Արմեն Սարգսյանը «Ապագայի քաղաք» հիմնելու գաղափար ունի - Mediamax.am

1997 դիտում

Արմեն Սարգսյանը «Ապագայի քաղաք» հիմնելու գաղափար ունի


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղեկցող լրագրողներն այսօր Մասդար հասան միկրոավտոբուսով, բայց առաջիկա տարիներին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում կառուցվող էկոքաղաքում կերթեւեկեն էլեկտրոմոբիլներով:

Աբու Դաբիում 2006 թվականից կառուցվող ապագայի քաղաքը՝ «Մասդար Սիթին», ամբողջությամբ հիմնված է վերականգնվող էներգետիկայի վրա, ածխաթթու գազերի արտանետումները հասցված են նվազագույնի, թափոնների վերամշակումը՝ առավելագույնի:  

 

Այսպես Արաբական Էմիրությունները ցանկանում է տնտեսապես անկախ լինել իր հիմնական հարստությունից՝ նավթից, ու էներգիայի նոր աղբյուրներ գտնել:

 

Աշխարհում եզակի էկոքաղաքի շինարարությունը նախատեսվում է ավարտել  2022 թվականին: Հիմնական բնակչությունից բացի ամեն օր այստեղ աշխատանքի են գալու հազարավոր մարդիկ: «Մասդար Սիթի»-ում ներկայացված են լինելու  հայտնի ընկերություններ, համալսարաններ:

 

«2008-ին բացված Մասդար համալսարանը զբաղվելու է քաղաքի բոլոր հետազոտություններով եւ զարգացումներով: Մասդարը փոքր քաղաք է, բայց այն նախատիպն է ապագայի մեծ քաղաքների»,- ասել է «Մասդար սիթիի» տնօրեն Յուսուֆ Ահմեդը:

 

Այսպիսի քաղաք հիմնելու գաղափար ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Իր տեսլականի մասին խոսելով՝ ասել է՝ այն պետք է չկրկնի Աբու Դաբիինը. 20-30 տարի առաջ պետք է նայենք: 

 

««Ապագայի քաղաք» կոչվածը մի քանի բաղադրիչ պետք է ունենա: Շատ կարեւոր բաղադրիչն ամենավերջին ժամանակակից տեխնոլոգիաներն են: Երկրորդ՝ տեսլականը, որը մեզ կտանի սրանից գոնե 30-40 տարի առաջ: Երրորդ՝ օգտագործենք մեր ժառանգությունը, այն փորձառությունը, որը կուտակել ենք տարիներով», -շրջայցից հետո լրագրողներին ասել է Արմեն Սարգսյանը:

 

Շրջայցի ավարտին նախագահին սպասվում էր եւս մեկ՝ արարողակարգով չնախատեսված հանդիպում: Մասդարի համալսարանի հայ ուսանողներ Արիկն ու Մարիան հայկական պատվիրակությանը հետեւում էին հեռվից, հետո որոշեցին մոտենալ:

 

Նախկինում քաղաքը 11, հիմա՝ 3 հայ ուսանող ունի: Մարիա Սահակյանն ավելի քան 4 տարի այստեղ արհեստական բանականություն է ուսումնասիրում: Կվերջացնի ուսումն ու կվերադառնա Հայաստան՝ սովորածը կիրառելու հույսով:

 

«Սա իրականում քաղաք չէ, այլ տարբեր մոտեցումների, գաղափարների համադրություն: Սա ե՛ւ քաղաք է , ե՛ւ գիտահետազոտական կրթական կենտրոն, միաժամանակ բիզնես է: Կառավարությունը տրամադրել է հողը եւ առաջին 10 տարվա ֆինանսավորում՝ շատ փոքր տոկոսով վարկեր: Բայց 10 տարի հետո «քաղաք» կոչվածը, որը նաեւ հիմնադրամ է, կարողանում է վերադարձնել այդ գումարը ու դառնալ ինքնաբավ:  Համագործակցելով՝ կարող ենք հայկական օրինակը ստեղծել, որը նույնը չի լինի, կլինի ավելի լավը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

Լուսինե Ղարիբյան (Աբու Դաբի)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին