Փաշինյանը մեկնաբանել է Լաչինի միջանցքը բացելու Հաագայի դատարանի որոշումը - Mediamax.am

2438 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է Լաչինի միջանցքը բացելու Հաագայի դատարանի որոշումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի Լաչինի միջանցքը բացելու համար, հակառակ դեպքում միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը պետք է հանգեցնի միջազգային հետեւանքների:

Այս մասին նա ասել է այսօր կառավարության նիստում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումներին:

 

«Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է հանրությանը տարօրինակ թվալ այն իմաստով, որ փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ:

 

Սրանով համաշխարհային բարձրագույն դատական ատյանն արձանագրեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը:

Կարեւոր հանգամանք է նաեւ, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը, եւ հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա առանձնացրել է նաեւ, որ դատարանը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանի դիրքորոշումը, ըստ որի Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Արձանագրվեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղությամբ անխափան երթեւեկությունը, ինչպես նաեւ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

 

Դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է:

Հստակ արձանագրվեց նաեւ ԼՂ միավորի գոյությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջի մերժմանը, որով «Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատման համար», Փաշինյանը նկատել է.

 

«Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի՝ արդեն մի քանի ամիս միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները փլուզվեցին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին