Հաստատվեց, որ ռուսաստանցի զինծառայողը հետախուզվում է - Mediamax.am

8765 դիտում

Հաստատվեց, որ ռուսաստանցի զինծառայողը հետախուզվում է


Լուսանկարը` Guardian


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Գյումրիում սպանվել են Ավետիսյան ընտանիքի վեց անդամները:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է.

 

«Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

 

2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի:

 

Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:

 

Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ:

 

Հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

 

Մեկ այլ հաղորդագրությամբ Ոստիկանությունը հայտնել է.

 

«Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը: Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` հանցագործը փախուստի է դիմել, ամենայն հավանականությամբ, նա զինված է: Ռադիոկայանը հաղորդել է, որ դեպքի վայր է ժամանել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել «Պերմյակով» ազգանունը:

 

Մեդիամաքս-ն մեկնաբանություն ստանալու համար զանգահարել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայություն, որտեղ առաջարկել են գրավոր հարցում ուղարկել:

 

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչեւ 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են:

 

«Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում աարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տեւողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր», - ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին