի Homo Deus գիրքը
Յուվալ Նոյ Հարարին
Յուվալ Նոյ Հարարին

Լուսանկարը` Charlie Sirbey

Յուվալ Նոյ Հարարին
Յուվալ Նոյ Հարարին

Լուսանկարը` Յուվալ Նոյ Հարարիի պաշտոնական կայք

Յուվալ Նոյ Հարարիի Sapiens գիրքը
Յուվալ Նոյ Հարարիի Sapiens գիրքը

Հունվարի 23-26-ն անցկացված Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունեցավ իսրայելացի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը» եւ «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին: #Буквы կայքը հրապարակել է պատմաբանի ելույթի տեքստը, որի առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Աշխատանքի մասին

 

Պատմության ընթացքում աշխատանքի ընկալումը բազմիցս փոխվել է: Բավական երկար ժամանակ (կարելի է ասել, պատմության մեծ մասի ընթացքում) մարդիկ ընդհանրապես չէին աշխատում՝ նրանք գոյատեւում էին: Այսինքն, աշխատանքի բուն գաղափարը, որ ես արթնանում եմ, ժամը 8:00-ին գնում աշխատանքի, որտեղ լինում եմ մինչեւ 17:00-ը, ժամանակակից հասկացություն է: Մեր նախնիները՝ որսորդությամբ եւ հավաքչությամբ զբաղվողները, մի քանի հարյուր հազար տարի ապրում էին առանց աշխատանքի: Աշխատանքը կորցնելու անհանգստությունը նույնպես համեմատաբար նոր ֆենոմեն/երեւույթ է: Վերջին դարերի արդյունաբերական հեղափոխությունների ընթացքում մարդիկ անընդհատ վախենում էին, որ մեքենաներն առաջնային դեր կստանձնեն, իսկ իրենք կդառնան ոչ պիտանի: Թերեւս, այս հարցում, կարծում եմ՝ նրանք կարող են ճիշտ լինել:

Յուվալ Նոյ Հարարիի Homo Deus գիրքը Յուվալ Նոյ Հարարիի Homo Deus գիրքը

 

Այժմ մարդիկ առնչվում են շահագործումից ավելից սարսափելի երևույթի՝ սեփական անձի ոչ պիտանի լինելու հետ: Երբ քեզ շահագործում են, դու, առնվազն, գիտես, որ կարեւոր ես, որ մեկ ուրիշը չի կարող քո փոխարեն աշխատել: Այստեղից էլ ծագում է անհանգստության առաջացման առաջին խնդիրը: Կարծում եմ՝ նոր մասնագիտություններ, այնուամենայնիվ, կհայտնվեն: Հարցն այն է, թե արդյոք մարդիկ կարող են իրենց «վերափոխել», որպեսզի զբաղեցնեն այդ թափուր աշխատատեղերը: Սեփական անձն անհրաժեշտ է «վերարտադրել» 10 տարին մեկ, քանի որ մենք վերապրում ենք ոչ թե մեկ, այլ մի ամբողջ շարք տեխնոլոգիական հեղափոխություններ: Սեփական անձին 20 տարեկանում վերափոխելը մեկ բան է, սակայն ավելի ուշ՝ 30,40, 50 տարեկանում, արդեն շատ դժվար է: Սա նույնպես ուժեղացնում է մեր անհանգստությունը:

 

Աշխատանքի իմաստի ճգնաժամ

 

Աշխատաշուկայի ապագայի մասին զրուցելիս չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնում ռոբոտացմանը: Նույնքան ուշադրություն անհրաժեշտ է դարձնել կենսատեխնոլոգիաներին: Մի շարք նոր ծառայություններ կապված են լինելու մարդկային հույզերի ընկալման հետ: Նույնիսկ անօդաչու մեքենաները պետք է հասկանան հետիոտների պահվածքը: Եվ սա հատկապես ակտուալ կդառնա, եթե մեքենաները փոխարինեն բանկիրներին կամ սոցիալական աշխատողներին:

 

Եթե իրերին մի փոքր այլ կերպ նայենք, պարզ կդառնա, որ հարկավոր է պաշտպանել ոչ թե մասնագիտությունները, այլ մարդկանց: Կարելի է հրաժարվել մասնագիտությունների մի մասից՝ դրանց ոչ պիտանի լինելու պատճառով, դրանք չարժե պահպանել: Ո՞վ է ցանկանում ամբողջ կյանքում գանձապահ աշխատել: Մենք պետք է մտածենք մարդկանց, այլ ոչ թե մասնագիտությունների մասին: Այս դեպքում մեզ մոտ ոչ թե զբաղվածության, այլ աշխատանքի իմաստի ճգնաժամ է:

 

Էմոցիոնալ կայունություն

 

Լավագույն խորհուրդը, որ կարող եմ տալ՝ շե՛շտը դրեք սեփական հարմարվողականության վրա: Բոլոր ձեր ներդրումները, որոնք կապված են այս կամ այն հմտությունը (օրինակ՝ ծրագրավորում) սովորելու հետ, նման են վիճակախաղի: Դուք հաստատ չգիտեք, արդյոք ձեզ անհրաժեշտ կլինի այս կամ այն հմտությունը, սակայն քաոսի պայմաններում ձեզ վստահաբար պետք կգան էմոցիոնալ կայունությունն ու այս փոփոխություններին դիմակայելու ունակությունը: Ըստ էության, սա շատ դժվար է: Ես չգիտեմ որեւէ համալսարան, որտեղ սա սովորեցնում են:

 

Մարդկության ապագայի մասին

 

Հնարավոր է՝ մենք Homo Sapiens-ի վերջին սերունդներից մեկն ենք: Մեկ կամ երկու դար հետո Երկրի վրա կբնակվեն օրգանիզմներ, որոնք նույնքան շատ են տարբերվելու մեզնից, որքան մենք նեանդերտալացիներից կամ շիմպանզեներից: Մեր հաջորդ սերունդները կսովորեն փոխակերպել մարմինն ու ուղեղը, եւ սա կդառնա 21-րդ դարի տնտեսության գլխավոր պրոդուկտը:

Յուվալ Նոյ Հարարիի Sapiens գիրքը Յուվալ Նոյ Հարարիի Sapiens գիրքը

 

Ինչպիսի՞ տեսք կունենան մոլորակի ապագա տերերը: Սա կորոշեն նրանք, ովքեր կտնօրինեն տեղեկատվությունը: Մոլորակի վրա կյանքը կվերահսկեն նրանք, ովքեր կտիրապետեն այդ տեղեկատվությանը: Տեղեկատվությունն աշխարհում ամենակարեւոր ակտիվն է: Դա ո՛չ հողն է, ինչպես նախկինում էր, ո՛չ էլ արդյունաբերական սարքավորումներն են, ինչպես վերջին մի քանի դարերի ընթացքում էր: Ի՞նչ կկատարվի, եթե չափազանց մեծ քանակությամբ տեղեկատվություն կենտրոնացվի մի քանի ընտրյալների ձեռքում: Մարդկությունը կբաժանվի, սակայն ոչ թե դասերի, այլ տարբեր տեսակների:

 

Էակներ, որոնք մարդկանցից լավը կլինեն

 

Տեղեկատվությունն այնքան կարեւոր է, որ մենք հասել ենք մի կետի, երբ կարող ենք «կոտրել» ոչ միայն համակարգիչները, այլեւ մարդու օրգանիզմը: Դրա համար հարկավոր է երկու բան՝ մեծ հաշվողական հզորություն եւ կենսաչափական տվյալների խոշոր բազա: Մեկուկես դար տեւած կենսաբանական հետազոտությունները կարելի է ամփոփել երեք բառով՝ օրգանիզմներն ալգորիթմներ են: Եվ այժմ մենք սովորում ենք վերծանել այդ ալգորիթմները:

Յուվալ Նոյ Հարարին Յուվալ Նոյ Հարարին

Լուսանկարը` Charlie Sirbey

Հնարավոր է՝ երկու հեղափոխությունների համար ամենակարեւոր ձեռքբերումը դառնա կենսաչափական սենսորն է, որը մեր մարմնի եւ ուղեղի մեջ տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացները վերածում է էլեկտրոնային ազդանշանների, որոնք կարելի է վերլուծել համակարգչի օգնությամբ: Վերծանելով այդ ալգորիթմերը՝ հնարավոր է ստեղծել էակներ, որոնք մարդկանցից լավը կլինեն: Սակայն, անկեղծ ասած, գաղափար չունեմ, թե ինչպես են այդ արարածները հետագայում կիրառելու այս տեխնոլոգիաները:

 

«Թվային բռնապետության» մասին

 

Երբ մենք ունենանք ալգորիթմներ, որոնք կարող են մեզ ավելի լավ հասկանալ, քան ինքներս մեզ, դրանք կկարողանան գուշակել մեր ցանկությունները, շահարկել մեր զգացմունքները եւ նույնիսկ մեր փոխարեն որոշումներ կայացնել: Եթե զգուշավորություն չդրսեւորենք, կգա թվային դիկտատուրայի ժամանակաշրջանը: XX դարում բռնապետությունը փոխարինվեց ժողովրդավարությամբ, քանի որ տվյալների մշակման եւ որոշումների կայացման տեսանկյունից այն ավելի լավն էր: Ժողովրդավարությունը տեղաբաշխում է տեղեկատվությունը եւ կառույցներին ու մարդկանց որոշումներ կայացնելու իրավունք վերապահում: Բռնապետությունը կենտրոնացնում է ամբողջ տեղեկատվությունը եւ որոշումների կայացումը մեկ զույգ ձեռքերում: Առաջին մոդելն ավելի արդյունավետ էր գործում, այդ իսկ պատճառով, օրինակ, ամերիկյան տնտեսությունը գերազանցում էր խորհրդայինին:

 

Սակայն XXI դարում կենսատեխնոլոգիական հեղափոխությունը չի կարող հակառակ ուղղությամբ շարժել ճոճանիվը՝ տեղեկատվության կենտրոնացված տեղաբաշխումը կարող է շատ ավելի արդյունավետ դառնալ: Եթե ժողովրդավարությունը չընտելանա նոր պայմաններին, նոր մարդիկ կապրեն թվային բռնապետության պայմաններում: Վերցնենք, օրինակ, Հյուսիսային Կորեան. մարդիկ այնտեղ, օրինակ, կկրեն կենսաչափական թեւնոցներ: Երբ մարդը մուտք գործի սենյակ եւ տեսնի հերթական մեծ առաջնորդի նկարը, թեւնոցը կկարդա նրա զգացմունքները, ճնշումը եւ կփոխանցի տվյալները համապատասխան կառույցներին. այսպիսի տեսք կունենա թվային բռնապետությունը:

Յուվալ Նոյ Հարարին Յուվալ Նոյ Հարարին

Լուսանկարը` Յուվալ Նոյ Հարարիի պաշտոնական կայք

Տեղեկատվության վերահսկումը թույլ կտա համաշխարհային վերնախավերին թվային բռնապետությունից ավելի արմատական բան նախաձեռնել: «Կոտրելով» օրգանիզմները, վերնախավերին կհաջողվի վերափոխել կյանքի ապագան: Եվ դա կլինի ոչ միայն մարդկության, այլեւ Երկիր մոլորակի բոլոր կենդանի էակների ամենահզոր  հեղափոխությունը: 4 մլրդ տարվա ընթացքում Երկրի վրա կյանքի գոյության կանոնները փոխվել են, բոլոր կենդանի արարածները ենթարկվում էին բնական ընտրության եւ օրգանական կենսաքիմիայի կանոններին: Սակայն հիմա գիտությունը փոխարինում է բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիան բանական մտահղացման միջոցով ընթացող էվոլյուցիայով: Ոչ թե աստվածային, այլ մարդկային մտահղացմամբ: Եթե չկարգավորենք այս հարցը, մարդկանց մի փոքր խումբը՝ վերնախավը, կստանա դրա հասանելիությունը եւ կորոշի կյանքի ապագան Երկրի վրա:

 

Մարդկանց մեծ մասն ընդհանրապես չի գիտակցում, ինչ է կատարվում եւ ինչ է դրված սեղանին: Շատ կառավարություններ (բացառությամբ Չինաստանի կառավարությանը՝ այնտեղ հաստատ ամեն ինչ հասկանում են) նույնպես ժխտում են այս ամենը, ասելով՝ մենք ավելի կարեւոր գործեր ունենք: Եվ սա շատ վտանգավոր է: Որպես պատմաբան՝ ես ձգտում եմ հնարավորինս մեծ թվով մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվում աշխարհում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ մասնակցեն մեր համընդհանուր ապագայի քննարկմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին