«Եթե ամեն օր նոր բան սովորես, կմնաս երիտասարդ»,- ասել է նախագահը - Mediamax.am

5057 դիտում

«Եթե ամեն օր նոր բան սովորես, կմնաս երիտասարդ»,- ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող «Աբու Դաբի կայուն զարգացման շաբաթ» ամենամյա ֆորումի «Ապագայի գագաթնաժողով»-ին մասնակցել է ոչ միայն որպես երկրի ղեկավար, այլեւ՝ հիմնական բանախոս:

Նախագահին ուղեկցող՝ Մեդիամաքսի թղթակիցը հետեւել է նրա ելույթին եւ առանձնացրել առավել ուշագրավ հատվածները:

 

Մոխրագույնից դեպի կանաչ ապագա

 

Բոլորը խոսում են կլիմայական փոփոխությունների մասին։ Մենք պետք է շատ զգուշավոր լինենք՝ քննարկելու ոչ թե կլիմայական փոփոխությունները, այլեւ դրա ազդեցությունը բնության վրա։ Լավագույն օրինակ է ատոմային էներգիան։ Թեպետ դրա ազդեցությունը կլիմայի վրա նվազագույն է, սակայն այն ստեղծում է ատոմային վառելիք, ատոմային թափոններ, ինչի հետ պետք է հաշվի նստենք։ Մենք օգտագործում ենք ստեղծվող ատոմային վառելիքի միայն մի փոքր մասը։ Պետք է այն չեզոքացնենք կամ պահեստավորենք ապագա սերունդների համար։

 

Մոխրագույնից կանաչ, պայծառ ապագա տանող ճանապարհին մեծ աշխատանք կա անելու։ Մենք ունենք վերականգնվող էներգիայի մեծ հնարավորություններ, սակայն անգամ դրա օգտագործման դեպքում՝ պետք է շատ զգուշավոր լինենք՝ չվնասելու բնությունը։

 

Գլոբալիզացիա՝ քվանտային մակարդակով

 

Մարդիկ այսօր խոսում են այն մասին, որ գլոբալիզացիան կանգ է առնում, սակայն գլոբալիզացիան կանգ չի առնում եւ չի առնի մի պարզ պատճառով։ Այն սկսվել է որպես մակրո գործընթաց, սակայն շատ հեռու է գնացել ու դարձել միկրո գլոբալիզացիա։ Ես սա անվանում եմ գլոբալիզացիա՝ քվանտային մակարդակով։

 

Եթե նույնիսկ դնենք որոշակի սահմանափակումներ, մենք չենք կարողանա կանգնեցնել գաղափարների, ստարտափների հոսքը, որն արդյունաբերության նոր շարժիչ ուժն է։ Համաշխարհային քվանտային գլոբալիզացիան անհնար է կանգնեցնել։

 

Արհեստական բանականությունը՝ ինդուստրիալ հեղափոխության ուղեղ

 

Ներկայում արագացել են բնական գիտությունների ոլորտում մեր նվաճումները, եւ դրա հիմքում ընկած է արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը կօգնի ավելի խորը հասկանալ մեր ԴՆԹ-ն, ինչպես նաեւ վերափոխել այն այնպես, որ մենք ապրենք ավելի երկար ու առողջ, հաղթահարենք այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է քաղցկեղը։ Պատահական չէ, որ նախորդ տարի բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը տրվել է երկու անձի, որոնք քաղցկեղի որոշ տեսակների հաղթահարման լուծումներ են գտել:

 

Արմեն Սարգսյանը «Ապագայի քաղաք» հիմնելու գաղափար ունի

Արհեստական բանականությունը դառնում է ինդուստրիալ հեղափոխության ուղեղը։

 

Ուզում եմ արձանագրել մի կարեւոր բան՝ չկա չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն: Այն, ինչին առերեսվում ենք այսօր, եւ այն, ինչին երիտասարդ սերունդն առերեսվելու է վաղը, մշտական հեղափոխություն է, որը տեղի է ունենալու ամեն օր։ Դրա հիմքում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հսկայական գիտելիքներն են, սակայն լոկոմոտիվն արհեստական բանականությունն է։

 

Այն երկրները կամ ընկերությունները, որոնք ներդրումներ են անում արհեստական բանականության գործում, ճիշտ ուղու վրա են, քանի որ արհեստական բանականությունը՝ մեր ունեցած գիտելիքների հետ, դրամատիկորեն փոխելու են այս աշխարհը, ինչպես նաեւ մեր խնդիրների հաղթահարման ձեւերը:

 

Սրընթաց էվոլյուցիա

 

Մենք ապրում ենք ոչ թե մեծ ինդուստրիալ ընկերությունների ժամանակաշրջանում, այլ մի դարում, որտեղ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը։ Նայեք աշխարհի խոշորագույն ընկերություններին։ Դրանք խոշոր նավթային ընկերությունները չեն, այլ այն ընկերությունները, որոնք ստեղծվել են ավտոտնակներում՝ երիտասարդների կողմից՝ վերածվելով միլիարդավոր դոլարներ արժեցող եւ աշխարհը ղեկավարող ընկերությունների։ Մեր խնդիրների լուծումներ կապված են լինելու ինդուստրիալ հեղափոխության նոր ձեւերի հետ։ Ես այն անվանում եմ սրընթաց էվոլյուցիա։

 

Երիտասարդ մնալու բանաձեւերի մասին

 

Եթե ես խորհուրդ տալու լինեի իմ թոռնիկին, որի անունը եւս Արմեն է, կասեի՝ սիրելի՛ Արմեն, ես չեմ պատրաստվում քեզ խորհուրդ տալ դառնալ բժիշկ, իրավաբան կամ ֆերմեր։ Առաջին հերթին նայի՛ր քո ներսը: Ամեն երեխա ունի տաղանդ:  Գլխավորն այն չէ՝ ինչ դառնալ, այլ հասկանալ՝ ով ես դու:

 

Երկրորդ խորհուրդը՝ գտի՛ր քո կյանքի առաքելությունը. առաքելությունը, ոչ թե՝ աշխատանքը: Այն առաքելությունը, որը կյանքիդ տարերքն է։ Դա քո մի մասն է եւ այս երկուսը պետք է ներդաշնակ լինեն։

 

Երրորդը՝ մտածի՛ր քո կյանքի մասին 21-րդ դարում, մտածի՛ր քո կյանքի մասին՝ որպես ստարտափի։ Դու պետք է ստեղծես քո սեփական ստարտափը, որը կոչվում է «Ստարտափ Արմեն»։ Կերտի՛ր ինքդ քեզ որպես պրոֆեսիոնալ, մեկը, որն ունի ստեղծելու կարողություն։ Իհարկե, մի՛ մոռացիր, որ դա դժվարին աշխատանք է, պետք է ջանասիրաբար գործես, մի՛ մոռացիր, որ կան պատմական արժեքներ, քո ժողովրդի ու ընտանիքի արժեքները, եւ մի՛ մոռացիր, որ որեւէ բանի հասնելու համար պետք է ամբողջ կյանքում երիտասարդ մնաս։

 

Հիշի՛ր, որ երիտասարդ լինելը կապված է ոչ թե այս մոլորակում անցկացրած տարիների, այլ հոգու երիտասարդության հետ: Եթե ամեն օր որեւէ նոր բան սովորես, ինչպես երեխաները, ապա կլինես երիտասարդ։ Անգամ եթե ութսուն տարեկան ես, սակայն շարունակում ես սովորել, զարմանալ աշխարհի վրա, կազմել ապագայի ծրագրեր, ուրեմն երիտասարդ ես։

 

Իհարկե, քո կյանքում ունենալու ես դժվարություններ, սակայն պետք է լինես խիզախ։ Քո հաջողությանը հաջորդող ամեն օրվա հետ պետք է ապացուցես, որ արժանի ես նրան, ինչին հասել ես։ Ամեն ձախողում, հիասթափություն դեպրեսիայի առիթ պետք է չլինի։ Ուղղակի կանգնի՛ր ու կրկի՛ն քայլիր։

 

Դու քո առջեւ ունես հրաշալի մի կյանք եւ այս նոր աշխարհը, որը քվանտային է։ Մի՛ անհանգստացիր, մի՛ վախեցիր, ինչպես չվախեցան գիտնականները հարյուր տարի առաջ։ Նրանք լուրջ դրամա, ողբերգություն էին ապրում, չէին հասկանում, թե ինչպես է գործում այս տիեզերքը, սակայն նրանք փոխեցին իրենց մոտեցումներն ու տրամաբանությունը, նրանք դարձան նորարարներ, սկսեցին Ֆիզիկայի աշխարհի մասին մտածել քվանտային կերպով, եւ ամեն բան դարձավ ներդաշնակ ու հստակ։

 

Նայի՛ր քո կյանքին, 21-րդ դարին, ինդուստրիային, բիզնեսին ու քաղաքականությանը նորարարի տեսանկյունից։ Վերաբացահայտի՛ր այս աշխարհը, տրամաբանությունը տարբեր է լինելու։ Այս աշխարհը քվանտային է, այն դասական չէ, սակայն եթե հասկանաս, թե ինչպես է այն գործում, դու կլինես ներդաշնակության մեջ ու կլինես հաջողակ։

 

Ինչ-որ առումով ես նախանձում եմ. կցանկանայի լինել 15-20 տարեկան, ձեզ պես, քանի որ կյանքը լի է լինելու մարտահրավերներով, սակայն լուծումներն այստեղ են (ձեռքով ցույց է տալիս միտքն ու սիրտը - հեղ.):

 

Լուսինե Ղարիբյան (Աբու Դաբի)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին