Ալիեւ. Հայաստանի հետ բանակցությունները դադարեցվել էին 2019 թվականից - Mediamax.am

4955 դիտում

Ալիեւ. Հայաստանի հետ բանակցությունները դադարեցվել էին 2019 թվականից


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները դադարեցվել էին 2019 թվականից։

«2019 թվականից Հայաստանի նոր իշխանությունները սկսեցին անհեթեթ հայտարարություններ անել, որոնք փաստացի հանգեցրին բանակցությունների տապալմանը։ Օրինակ՝ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ»։ Նման հայտարարությունից հետո որեւէ բանակցությունների մասին խոսելն ավելորդ էր։ Սակայն Հայաստանի ղեկավարությունն ավելի հեռուն գնաց, սկսեց մեզ սպառնալ նոր պատերազմով՝ նոր տարածքների համար, եւ նոր օկուպացիայով»,- ասել է Ալիեւը՝ Շուշիում ելույթ ունենալով «Աշխարհի ադրբեջանցիների համագումարում»։

 

«2020 թվականի աշնանը մենք պայքարում էինք ոչ միայն Հայաստանի, միջազգային հայության դեմ, մենք կռվում էինք Հայաստանի հովանավորների դեմ եւ հաղթեցինք այս պատերազմում։ Ուստի այս պատերազմում հաղթանակը մեծ նշանակություն ունի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր կողմից առաջարկված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ներկայում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձեւավորմամբ։ Մոտ ապագայում անհրաժեշտ է սկսել կոնկրետ բանակցություններ, եւ դրանք չպետք է շատ երկար ընթանան, քանի որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա»,- ասել է Ալիեւը։

 

Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը։

 

«Ռեւանշիստական ուժերը, որոնք երբեմն գլուխ են բարձրացնում Հայաստանում, պետք է հասկանան, որ Հայաստանի համար դա միակ ելքն է, կարելի է ասել՝ միակ հնարավորությունը։ Եթե նրանք մերժեն այն, ուրեմն մենք էլ չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ պաշտոնապես կհայտարարենք այս մասին»,- ընդգծել է Ալիեւը։ Նա հավելել է, որ հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, հայկական կողմը պետք է հասկանա, թե «դա ինչի կարող է հանգեցնել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին