Նախագահը Աբու Դաբիում խոսել է «ֆեյսբուքի» հեղափոխության մասին - Mediamax.am

4518 դիտում

Նախագահը Աբու Դաբիում խոսել է «ֆեյսբուքի» հեղափոխության մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանի հրավերով հունվարի 14-ին մեկնարկել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հանդիպում թագաժառանգի հետ

 

Մեդիամաքսի հատուկ թղթակիցը Աբու Դաբիից հայտնում է, որ հենց թագաժառանգի հետ հանդիպումով էլ մեկնարկել է պաշտոնական այցը:

 

«Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված  ջերմ հարաբերությունները, ու մենք պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել եւ ընդլայնել»,-ասել է Արմեն Սարգսյանը։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հայաստանը եւ Արաբական Էմիրությունները փոխգործակցության մեծ ներուժ ունեն առեւտրատնտեսության ու  հատկապես՝ գյուղատնտեսության, ոսկերչության, ադամանդագործության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Այդ հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու նպատակով Արմեն Սարգսյանը Շեյխ Մուհամմադ բին Զայեդ  Ալ-Նահյանին առաջարկել է Հայաստան պատվիրակություն գործուղել:

 

Բանակցություններ պետնախարարի հետ

 

Առկա ներուժն օգտագործելու մասին նախագահը խոսել է նաեւ ԱՄԷ պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ հանդիպմանը:

 

«Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի նման հրաշալի երկրի հետ կարեւոր եւ ռազմավարական հարաբերություններ ձեւավորելու հստակ ցանկություն ունի: Հայաստանի նախագահի այցի ընթացքում մենք նախանշեցինք համագործակցության լայն շրջանակ, որը կհանգեցնի լավ արդյունքների եւ փոխշահավետ կլինի երկու երկրների համար»,- ասել է Սուլթան Ալ-Ջաբերը: 

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Ֆեյսբուքի» հեղափոխություն

 

Պաշտոնական հանդիպումներից բացի, Արմեն Սարգսյանը մասնակցում է նաեւ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որի ընթացքում ելույթ է ունենալու 21-րդ դարի գլոբալ ռիսկերի թեմայով:

 

Մինչ այդ, ավելի քան 4000 մասնակցի հյուրընկալած ֆորումի գալա-ընթրիքին Հայաստանի նախագահը խոսել է կայունության մասին՝ մեջբերումներ անելով իր հեղինակած «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» գրքից: Նա նշել է, որ 21-րդ դարը սրընթաց հեղափոխությունների ժամանակ է ոչ միայն գիտության, տեխնոլոգիաների, առեւտրի ոլորտներում, այլեւ ամենօրյա կյանքում:

 

«Եվ դրա օրինակը Հայաստանն է: Շուրջ մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, ես դարձա ՀՀ նախագահ: Դրանից առաջ երկրում արդեն սկսվել էր հեղափոխություն, այն սկսվել էր հինգ անձով, հետո նրանք դարձան  հարյուր, հինգ հարյուր, հազար, հինգ հազար: Երկու շաբաթվա ընթացքում մենք ունեինք հեղափոխություն, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ: Եւ այս ամենը կազմակերպված չէր, քաղաքական ուժը չէր, որ արեց, սա «ֆեյսբուքի» հեղափոխությունն էր, 21-րդ դարի հեղափոխությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին