Ալիեւը չի հերքում, որ տարածքային պահանջներ ունի Հայաստանի հանդեպ - Mediamax.am

4186 դիտում

Ալիեւը չի հերքում, որ տարածքային պահանջներ ունի Հայաստանի հանդեպ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ասել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Երեւանի՝ դրան անպատրաստ լինելը կարող է «մեծ սխալ» լինել:

«Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, այսինքն` պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը: Սակայն Հայաստանից պաշտոնական պատասխան չկա: Ոչ պաշտոնական ճանապարհներով մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ, դա կարող է եւս մեկ մեծ սխալ լինել: Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները եւ սկսեն աշխատանքներ սահմանազատման ուղղությամբ: Այժմ միջազգային կազմակերպությունները նույնպես դրական ազդակներ են ուղարկում սահմանազատման վերաբերյալ: Եթե Հայաստանը դա չի ուզում, իր գործն է: Բայց նա պետք է լավ մտածի, այլապես ուշ կլինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

 

Ալիեւը նշել է, որ հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ստեղծման մասին, որն ընդգրկում է Ղարաբաղի բոլոր շրջանները:

 

«Ստեղծվել է նաեւ Արեւելյան Զանգեզուր տնտեսական շրջանը: Հիմա այս թեմայով Հայաստանում հիստերիա է: Դա ավելորդ է, քանի որ Արեւելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է: Ինչպես եւ Արեւմտյան Զանգեզուրը: Մենք չենք կարող մոռանալ պատմությունը: Թող բացեն պատմական փաստաթղթերը, քարտեզները եւ տեսնեն, թե երբ է Խորհրդային Միության կառավարությունը Զանգեզուրը վերցրել Ադրբեջանից եւ փոխանցել Հայաստանին: Դա 101 տարի առաջ էր: Մենք ճշմարտությունն ենք ասում. ամբողջ Զանգեզուրը՝ Արեւելքը եւ Արեւմուտքը, մեր հողերն են: Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիեւը տարածքային պահանջներ է ներկայացնում: Այո, Արեւմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է: Ես ասացի, որ մենք կվերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ դեռ 10 տարի առաջ: Դա մեր նախնիների երկիրն է, մենք պետք է այնտեղ վերադառնանք եւ մենք կվերադառնանք ու վերադառնում ենք։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին